2025 թ. սեպտեմբերի 30-ին Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությունը:

Նախ ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ. Օթարյանը ողջունեց և շնորհակալություն հայտնեց պարոն Դըկոտինյիին և պատվիրակության անդամներին՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ հերթական այցի համար:

Այնուհետև Աիդա Մարդանյանի անվան լսարանում տեղի ունեցավ «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների հետ պատվիրակության հանդիպումը, որին ներկա էին ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ. Օթարյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Դավթյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ն. Գրիգորյանը, Օտար լեզուների ամբիոնի դասախոսներ:

Ուսանողները, ողջունելով պատվավոր հյուրերին, շնորհանդեսի ուղեկցությամբ նրանց ներկայացրին մասնաճյուղի պատմությունը, կառուցվածքը, գործունեությունը, անդրադարձան իրականացվող մասնագիտություններին և հատկապես «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրին:
Հանդիպման ընթացքում խոսվեց հայ-ֆրանսիական բարեկամության, կրթագիտական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների (փոխանակման ծրագրեր, փոխադարձ այցելություններ և այլն) մասին: Ծավալվեց քննարկում, որի ընթացքում ուսանողները պարոն դեսպանից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ԻՄ ղեկավարությանը և անձնակազմին՝ ջերմ ընդունելության համար, իր գոհունակությունն արտահայտեց մասնաճյուղի ուսանողների՝ ֆրանսերենի գերազանց իմացության, ազատ և անկաշկանդ հաղորդակցվելու կարողությունների վերաբերյալ:

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: