Փրկարարի օրվա առթիվ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ՆԳՆ փրկարարական ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, ՓԾ մայոր Սարգիս Մարկոսյանի և նույն բաժնի ավագ հրահանգիչ, ՓԾ ավագ լեյտենանտ Տիգրան Ադամյանի հետ:

Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ Գ. Գուլակյանը և տարբեր մասնագիտությունների ուսանողներ:

Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները ուսանողների համար իրականացրին «Քաղաքացիական պաշտպանության հիմնահարցեր», «Հրդեհային անվտանգության կանոնները» և «Աղետների ռիսկի կառավարման պլաններ» թեմաների շուրջ դաս-քննարկում:
Նախ ուսանողներին շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացվեց համառոտ ակնարկ՝ Փրկարարի օրվա, նրա առաքելության, ՓԾ ստեղծման պատմության և ծավալած գործունեության վերաբերյալ: Մասնավորապես նշվեց, որ սեպտեմբերի 4-ին նշվում է Փրկարար ծառայողի օրը:
1991 թ.-ից ի վեր տասնամյակների բարդ ուղի անցնելով՝ այսօր մենք ունենք կայացած, հզոր փրկարար ծառայություն, որտեղ ընդգրկված հրշեջ փրկարարական ստորաբաժանումները համալրված են ժամանակակից տեխնիկայով և գույք-սարքավորումներով:

1992 թ. դեկտեմբերին ստեղծվել է Տավուշի մարզային փրկարարական վարչությունը: Ժամանակի ընթացքում անվանման բազմաթիվ փոփոխություններ կրելով՝ նույնն են մնացել վերջինիս աշխատանքի էությունը և գլխավոր սկզբունքը` բնակչության և նյութական արժեքների պաշտպանության կազմակերպումը պատերազմական ժամանակաշրջանում  և արտակարգ իրավիճակներում:
Ստեղծվելով պետության համար ծանր և դժվարին ժամանակաշրջանում, անցնելով ժամանակի և փորձությունների միջով՝ մարզային փրկարարական վարչությունն այժմ մի կուռ կառույց է` հագեցած պրոֆեսիոնալ անձնակազմով, ժամանակակից գույքով և տեխնիկական միջոցներով, պատրաստ ամեն պահի և ցանկացած իրավիճակներում հասնելու օգնության:
Այնուհետև ներկայացվեցին քաղաքացիական պաշտպանության ձևերը (տարհանումը, պատսպարումը, անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը), քաղաքացիական պաշտպանության միջոցառումների տեսակները (նախապատրաստական և հիմնական), ծառայությունները:
Անդրադարձ կատարվեց հրդեհային անվտանգության կանոններին, հրդեհաշիջման տեխնիկական միջոցներին, առաջարկվող այլ միջոցառումներին:

Խոսվեց բնական աղետների, դրանց կանխարգելման միջոցառումների և պաշտպանվելու եղանակների մասին:
Հանդիպում-քննարկման վերջում ուսանողները ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներից ստացան թեմայի վրաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
 

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: