2025 թ. փետրվարի 26-ին ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության (ՊԿՇՀ) բաժնի և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի համատեղ նախաձեռնությամբ մասնաճյուղում հյուրընկալվել էին Իջևանի համար 5 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները՝ իրենց ուսուցչուհի Ս. Գասպարյանի ուղեկցությամբ:

Ճանաչողական այցի նպատակն էր Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, մ.գ.դ., հանրակրթական հիմնական դպրոցի «Մաթեմատիկա 6» դասագրքի համահեղինակ Էդվարդ  Այվազյանի հետ դաս-հանդիպում և մասնաճյուղում շրջայց իրականացնելը: 
Նախ ԵՊՀ ԻՄ գրադարանում կայացավ Է. Այվազյանի և աշակերտների հանդիպումը, որին մասնակցում էին նաև ՊԿՇՀ բաժնի վարիչ Լ. Բեգինյանը և աշխատակից Ա. Սարգսյանը, Հումանիտար գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների դեկանների պաշտոնակատարներ Ն. Գրիգորյանը և Ա. Մարգարյանը:
Պարոն Այվազյանն աշակերտներին ներկայացրեց մաթեմատիկա առարկայի դերն ու նշանակությունը, այդ համատեքստում անդրադարձավ դասագրքի առանձնահատկություններին, ապա բացատրեց առաջին դասը: Իր խոսքում նա մասնավորապես նշեց, որ մաթեմատիկան նույնքան հին է, որքան մարդը: Մաթեմատիկական գիտելիքներն անհրաժեշտ էին Հին աշխարհի առևտրականներին և շինարարներին, հողաչափներին ու զինվորականներին, տաճարներ, ամրոցներ կառուցող ճարտարապետներին ու վանականներին, ճանապարհորդներին ու ծովագնացներին: Մաթեմատիկայի լեզուն համամարդկային արժեք է: Այն մարդու մտքի լեզուն է, և դրան հաջողությամբ տիրապետելը ենթադրում է հաշվելու, մտածելու, հնարամիտ լուծումներ կայացնելու կարողություն ու հմտություն:
Հանդիպման ընթացքում աշակերտները բացառիկ հնարավորություն ունեցան անմիջապես դասագրրքի հեղինակից ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, որոնք հիմնականում վերաբերում էին հեղինակի անցած ուղուն, մասնագիտության ընտրությանը, դասագիրք գրելու ընթացքում հանդիպած դժվարություններին: 
Այնուհետև աշակերտների համար կազմակերպվեց շրջայց: Բնական գիտությունների ֆակուլտետի դասախոս Գ. Գուլակյանը Ագրոտեխնոլոգիական լաբորատորիայում աշակերտներին ծանոթացրեց ուսանողների հետազոտական աշխատանքներին ու տեխնոլոգիական մշակումներին: Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ․ Աղաբաբյանն արվեստանոցներում աշակերտներին ներկայացրեց քանդակի, խեցեգործության, գորգագործության, կարպետագործության, ապակենկարչության ոլորտներում ուսանողների կատարած աշխատանքները:
Աշակերտները մեծապես տպավորված էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելությամբ, դասագրքի հեղինակի հետ հանդիպումով և ցանկություն հայտնեցին, որ նման նախաձեռնությունները լինեն շարունակական:
 

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: