2025 թ. փետրվարի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ՝ Մ. Մ. Օթարյանի նախագահությամբ:

Նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ տնօրենության հաստատված տարեկան աշխատանքային պլանի խմբագրմանը, 2024-25 ուստարվա 1-ին կիսամյակի առկա և հեռակա ուսուցման հետազոտական աշխատանքների արդյունքներին, ավարտական աշխատանքների կատարման ընթացքին, այս ուստարվա ընթացքում «E-learning» և «Registrar» համակարգերում ծագած խնդիրներին, 2025 թ. բակալավրի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածուներին, ուսանողների իրավունքների վերականգնման գործընթացին, մասնաճյուղից ուսանողի հեռացմանը, հեռակա ուսուցման՝ այս կիսամյակի ուսումնական պարապմունքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Առաջին հարցի առնչությամբ ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ․ Օթարյանը ներկայացրեց տնօրենության տարեկան աշխատանքային պլանը, որտեղ 59 դրույթներով ամրագրված են 2024-2025 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված հիմնական աշխատանքները՝ իրենց պատասխանատուներով, ժամկետներով, համագործակցող ստորաբաժանումներով: ԵՊՀ ԻՄ 2025 թ. կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ տնօրենության տարեկան աշխատանքային պլանը խմբագրելու անհրաժեշտություն է առաջացել:
Որոշվեց վերահաստատել ԵՊՀ ԻՄ տնօրենության տարեկան աշխատանքային պլանը՝ առաջարկված փոփոխություններով հանդերձ, հանձնարարել ստորաբաժանումների ղեկավարներին հետևողական լինել պլան-ժամանակացույցում առկա գործընթացների իրականացմանը:
2024-25 ուստարվա 1-ին կիսամյակի առկա և հեռակա ուսուցման հետազոտական աշխատանքների արդյունքների մասին հաղորդում ներկայացրեց Ա. Մակարյանը: Մասնավորապես նշվեց, որ 2024-25 ուստարվա առաջին կիսամյակում առկա և հեռակա ուսուցման հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացների թիվը 49 է, որից 34-ը՝ առկա ուսուցման, 15-ը՝ հեռակա ուսուցման (736 աշխատանք, որից 635-ը՝ եզրափակիչ գնահատումով, 101-ը՝ առանց եզրափակիչ գնահատման): 
Ընդգծվեց, որ հետազոտական աշխատանքն ապահովել է ուսանողների տեսական և գործնական զարգացման բավականին բարձր մակարդակ: Արդյունքների համաձայն՝ առավել մեծ առաջընթաց գրանցվել է նոր գիտելիքների ձեռքբերման (76%), գործնական կարողությունների (67%) և ինքնուրույն աշխատելու (66%) ցուցանիշների մասով: Սակայն մասնագիտական հմտությունների զարգացումը (56%) և դատողությունների ու եզրակացությունների ձևավորումը դեռևս բարելավման կարիք ունեն: 
Մյուս հարցի վերաբերյալ զեկուցեցին ֆակուլտետների դեկանները՝ ըստ կրթական ծրագրերի ներկայացնելով ավարտական աշխատանքների կատարման ընթացքը: Նրանք նշեցին, որ ԵՊՀ ԻՄ-ում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգում ամրագրված ժամկետների համաձայն՝ ուսանողներն ընտրել են ավարտական աշխատանքների թեմաները, և դրանց իրականացումն ընթացքի մեջ է: Ըստ ժամանակացույցների՝ ուսանողները հանդիպումներ են ունեցել ավարտական աշխատանքների ղեկավարների հետ, ստացել են գրականության ցանկը, պլանը և այլն:
Որոշվեց՝ հանձնարարել ֆակուլտետների դեկաններին հետևողական լինել ավարտական աշխատանքների կատարման ընթացքին՝ առաջնորդվելով ԵՊՀ ԻՄ-ում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգով:
Հաջորդիվ քննարկվեցին դեկանների կողմից ըստ մասնագիտությունների ներկայացված 2025 թ. բակալավրի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածությունները: Տնօրենը դեկաններին հանձնարարեց առաջադրված թեկնածուների հետ ձեռք բերել վերջնական պայմանավորվածություն՝ սեղմ ժամկետներում նրանց թեկնածությունները հաստատման ներկայացնելու նպատակով:
2024-25 ուստարվա ընթացքում «E-learning» և «Registrar» համակարգերում ծագած խնդիրների մասին զեկուցեցին Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի վարիչ Տ. Խաչատրյանը և Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Դավթյանը: Զեկուցողներն անդրադարձան այդ համակարգերում աշխատանքի ընթացքում առաջացած տեխնիկական ու ծրագրային խնդիրներին և խոչընդոտներին, դրանց արդեն տրված կամ առաջարկվող լուծումներին:
Ուսանողների իրավունքների վերականգնման գործընթացի և մասնաճյուղից ուսանողի հեռացման հարցերի մասին զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության ՈՒԳԿՎ բաժնի վարիչ Ն. Առուշանյանը: Տնօրենության նիստում որոշվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 7 նախկին ուսանողների թույլատրել վերականգնելու իրենց ուսանողական իրավունքները, 1 ուսանողի հեռացնել մասնաճյուղից:
Հեռակա ուսուցման բակալավրի և մագիստրատուրայի՝ 2024-25 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքների կազմակերպման ընթացքի վերաբերյալ զեկուցեցին ֆակուլտետների դեկանները և Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Դավթյանը: Մասնավորապես նշվեց, որ 2025 թ. մարտի 11-ից կմեկնարկի այս կիսամյակի հեռակա ուսուցման ուսումնական գործընթացը, որի համար կատարվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ: Մասնաճյուղը պատրաստ է 2024-25 ուստարվա 2-րդ կիսամյակի հեռակա ուսուցման բակալավրի և մագիստրատուրայի դասերի մեկնարկին:
 

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: