2025 թ. մայիսի 20-ին ավարտվեց ԵՊՀ ԻՄ առկա ուսուցման «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի՝ 2024-2025 ուստարվա 2-րդ կիսամյակում նախատեսված ուսումնական պրակտիկան:
Այն ուսանողներին հնարավորություն տվեց հավաքագրելու, դասակարգելու, վերլուծելու, համադրելու և գնահատելու պրակտիկայի օբյեկտներին վերաբերող մասնագիտական տեղեկույթը, կատարելու խմբային, անհատական, կազմակերպչական աշխատանքներ, ընդլայնելու և զարգացնելու մասնագիտական աշխարհայացքը, հմտություններն ու կարողությունները, ուսումնասիրելու և ավելի խորը ճանաչելու ՀՀ զբոսաշրջային ռեսուրսները, մշակույթը, պատմությունը, աշխարհագրությունը: Պրակտիկայի ընթացքում անցկացվեցին ակնարկային դասախոսություններ լսարանում և մեկ օր տևողությամբ այցելություններ՝ նախատեսված երթուղիներով:
Մասնավորապես կատարվել են այցելություններ դեպի ՀՀ Տավուշի, Շիրակի, Արագածոտնու մարզերի, Գյումրիի զբոսաշրջային տարբեր օբյեկտներ (եկեղեցիներ, վանքեր, թանգարաններ, բնական հուշարձաններ, զբոսաշրջային ոլորտը սպասարկող կազմակերպություններ, տարածական օբյեկտներ):
ՀՀ մի քանի մարզերի և հանրապետության երկրորդ կարևոր զբոսաշրջային դեստինացիայի, զբոսաշրջային ռեսուրսների և ենթակառուցվածքների ուսումնասիրման և գնահատման նպատակով ուսանողները պրակտիկայի ղեկավար Ա. Ուլիխանյանի գլխավորությամբ մեկնել են պրակտիկայի հետևյալ երթուղով՝ Իջևան-Գյումրի-Ջրափի իջևանատուն-Երերույքի տաճար (Շիրակի մարզ)-Դաշտադեմի ամրոց (Արագածոտնի մարզ)-Մուղնու սբ. Գևորգ եկեղեցի (Կոտայքի մարզ)-Իջևան:
Նրանք այցելել են Վարդանանց հրապարակի եկեղեցիները, «Գրանդ հոթել» ցանցային հյուրանոց, Սև բերդ, Ջրափի միջնադարյան իջևանատուն, որը գտնվել է Մետաքսի ճանապարհի վրա: Անչափ տպավորիչ էր այցելությունը միջնադարյան ճարտարապետության գոհարներից մեկը՝ Երերույքի տաճար (6-րդ դար):
Այցելվող օբյեկտների վերաբերյալ ուսանողները նախապես նյութեր են նախապատրաստել, իսկ այցելության ընթացքում տվյալ օբյեկտները նրանք մասնագիտորեն ուսումնասիրել, ներկայացրել և գնահատել են զբոսաշրջային փաթեթներում դրանց ընդգրկվածության տեսանկյունից:
Իջևանի տարածաշրջանի զբոսաշրջային ռեսուրսների և ենթակառուցվածքների ուսումնասիրման և նրանց տրամադրած ծառայություններին ծանոթանալու նպատակով այցելություններ են իրականացվել Իջևան քաղաքի զբոսաշրջային տարբեր օբյեկտներ, Ակնաղբյուրում գտնվող «Վարդան Մամիկոնյանի կաղնի» բնական հուշարձան, «Գետահովիտ ռեզորթ», Ենոքավանի «Աստղի բլուր» հնագիտական վայր, «Լաստիվեր ռեզորթ», «Կանաչ տուն», «Ապագա տուր», որտեղ օգտվել են նաև «Yell Extreme Park»-ի զիփլայն ծառայությունից: