2025 թ. ապրիլի 18-ին Ուրալի՝ Ռուսաստանի առաջին նախագահ Բ. Ն. Ելցինի անվան դաշնային համալսարանում առցանց ձևաչափով կայացավ «Օտար լեզուն մասնագիտական հաղորդակցման ոլորտում՝ իրական և վիրտուալ միջավայրերում» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովը, որը համախմբել էր առաջատար լեզվաբանների, ռուսագետների, օտար լեզուների մասնագետների, ինչպես նաև միջազգային ակադեմիական հանրության ներկայացուցիչների:
Միջազգային համաժողովին ԵՊՀ ԻՄ-ը մասնակցեց որպես համակազմակերպիչ և ծրագրային կոմիտեի անդամ: Համաժողովում ԵՊՀ ԻՄ «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողները Օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, մ.գ.թ. Սվետլանա Մինասյանի գիտական ղեկավարությամբ ներկայացրին իրենց գիտահետազոտական աշխատանքները՝ հոդվածների և շնորհանդեսների տեսքով, որոնք ընդունվել են հրապարակման «Российский индекс научного цитирования (РИНЦ)» ռուսական գիտական ինդեքսավորման բազայում:
Առաջին կուրսի ուսանողուհի Մանե Հովհաննիսյանը հանդես եկավ «Միջմշակութային հաղորդակցության մանկավարժական հիմունքները» թեմայով հետազոտությամբ, որն առանձնակի ուշադրության արժանացավ իր խորքային մոտեցման համար:
Երկրորդ կուրսի ուսանողուհի Ասպրամ Հովհաննիսյանը ներկայացրեց «Ուսանողների հուզական բանականությունը. ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման հեռանկարները» թեմայով զեկուցում, որն առաջացրեց աշխույժ քննարկում:
Երրորդ կուրսի ուսանողուհիներ Էդիտա Դավթյանը և Ելենա Սահակյանը ներկայացրին «Միջմշակութային հաղորդակցության դասավանդման մեթոդիկան հայկական դպրոցների միջին դասարաններում» ու «Մանկավարժական էթիկա և արհեստական բանականություն» թեմաներով զեկուցումներ, որոնք աչքի ընկան իրենց նորույթով և գործնական նշանակությամբ:
Ամփոփելով միջազգային համաժողովի արդյունքները՝ ԵՊՀ ԻՄ ուսանողները պարգևատրվեցին դիպլոմներով:
Համաժողովին մասնակցած ուսանողները մեզ հետ զրույցում խորին շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին՝ միջազգային հարթակում դրսևորվելու և փորձ ձեռք բերելու հնարավորության, իրենց գիտական ղեկավար Ս. Մինասյանին՝ մասնագիտական աջակցության համար:
Նմանատիպ միջոցառումներին մասնակցությունը նպաստում է ուսանողների՝ գիտահետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացմանը և համալսարանի միջազգային կապերի խորացմանն ու ամրապնդմանը: