2024 թ. դեկտեմբերի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը, որին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորած աշխատանքային խումբը՝ ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը (ԵՊՀ ԻՄ գիտխորհրդի անդամ), ԵՊՀ ռեկտորի խորհրդական Վիգեն Խալատյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը:

Գիտխորհրդի նիստի օրակարգում ԵՊՀ ԻՄ 2023-2024 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ տնօրենի հաշվետվությանը և 2024 թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականին վերաբերող հարցերն էին:
ԵՊՀ ԻՄ 2023-24 ուստարվա գործունեության վերաբերյալ իր հաշվետվության մեջ Ա. Մակարյանը մասնավորապես նշեց, որ 2023-24 ուստարում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իր գործունեությունը կառուցել է 2022-26 թթ․ զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման գործողությունների պլանի համաձայն:
Պլանավորված գործողություններն ուղղորդված են եղել ապահովելու մասնաճյուղի ռազմավարական 3 նպատակների իրականացումը՝ բարձրորակ կրթություն, գիտություն և նորարարություն, հանրային ներգրավում:
ԵՊՀ ԻՄ-ն իր գործողությունների պլանի շրջանակներում իրականացնում է գործընթացներ, որոնք ուղղված են համալսարանի արդիականացմանը, թվային հարթակների զարգացմանը, արտաքին և միջազգային ակտիվ համագործակցությանը, նոր կրթական ծրագրերի, գիտահետազոտական, մեթոդական և կադրային ճկուն համակարգի զարգացմանը:
Հաշվետվությունը կազմվել է՝ հիմք ընդունելով մասնաճյուղի ֆակուլտետների և այլ ստորաբաժանումների կողմից ներկայացված հաշվետվությունները, 2023-2024 ուստարվա աշխատանքային պլանների կատարողականները, մասնաճյուղի գործունեության գնահատման արդյունքային ցուցանիշների (ԳԱՑ - 2019-2024 թթ․) լրակազմը։
Մասնաճյուղի՝ 2023-24 ուստարվա գործունեությունը ներկայացվեց ըստ հետևյալ 9 բաժինների՝ 1. Դիմորդների մասնագիտական կողմնորոշում և ընդունելություն, 2. Կրթական ծրագրեր, 3․ Ուսանողների հաջողությունները, 4. Կրթության երրորդ աստիճան, 5. Ակադեմիական համակազմի նկարագիր և կարողությունների զարգացում, 6. Գիտահետազոտական գործունեություն և մասնակցություն ֆինանսավորվող գիտական նախագծերին, 7. Գործընկերների հետ համագործակցություն, 8. Շրջանավարտներ, 9. Ենթակառուցվածքներ և պայմաններ, և եզրափակվեց «Հետագա անելիքներ»-ով:
Հաշվետվությանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ:
Գիտխորհրդի նիստում ԵՊՀ ԻՄ 2023-2024 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ Ա. Մակարյանի հաղորդումն ընդունվեց ի գիտություն:
Մյուս հարցի՝ ԵՊՀ ԻՄ 2024 թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի վերաբերյալ զեկուցեց ԵՊՀ ԻՄ գլխավոր հաշվապահ Մ. Մխիթարյանը:
Մասնավորապես նշվեց, որ հաշվետու ֆինանսական տարվա մուտքերը (եկամուտները) կազմում են 400.009,5 մլն. ՀՀ դրամ, իսկ ելքերը (ծախսերը) կազմում են 467.039,1 մլն. ՀՀ դրամ: Նախորդ ֆինանսական տարվանից մնացորդը կազմել է 77.890,0 մլն. ՀՀ դրամ:
Մուտքերի 61%-ը (244.731,0 մլն. ՀՀ դրամ) վճարովի ուսուցման ծառայություններից է, 23%-ը (93.043,0 մլն. ՀՀ դրամ) պետական ֆինանսավորումից է:
Ելքերի 84.4%-ը (394.109,0 մլն. ՀՀ դրամ) «Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ և դրան հավասարեցված վճարումներ»-ն են: Ելքերի 1.6%-ը (7.631,0 մլն. ՀՀ դրամ) ուղղվել է ուսանողների կրթաթոշակներին:
ԵՊՀ ԻՄ 2024 թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի վերաբերյալ գլխավոր հաշվապահի հաղորդումն ընդունվեց ի գիտություն:
Նիստում ելույթ ունեցավ Մայր բուհի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ շնորհակալություն հայտնելով պարոն Ա. Մակարյանին՝ ԵՊՀ ԻՄ 2023-24 ուստարվա գործունեության վերաբերյալ մանրակրկիտ հաշվետվության համար:
Պարոն ռեկտորը, ներկայացնելով, որ ս.թ. դեկտեմբերի 25-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում ԵՊՀ ԻՄ նոր տնօրեն է ընտրվել Մհեր Օթարյանը, շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ԻՄ նախկին ղեկավար Անուշավան Մակարյանին՝ անմնացորդ նվիրվածության, արհեստավարժության, աշխատանքում սահմանած բարձր չափանիշների ու ԵՊՀ ԻՄ զարգացման գործում ունեցած հսկայական ավանդի համար և ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրեց նրան:
Հ. Հովհաննիսյանը շնորհավորեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից ընտրված ԵՊՀ ԻՄ նոր տնօրեն Մհեր Օթարյանին՝ նշելով, որ նրան վստահված այս պատասխանատու պաշտոնը կարևոր առաքելություն է՝ նպաստելու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կրթական ու գիտական արժեքների ամրապնդմանը, ինչպես նաև համայնքի ու տարածաշրջանի զարգացմանը:
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, նիստի մյուս մասնակիցները ևս շնորհակալություն հայտեցին պարոն Մակարյանին՝ բուհի զարգացման գործում մեծ ներդրման համար և հաջողություն մաղթեցին պարոն Օթարյանին:
ԵՊՀ ԻՄ նոր տնօրեն Մ. Օթարյանը նույնպես շնորհակալություն հայտնեց Ա. Մակարյանին` արդյունավետ համագործակցության, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին՝ վստահության համար և նշեց, որ կաշխատի մեծ պատասխանատվությամբ ու հետևողականորեն: 
 

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: