- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Միջազգային համաժողովում մեր ուսանողները հանդես եկան զեկուցումներով
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
«Ռուսերենի՝ որպես երկրորդ և ժառանգական լեզվի դասավանդումը և ուսումնասիրությունը բազմազան և փոփոխվող աշխարհում» խորագրով համաժողովը միավորել էր աշխարհի տարբեր երկրներից ռուսերենի՝ որպես օտար լեզվի ոլորտի առաջատար հետազոտողների, դասավանդողների և փորձագետների:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի երիտասարդ հետազոտողներ, «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ավարտական կուրսի ուսանողուհիներ Նազելի Եսայանի և Մարիամ Դարբինյանի համար համաժողովին մասնակցությունը դարձավ կարևորագույն իրադարձություն, քանի որ նրանք հնարավորություն ունեցան աշխարհի խոշորագույն համալսարանների հայտնի գիտնականների հետ մեկտեղ հանդես գալու զեկուցումներով:
Նազելի Եսայանը ներկայացրեց «Խոսքի էթիկան վիրտուալ տարածքում. ռուսերենի՝ որպես օտար լեզվի արդյունավետ դասավանդումը» թեմայով զեկուցում՝ անդրադառնալով առցանց միջավայրում ռուսերեն ուսումնասիրողների շրջանում խոսքի մշակույթի զարգացման հարցերին։ Մարիամ Դարբինյանը հանդես եկավ «Ժամանակակից տեխնոլոգիաները բուհական մակարդակում ռուսերենը որպես օտար լեզու դասավանդելու գործում» թեմայով զեկուցմամբ՝ ներկայացնելով ռուսերենի դասավանդման ժամանակակից տեսակետներին վերաբերող ուսումնասիրություն։ Ներկայացված զեկուցումներն ընդունվեցին մեծ հետաքրքրությամբ:
Համաժողովն իր ելույթով պատվեց ուսանողների գիտական ղեկավար, ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր Սվետլանա Մինասյանը՝ ներկայացնելով «Աշխատանքի ինտենսիվ մեթոդները համալսարանական կրթական հարթակներում» թեմայով զեկուցում:
Միջազգային հոբելյանական համաժողովի կազմակերպիչները բարձր գնահատեցին ներկայացված զեկուցումները՝ ընդգծելով դրանց թեմաների արդիականությունն ու վստահ ներկայացումը։ Ուսանողների համար նման նշանակալի միջազգային գիտական միջոցառմանը մասնակցելն իսկական առաջընթաց էր, ԵՊՀ ԻՄ-ում ուսուցման բարձր մակարդակի վկայություն: Հարկ է նշել, որ միջազգային համաժողովին, ԵՊՀ ԻՄ ուսանողներից բացի, այլ ուսանողներ չեն մասնակցել, քանզի միայն նրանք են հաղթահարել մրցույթի փուլը:
Նազելի Եսայանը և Մարիամ Դարբինյանը մեզ հետ զրույցում խորին շնորհակալություն հայտնեցին իրենց գիտական ղեկավարին՝ պրոֆեսոր Սվետլանա Մինասյանին՝ անգնահատելի աջակցության համար, համաժողովի կազմակերպիչներին՝ նման լայնածավալ գիտական երկխոսության մաս կազմելու հնարավորության համար:
ԵՊՀ ԻՄ ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք մեր ուսանողներին և իրենց գիտական ղեկավար Ս. Մինասյանին՝ միջազգային համաժողովին արժանի մասնակցության համար և մաղթում գիտական նոր նվաճումներ, ոգեշնչում ու միջազգային ճանաչում: