Դիլիջանում ս.թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի և ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի պատվիրակության համատեղ համաժողովը, որին հրավիրված էին մարզում գործունեություն ծավալող գործարարներ և կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Մհեր Օթարյանը:
Համաժողովի ընթացքում ներկայացվեցին տարածաշրջանների զարգացման հնարավորությունները, իրականացվող ծրագրերը և համագործակցության հեռանկարները: Քննարկվեցին տնտեսական, կրթական ու մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված մի շարք նախաձեռնություններ, իսկ վերջում ստորագրվեցին համագործակցության հուշագրեր կրթության, զբոսաշրջության և բիզնեսի ոլորտներում: ԵՊՀ ԻՄ-ի և ՌԴ Սիբիրի դաշնային համալսարանի միջև ևս ստորագրվեց համագործակցության հուշագիր:
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրեն Մհեր Մերուժանի Օթարյանի, և «Սիբիրի դաշնային համալսարան» բարձրագույն կրթության դաշնային պետական ինքնավար ուսումնական հաստատությունը՝ ի դեմս առաջադեմ նախագծերի գծով պրոռեկտոր Սերգեյ Վլադիմիրի Վերխովեցի, կնքեցին համագործակցության հուշագիր՝ հաշվի առնելով երկու բուհերի առաքելությունը, նկատի ունենալով մշակութային (մարզական), դաստիարակչական կապերի զարգացման ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը:
Կնքված հուշագրով կողմերն ամրագրեցին իրենց պատրաստակամությունը խրախուսելու և զարգացնելու համագործակցությունը փոխադարձ զարգացմանը նպաստող ուղղություններով, ինչպես նաև իրականացնելու տեղեկատվության, նյութերի կամ գաղափարների փոխանակում փոխշահավետ երկխոսության նպատակով:
Ստորագրված հուշագիրը կողմերին հնարավորություն կտա իրականացնելու կրթության և գիտության ոլորտներում փոխհամագործացության նոր նախագծեր և ծրագրեր: