2025 թ. ապրիլի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովը:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմերի անդամներ, ուսանողներ, հյուրեր:
Նախ տրվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ համառոտ ակնարկ: Մասնավորապես նշվեց, որ Օսմանյան կայսրությունում ապրող հայերը 1915-1923 թթ. ենթարկվեցին երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված և իրականացված աննախադեպ զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնարարքների և բռնի տեղահանության:
Ընդգծվեց, որ Մեծ եղեռնի սկիզբը պայմանականորեն համարվում է 1915 թ. ապրիլի 24-ը: Այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվեց մտավորականության սերուցքը՝ 600 հայազգի մտավորականներ, այդ թվում՝ Գրիգոր Զոհրապը, Դանիել Վարուժանը, Ռուբեն Զարդարյանը, Սիամանթոն (Ատոմ Յարճանյան), Երուխանը (Երվանդ Սրմաքեշխանլյան), Ռուբեն Սևակը, Հովհաննես Հարությունյանը և ուրիշներ, որոնց հետագայում սպանեցին աքսորի ճանապարհին:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Մեծ եղեռնի թեմայով երգեր և բանաստեղծություններ («Ապրելու ապրիլ», «Տուն իմ հայրենի», «Զարթի՛ր, լաո՛», «10 միլիոն հայ», «Հիշի՛ր» և այլն), գրական-գեղարվեստական երկերից հատվածներ, ընթերցվեց Զոհրապի նամակը, բեմադրվեց ներկայացում:
Վերջում խորհրդանշական համարով հիմնավորվեց ազգային միասնականության գաղափարը: