2025 թ. սեպտեմբերի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հանդիսավոր կերպով բացվեց «Հետազոտելով տեղի ժառանագությունը» թեմայով միջազգային աշնանային երկրորդ դպրոցը: Այն կազմակերպվել է Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա), ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև համագործակցության շրջանակներում «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» հեռավար լաբորատորիայի կողմից:

Այս տարի միջազգային աշնանային դպրոցին մասնակցում են Զալցբուրգի համալսարանի 5 և ԵՊՀ իջևանի մասնաճյուղի 10 ուսանողներ:

Հանդիսավոր բացմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ տնօրենի խորհրդական Անուշավան Մակարյանը, Զալցբուրգի համալսարանի քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, հայագիտության բաժնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» հեռավար լաբորատորիայի համաղեկավար Հայկուհի Մուրադյանը, ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Նաթելլա Գրիգորյանը, դասախոսներ և ուսանողներ:
Բացման խոսքով հանդես եկան Ա. Մակարյանը, Հ. Մուրադյանը և Յ. Դում-Թրագուտը: Նրանք ողջունեցին ներկաներին, կարևորեցին արդեն երկրորդ տարին ԵՊՀ ԻՄ-ում միջազգային աշնանային դպրոցի անցկացումը, ներկայացրին վերջինիս նպատակն ու խնդիրները:
 

Նշվեց, որ այս տարի ևս միջազգային աշնանային դպրոցը բաղկացած է դասախոսություններից և դաշտային գիտահետազոտական աշխատանքներից: Դասախոսությունները կանցկացվեն բուհում, իսկ դաշտային աշխատանքները՝ Առաքելոց վանքում և բնակավայրում: Ներկայացվեց, որ աշնանային դպրոցի շրջանակներում ուսանողները կծանոթանան մարզի պատմության որոշ դրվագներին, հոգևոր կառույցների գործունեությանը, արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով պատմական իրադարձությունների հետազոտության մեթոդիկային, կմասնակցեն քայլարշավի՝ իրականացնելով դաշտային գիտահետազոտական աշխատանքներ:

Աշնանային դպրոցի աշխատանքները համակարգում են Զալցբուրգի համալսարանի պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը և ՀՀ ԳԱԱ ՀԱԻ «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» հեռավար լաբորատորիայի համաղեկավար Հայկուհի Մուրադյանը:
Բացմանը պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը նաև ներկայացրեց «Մշակութային ժառանգություն. ներածություն» թեմայով բանախոսություն և անդրադարձավ ժառանգությանը, նրա տարբեր տեսակներին՝ բնական, մշակութային, նյութական ու ոչ նյութական տարբերակումներին:

Ապա տեղի ունեցավ դպրոցի աշխատանքները համակարգողների և դպրոցին մասնակցող ուսանողների հանդիպումը, քննարկվեցին կազմակերպչական և բովանդակային մի շարք հարցեր:

Աշնանային դպրոցը կտևի 5 օր, իսկ ավարտին ուսանողներին կտրվեն վկայագրեր: 
 

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: