ԵՊՀ ԻՄ «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողները ս.թ. դեկտեմբերի 24-ին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված նյարդահոգելեզվաբանության ուղղվածության միջազգային առցանց խորհրդակցությանը («Международное совещание по проблемам прикладной лингвистики: нейролингвистика, психолингвистика»): Օրակարգում նյարդահոգելեզվաբանական 4 խնդիր էր՝ «Կիրառական լեզվաբանությունը և ժամանակակից տեխնոլոգիաները. արհեստական բանականություն» (Прикладная лингвистика и современные технологии: искусственный интеллект), «Նյարդալեզվաբանության ժամանակակից խնդիրները. լեզվամտածողության վերականգնումը լեզվական թեստերի միջոցով» (Актуальные проблемы нейролингвистики: восстановление языкового мышления с помощью языковых тестов), «Հոգելեզվաբանության զարգացման կանխատեսումներ. XXI դարի II կեսի նախաշեմին» (Прогнозы развития психолингвистики: на пороге II половины XXI века), «Դաշտային մեթոդները լեզվական և միջգիտակարգային հետազոտությունների մեջ» (Полевые методы в языковых и междисциплинарных исследованиях (диалектология, разговорная речь):

Խորհրդակցությունը նախագահում էր ԵՊՀ ԻՄ հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ս. Հովհաննիսյանը, իսկ միջոցառման համանախագահն էր ՌԴ Սանկտ-Պետերբուրգի համալսարանի Լ. Վերբիցկայի անվան ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ Ե. Ռիեխակայնենը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի, փորձաքննությունների ազգային բյուրոյի, ԵՊՀ, ԵՊԲՀ, Սանկտ-Պետերբուրգի համալսարանի, ՌԴ գիտությունների ակադեմիայի, ՌԴ լեզվի և ուղեղի կենտրոնի ներկայացուցիչները:

Շուրջ 3 ժամ տևած հանդիպման ընթացքում հնչեցին մասնագիտական հաղորդումներ ոլորտի առաջատար մասնագետների կողմից (Օ. Միտրենինա, Ե. Ռիեխակայնեն, Օ. Դրագոյ, Վ. Զուբով, Պ. Էյսմոնտ, Մ. Կորոլկովա): Մասնագետները քննարկեցին մի շարք կարևոր և հրատապ խնդիրներ, ինչպիսիք են՝ բնական լեզվի և հուզական ինտելեկտի՝ արհեստական բանականության կողմից վերարտադրումը և մշակումը, վերբալ և ոչ վերբալ տեքստերի ընկալումը, լեզվական միավորների ընկալման և վերլուծության մեխանիզմները հատկապես լեզվամտածողության պաթոլոգիաների դեպքում, ընդարձակ զեկուցում ներկայացվեց հոգելեզվաբանության ժամանակակից մեթոդների վերաբերյալ: Առանձնահատուկ ուշագրավ էր տեքստի ուսումնասիրության ուղղությունների վերաբերյալ քննարկումը, ինչպես նաև երկխոսության փոխազդեցության հետազոտության մասին հաղորդումը: Խորհրդակցության էր դրված նաև մենթալ բառապաշարի և խոսքի ընկալման գործընթացների վերաբերյալ գործնական դիտարկումը: Դաշտային աշխատանքներին նվիրված մասում հնչեցին հաղորդումներ ժամանակակից բարբառագիտության մեջ դաշտային մեթոդի կիրառության, էմպիրիկ նյութի հավաքման խնդիրների վերաբերյալ, և այս մասում ընդգծելի էր խոսակցական լեզվի բազմամակարդակ բնութագրի կազմության և բանավոր խոսքի կորպուսների ստեղծման վերաբերյալ հաղորդումը:

Ս. Հովհաննիսյանը ներկայացրեց հայ-գերմանական համատեղ աշխատանքով հայերենի, անգլերենի և գերմաներենի զուգադիր շտեմարանի հիմքով ստեղծված LexTale լեզվական իմացության չափման թեստը և դրա զարգացման հեռանկարները, ինչը հատուկ հետաքրքրություն առաջացրեց ՌԴ գործընկերների շրջանակում, և առաջարկ հնչեց այս ուղղությամբ համատեղ նոր ուսումնասիրություն սկսելու վերաբերյալ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ավարտական կուրսի ուսանող Լ. Թորոսյանի կողմից հարց հնչեց խորհրդակցության առաջին մասում, որն ուղղված էր հույզ պատճենող ռոբոտի անկանխատեսելիության հավանականությանը, մասնավորապես՝ արդյոք կարելի՞ է նախապես ներդված հույզերի հիման վրա գործող ռոբոտի հետագա հույզերը համարել անկանխատեսելի, և հաղորդումը ներկայացնող մասնագետը ընդարձակ մեկնաբանությամբ հիմնավորեց, թե ինչպես է եղած հույզերի հիման վրա ռոբոտը նոր հույզեր գեներացնում:

Խորհրդակցությունն ավարտվեց երկու կողմերի կարծիքների փոխանակմամբ, հետագա համագործակցության հստակ առաջարկներով և նոր միջոցառման ակնկալիքով:

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: