- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Տնօրենության նիստ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Նիստում քննարկվեցին դասապրոցեսին ուսանողների մասնակցությանը, հանրակրթական դպրոցներից ԵՊՀ ԻՄ դիմած դիմորդներին, առկա ուսուցման 2-րդ և հեռակա ուսուցման 1-ին ընթացիկ քննություններին և ստուգումներին, քննաշրջանի նախապատրաստմանը և անցկացմանը, հերթական ատեստավորման ենթակա և կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը և արդյունքներին, մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացին, ԵՊՀ ԻՄ-ից ուսանողների հեռացմանը վերաբերող հարցեր:
Առաջին հարցի մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ փոխտնօրեն Մ. Օթարյանը՝ մասնավորապես նշելով, որ 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակում առկա և հեռակա ուսուցման տարբեր կուրսերում (հատկապես առաջին և ավարտական) առկա են բացակայությունների թույլատրելի սահմանը հատած ոչ քիչ թվով ուսանողներ, որոնց հետ կազմակերպվել են հանդիպումներ, և բարելավման ուղղությամբ անցկացվել են խորհրդատվական ու բացատրական աշխատանքներ: Ցավոք, անհարգելի բացակայությունների պատճառով կան նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից հեռացման ենթակա ուսանողներ, որոնց Ուսումնամեթոդական վարչությունը կներկայացնի հաջորդիվ՝ ընթացիկ հարցի շրջանակում:
Դասապրոցեսին ուսանողների մասնակցության վիճակն առավել վերահսկելի դարձնելու և թույլատրելի սահմանի խախտումները կրճատելու նպատակով տնօրենի կողմից դեկաններին հանձնարարվեց շարունակել ուսանողների բացակայությունների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնել շաբաթվա կտրվածքով:
Հանրակրթական դպրոցներից ԵՊՀ ԻՄ դիմած դիմորդների վերաբերյալ (2024 թ.) հաղորդում ներկայացրեց ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության (ՊԿՇՀ) բաժնի վարիչ Լ. Բեգինյանը:
Նշվեց, որ 2024 թ․ ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզից Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքում դիմում-հայտ է լրացրել 731 դիմորդ (991 շրջանավարտ), որը կազմել է 2023-2024 ուստարվա շրջանավարտների 74%-ը: Մրցույթի հիմնական փուլում ընդունվել է հայտագրած դիմորդներից 509-ը (70%):
2024 թ. ընդունելության ընթացքում մասնաճյուղն ունեցել է 217 դիմորդ, որոնցից 212-ը եղել են Տավուշի մարզի շրջանավարտները (կազմել է Տավուշի մարզի դիմորդների 29%-ը): 5 դիմորդ դիմել է Գեղարքունիքի, Արարատի և Կոտայքի մարզերից: Սա նշանակում է, որ մասնաճյուղի դիմորդների հիմնական հոսքը կատարվել է Տավուշի մարզի դպրոցներից (կազմել է ընդհանուր դիմորդների 97.6%-ը): Ընդունելության մրցույթի արդյունքով ընդունվել է նրանցից 176-ը (81,1%):
Զեկուցողը վերջին չորս տարվա կտրվածքով ներկայացրեց ԵՊՀ ԻՄ դիմած դիմորդների թվի և ընդունելության մրցույթի արդյունքները՝ ըստ հանրակրթական դպրոցների:
Նշվեց, որ ՊԿՇՀ բաժինը յուրաքանչյուր տարի այցելություններ է կատարում Տավուշի մարզի գրեթե բոլոր և Գեղարքունիքի մարզի դպրոցներ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանցիներին ներկայացնում մասնաճյուղի գործունեությունը, ընդունելության մասնագիտությունները, կրթական ծրագրերն ու հնարավորությունները, քննարկում շրջանավարտների նախասիրությունները, կազմակերպում դասախոսություններ և ճանաչողական այցեր:
Տնօրենն ընդգծեց, որ դպրոցներից ԵՊՀ ԻՄ դիմորդների հոսքի ավելացման նպատակով անհրաժեշտ է հաճախակի և պարբերաբար իրականացվող տարբեր միջոցառումների («Բաց դռների օրեր», ճանաչողական այցեր, ակնարկային դասախոսություններ, ինտելեկտուալ խաղեր և այլն) միջոցով սերտացնել և ակտիվացնել համալսարանի կապը դիմորդների ինչպես մեծ, այնպես էլ փոքր հոսք գրանցած դպրոցների հետ:
2024-2025 ուստարվա առաջին կիսամյակի առկա ուսուցման 2-րդ ընթացիկ քննությունների և ստուգումների, հեռակա ուսուցման առաջին կիսամյակի 1-ին ընթացիկ քննությունների ընթացքի ու քննաշրջանի նախապատրաստման և անցկացման հարցի մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները և Ուսումնամեթոդական վարչության պետ Ա․ Դավթյանը: Մասնավորապես նշվեց, որ դրանք պատշաճ կարգով անցկացնելու համար իրականացվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ:
2024-25 ուստարվա I կիսամյակի առկա ուսուցման 2-րդ ընթացիկ քննությունները և ստուգումները, ըստ հաստատված ժամանակացույցի, կանցկացվեն 2024 թ. դեկտեմբերի 21-28-ն ընկած ժամանակահատվածում, իսկ քննաշրջանը՝ հունվարի 7-25-ը:
Այս ուստարվա I կիսամյակի hեռակա ուսուցման 1-ին ընթացիկ քննությունները և ստուգումները, ժամանակացույցի համաձայն, նախատեսված է իրականացնել 2024 թ. դեկտեմբերի 10-21-ն ընկած ժամանակահատվածում, 2-րդ ընթացիկ քննությունները և ստուգումները՝ 2025 թ. հունվարի 14-25-ը: 2024-25 ուստարվա I կիսամյակի հեռակա ուսուցման քննաշրջանը կանցկացվի 2025 թ. փետրվարի 4-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակամիջոցում:
Ամբիոններում քննարկումներից հետո ֆակուլտետների դեկանները հաստատման են ներկայացրել ընթացիկ ստուգումների և քննությունների կազմակերպման ժամանակացույցները, դրանք տեղադրվել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պաշտոնական կայքում, իրազեկվել են դասախոսները և ուսանողները: Կատարվել են նախապատրաստական այլ աշխատանքներ, որոնցից ելնելով՝ մասնաճյուղը պատրաստ է պատշաճ կերպով իրականացնելու 2024-25 ուստարվա 1-ին կիսամյակի քննաշրջանը:
Հերթական ատեստավորման ենթակա և կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպման և արդյունքների մասին զեկուցեց Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի մասնագետ Ա. Մկրտումյանը: Նշվեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ԿԲԴՎ բաժնի կողմից մշակված «Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների» և «Կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների» վերապատրաստումների ծրագրերը ս.թ. հուլիսին ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն: ԿԳՄՍ նախարարի՝ 2024 թ․ օգոստոսի 9-ի հրամանի համաձայն՝ ԵՊՀ ԻՄ-ն ընդգրկվել է երաշխավորված կազմակերպությունների ցանկում:
Ս․թ․ հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 1-ը ԵՊՀ ԻՄ-ում իրականացվել է հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումը, որին մասնակցել է Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 46 դպրոցի 146 ուսուցիչ: Վերապատրաստումը կազմակերպվել է 3 մոդուլներով՝ «Դասընթացների և դասերի պլանավորում», «Սովորողների կարիքների բացահայտում» և «Մասնագիտական բարեվարքություն, ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն»:
Բաժնի կողմից սեպտեմբերի 14-ից մինչև հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է «Կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների» վերապատրաստում, որին մասնակցել է Տավուշի մարզի 6 դպրոցի 10 ուսուցիչ (մեկ ուսուցիչ չի աշխատում):
Վերապատրաստումներն իրականացվել են 6 դասընթացավարի կողմից, որոնցից 4-ը մասնաճյուղի աշխատակիցներն են, իսկ 2-ի հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր:
Նախքան վերապատրաստումներն սկսելը ԿԳՄՍՆ և ԿԶՆԱԿ են ուղարկվել դասընթացների իրականացման ժամանակացույցները: Յուրաքանչյուր խմբի համար լրացվել են առանձին թղթային մատյաններ: Վերապատրաստումների ավարտին նախարարություն են ուղարկվել իրականացված վերապատրաստման դասընթացների վերաբերյալ հաշվետվություններ:
Մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացի ամփոփման հարցի վերաբերյալ զեկուցեց ՈՒՄՎ ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման բաժնի վարիչ Ն. Առուշանյանը: Մասնավորապես նշվեց, որ ս.թ. նոյեմբերի 1-27-ը ԵՊՀ ԻՄ-ում իրականացվել է 2024-2025 ուստարում նախատեսված մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացի առաջին փուլը, նոյեմբերի 21-27-ը՝ քննությունների հանձնումը:
Ակադեմիական պարտքերը վերահանձնելու համար դիմել էր 35 ուսանող, որոնցից 19-ը Հումանիտար գիտությունների ֆակուլտետից էր (առկա ուսուցմամբ՝ 2, հեռակա ուսուցմամբ՝ 17), 16-ը՝ Տնտեսագիտության ֆակուլտետից (հեռակա ուսուցմամբ): Վերահանձնման համար դիմած ուսանողները քննությունները հանձնել են դրական:
Ընթացիկ՝ մասնաճյուղից ուսանողների հեռացման հարցի մասին ևս զեկուցեց Ն. Առուշանյանը: Նա նշեց, որ ԵՊՀ ԻՄ ներքին կարգապահական կանոնները խախտելու, մասնավորապես՝ բացակայությունների թույլատրելի սահմանը հատելու (80/40 (60) անհարգելի բացակայություններ ունենալու) պատճառով 4 ուսանող ներկայացվել է հեռացման: 4 ուսանողից 2-ը առկա ուսուցման (Տնտեսագիտության ֆակուլտետ), 2-ը հեռակա ուսուցման (Տնտեսագիտության, Հումանիտար գիտությունների ֆակուլտետ) ուսանողներ են: Տնօրենության նիստում որոշվեց ներկայացված 4 ուսանողին հեռացնել մասնաճյուղից: