ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ս.թ. նոյեմբերի 29-ին Մ. Մ. Օթարյանի նախագահությամբ կայացավ Գիտական խորհրդի նիստ, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ գիտխորհրդի անդամները, այդ թվում՝ ԵՊՀ զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը:

Գիտխորհրդի նիստում քննարկվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2025 թ. ընդունելության արդյունքներին (առկա և հեռակա ուսուցում), 2026 թ. եկամուտների և ծախսերի նախահաշվին (բյուջե), մասնաճյուղի շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների՝ 2024-2025 թթ. կարծիքների ուսումնասիրությանը, ԵՊՀ ԻՄ ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Արթուր Մուրադյանին ԵՊՀ գիտական խորհրդում դոցենտի գիտական կոչում ստանալու համար երաշխավորելուն և միջնորդելուն վերաբերող հարցեր:

Հաստատվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆակուլտետների (Հումանիտար գիտությունների, Տնտեսագիտության, Բնական գիտությունների և Կիրառական արվեստի) կանոնակարգերը, ԵՊՀ ԻՄ գրադարանի կանոնադրությունը և գրադարանից օգտվելու կանոնները:
Ըստ կրթական ծրագրերի՝ մանրամասն ներկայացվեցին մասնաճյուղի՝ 2025 թ. ընդունելության արդյունքները (առկա և հեռակա ուսուցում) և նախորդ չորս ուստարիների (2021-22, 2022-23, 2023-24, 2024-25) արդյունքների համեմատական վերլուծությունը:

Արդյունքների համաձայն՝ 2025-26 ուստարում, նախորդի հետ համեմատած, ունենք դիմորդների ընդհանուր թվի աճ: Այս ուստարում ընդունվել է 260 դիմորդ (նախորդ ուստարվա 231-ի փոխարեն), որից առկա ուսուցման բակալավրիատ ընդունվել է 193-ը (նախորդ ուստարվա 182-ի փոխարեն), հեռակա ուսուցման բակալավրիատ՝ 29-ը (23-ի փոխարեն), հեռակա ուսուցման մագիստրատուրա՝ 38-ը (26-ի փոխարեն):

Այս հարցի կապակցությամբ ԵՊՀ զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր Մ. Հովհաննիսյանի կողմից առաջարկվեց, որ մասնաճյուղի կողմից իրականացված Տավուշի մարզի աշխատաշուկայի ուսումնասիրության արդյունքներից ելնելով՝ առաջիկայում քննարկվի ԵՊՀ ԻՄ-ում նոր կրթական ծրագրեր ներդնելու հնարավորության հարցը:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2026 թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ վերջինիս հոդվածների ցուցանիշները կազմվել են 2025 թ. նախահաշվի կատարողականի ցուցանիշների, ինչպես նաև կանխատեսումների և պլանավորման վրա: 2026 թ. եկամուտները և ծախսերը հավասարակշռված են (դրանք երկուսն էլ կազմում են 654.900,0 մլն. ՀՀ դրամ): Եկամուտների 48 %-ը կազմում են վճարովի ուսուցման ծառայություններից գոյացած դրամական միջոցները: Ծախսերի 64 %-ը «Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ և դրան հավասարեցված վճարումներ»-ն են: Ըստ նոր բյուջեի՝ առաջնահերթ են ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետի մասնաշենքի վերանորոգման և նոր մարզասրահի ստեղծման համար նախատեսված ծախսերը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2026 թ. եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի նախագիծը հավանության արժանացավ Գիտխորհրդի անդամների կողմից, և որոշվեց այն ներկայացնել Երևանի պետական համալսարան՝ հաստատման:
ԵՊՀ ԻՄ շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների՝ 2024-2025 թթ. կարծիքների ուսումնասիրության հարցը ներկայացնելիս նշվեց, որ տվյալ ուսումնասիրությունն իրականացնում է Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժինն առցանց հարցման միջոցով:

2025 թ. հարցման ընտրահատվածում ներառվել են մարզի 130 գործատու կազմակերպությունների՝ ներառյալ բանկերի, դպրոցների, հյուրատների, հասարակական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, որոնցից հարցմանը մասնակցել է 68-ը (ընդհանուր ընտրահատվածի 52.30%-ը):
Գործատուները գնահատել են վերջին հինգ տարվա ընթացքում աշխատանքի ընդունված և ԵՊՀ ԻՄ շրջանավարտ հանդիսացող 258 աշխատակցի աշխատանքային արդյունքները, որոնցից 201-ը (77․90%-ը) աշխատում է իր մասնագիտությամբ: Այս տվյալները վկայում են, որ շրջանավարտների մասնագիտական կողմնորոշումը և պատրաստվածությունը մեծամասամբ համապատասխանում են աշխատաշուկայի պահանջներին:
Ըստ հարցման արդյունքների՝ ԵՊՀ ԻՄ շրջանավարտների մասնագիտական պատրաստվածությունը բարձր (4 և 5) է գնահատել 68 գործատուներից 61-ը (89.70%-ը), գործնական հմտությունները՝ 59-ը (86.76%-ը), մասնագիտական խոսքը՝ 58-ը (85.29%-ը): 

ԵՊՀ ԻՄ շրջանավարտների ինքնադրսևորման կարողությունները՝ մասնավորապես հաղորդակցվելու ունակությունները, բարձր (4 և 5) է գնահատել 68 գործատուներից 66-ը (97.05%-ը) և այլն:
Հարցման ընթացքում ուսումնասիրվել է նաև մասնաճյուղի հեղինակությունը կազմակերպությունում և բնակավայրում: Մասնակից 68 գործատուներից 66-ը (97.05%-ը) մասնաճյուղի հեղինակությունը բարձր (4 և 5) է գնահատել իրենց կազմակերպությունում, իսկ 67-ը (98.52%-ը)՝ իրենց բնակավայրում:

Այն հարցին, թե խորհուրդ կտան մեր շահակիցներն իրենց մերձավորներին և ընկերներին դիմել ԵՊՀ ԻՄ, դրական է պատասխանել հարցման մասնակիցներից 67-ը (98.52%-ը): Այս ցուցանիշը բավականին բարձր է և վկայում է այն մասին, որ տարածաշրջանում մասնաճյուղի կրթական գործունեության մասին կարծիքը բարձր է:
Ամփոփելով ուսումնասիրության արդյունքները՝ Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժինը ներկայացրեց շրջանավարտների ուսուցումը բարելավելու վերաբերյալ առաջարկություններ և հավելեց, որ բաժինը հարցման արդյունքները կտրամադրի մասնագիտական ամբիոններին և ուսանողներին (ՈՒԳԸ և ՈՒԽ)՝ դրանք ուսումնասիրելու և կրթական ծրագրերի կատարելագործմանն ուղղված գործընթացներում հաշվի առնելու նպատակով:

Գիտխորհրդի նիստում անցկացված փակ, գաղտնի քվեարկության արդյունքների համաձայն՝ որոշվեց դոցենտի գիտական կոչում ստանալու համար երաշխավորել ԵՊՀ ԻՄ ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Արթուր Մուրադյանին, միջնորդել ԵՊՀ գիտական խորհրդին՝ նրան շնորհել դոցենտի գիտական կոչում և համապատասխան առաջարկով դիմել ՀՀ ԲՈԿ:
 

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: