2024 թ. դեկտեմբերի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ՆԳՆ փրկարարական ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, ՓԾ մայոր Սարգիս Մարկոսյանի և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահ հերթափոխի ավագ հրահանգիչ Էդգար Քամալյանի հետ:

Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ Գ. Գուլակյանը և տարբեր մասնագիտությունների ուսանողներ: 

Հանդիպում-քննարկման ընթացքում Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները շնորհանդեսի ուղեկցությամբ ուսանողներին ներկայացրին, թե ինչ է երկրաշարժը, որոնք են դրա տեսակները (տեկտոնիկ, հրաբխային, փլուզումային), երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները:

Անդրադարձ կատարվեց 1963-1998 թթ. տեղի ունեցած, ինչպես նաև պատմական երկրաշարժերին, խոսվեց 1988 թ. ավերիչ երկրաշարժի, դրա ուժգնության, տևողության, Սպիտակի երկրաշարժի դասերի, կորուստների պատճառների և դրանց վերացման մասին:

Ուսանողներին բացատրվեցին «Արտակարգ իրավիճակ», «Աղետ» «Վտանգ», «Խոցելիություն», «Կարողություն», «Աղետի ռիսկ» հասկացությունները:     

Ներկայացվեց, թե ինչ պետք է անել երկրաշարժի ժամանակ և դրանից հետո՝ նյութական, մարդկային և բարոյահոգեբանական կորուստները նվազագույնի հասցնելու համար: 

Հանդիպում-քննարկման ընթացքում Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները նաև պատասխանեցին թեմայի շուրջ ուսանողների հղած հարցերին։ 

Վերջում ցուցադրվեց «Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ» խորագրով տեսանյութը։

Տեսանյութ
Video file
Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: