2025 թ. սեպտեմբերի 18-ին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին Կրասնոյարսկի երկրամասի փոխնահանգապետ Վալերի Վլադիմիրովիչ Սեմյոնովը, «Սիբիրյան դաշնային համալսարան» բարձրագույն կրթության դաշնային պետական ինքնավար ուսումնական հաստատության առաջադեմ նախագծերի գծով պրոռեկտոր Սերգեյ Վլադիմիրովիչ Վերխովեցը, Վ. Վ. Սեմյոնովի գլխավորած պատվիրակության այլ անդամներ:
Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած հանդիպումից հետո Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, մարզային և քաղաքային իշխանությունների այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ պատվավոր հյուրերն այցելեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:
ԵՊՀ ԻՄ-ում Ռուսաց լեզվի լրացուցիչ կրթության կենտրոնում տեղի ունեցավ ուսանողների հետ նրանց հանդիպումը, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ. Օթարյանը, տնօրենի խորհրդական Ա. Մակարյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Դավթյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ն. Գրիգորյանը, Օտար լեզուների ամբիոնի դասախոսներ և «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողներ:
Հյուրերին ընդհանուր գծերով ներկայացվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեությունը և ձեռքբերումները, տարածաշրջանում վերջինիս ունեցած կրթական և գիտամշակութային մեծ դերն ու նշանակությունը:
Ուսանողներն անդրադարձան ԵՊՀ ԻՄ-ում հաջողությամբ իրականացվող «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրին, որի մասին վկայում են նաև իրենց գրանցած հաջողությունները, գիտական և այլ միջոցառումներում ունեցած հաղթանակները:
Խոսվեց նաև ԵՊՀ ԻՄ-ում Ռուսաց լեզվի լրացուցիչ կրթության կենտրոնի գործունեության, այդտեղ պարբերաբար իրականացվող, ռուս գրականությանն ու մշակույթին առնչվող հոբելյանական ու հիշատակի միջոցառումների, գիտական ընթերցումների և այլ նախաձեռնությունների մասին:
Հանդիպման վերջում հյուրերը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին նվիրեցին գրքեր և հուշանվեր, իսկ պարոն Օթարյանը բուհի անունից նրանց նվիրեց Կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհիներ Անահիտ Մելքոնյանի և Մոնիկա Օրդինյանի երկու աշխատանք (ապակենկար):
Ռուս բարձրաստիճան հյուրերի հետ հանդիպումը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ավարտվեց լավ տպավորություններով, կրթության և գիտության ոլորտներում փոխհամագործացության զարգացման ակնկալիքով: