Սիրով տեղեկացնում ենք, որ արդեն ամփոփվել են 2024 թ. սեպտեմբերին մեկնարկած «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի արդյունքները, որոնց համաձայն՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ Սահակ Գուլակյանը և Նազելի Եսայանը հաղթող են ճանաչվել բնագիտական և հումանիտար գիտությունների ոլորտներում:
ԵՊՀ ԻՄ գիտական խորհուրդը երաշխավորել էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի առկա ուսուցման 4-րդ կուրսի ուսանողուհի Նազելի Եսայանին և Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Սահակ Գուլակյանին՝ մասնակցելու 2024 թ. «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթին:
Վերջինիս նպատակն է խրախուսել ՀՀ բուհերի՝ բարձր առաջադիմություն ունեցող և գիտահետազոտական, ստեղծագործական, ուսանողական ինքնակառավարման և սպորտի ասպարեզներում ակտիվ գործունեություն ծավալող ուսանողներին:
ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ ներբուհական և միջբուհական (հանրապետական), բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով` ըստ հետևյալ ոլորտների՝
- բնագիտական (այդ թվում՝ մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ),
- բժշկություն,
- հումանիտար գիտություններ,
- հասարակագիտություն,
- ճարտարագիտություն (այդ թվում` ճարտարապետական, գյուղատնտեսական),
- մշակույթ-սպորտ,
- հայագիտություն:
Մրցույթի առաջին (ներբուհական) փուլը կազմակերպում են բուհերը, երկրորդ (հանրապետական) փուլը՝ նախարարությունը: Մրցույթի երկրորդ փուլի մրցութային հանձնաժողովը մինչև դեկտեմբերի 10-ը յուրաքանչյուր ոլորտում որոշում է հաղթողներին (1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր)՝ հավաքած առավելագույն միավորների քանակի հիման վրա: Մրցույթի հաղթողները պարգևատրվում են հավաստագրերով և ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի սահմանած մեկանգամյա անվանական կրթաթոշակներով:
Մրցույթի արդյունքների համաձայն՝ ԵՊՀ ԻՄ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Սահակ Գեղամի Գուլակյանը ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2024 թ. մրցույթի երկրորդ փուլում՝ բնագիտական ոլորտում, գրավել է 1-ին տեղը՝ արժանանալով հավաստագրի և ՀՀ պետական բյուջեից հատկացված դրամական կրթաթոշակի:
ԵՊՀ ԻՄ «Ռուսաց լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Նազելի Գարիկի Եսայանը մրցույթի երկրորդ փուլում՝ հումանիտար գիտությունների ոլորտում, գրավել է 3-րդ տեղը՝ պարգևատրվելով հավաստագրով և կրթաթոշակով:
ԵՊՀ ԻՄ տնօրենության, ամբողջ անձնակազմի և ուսանողության անունից սիրով շնորհավորում ենք 2024 թ. «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում հաղթած մեր ուսանողներին և նրանց մաղթում շարունակական վերելքներ, մասնագիտական ու անձնական նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ, ամենայն բարիք:
Հիրավի, յուրաքանչյուր բուհի հարստությունը նրա ուսանողներն են, իրական գնահատականը` նրա շրջանավարտները. մենք հպարտանում և ուրախանում ենք մեր ուսանողների և շրջանավարտների մեծ ու փոքր հաջողություններով….