2025 թ. դեկտեմբերին ամփոփվեցին ս.թ. նոյեմբերին Ուրալի դաշնային համալսարանի (Եկատերինբուրգ) կողմից իրականացված «Ռուսական տարածաշրջանները փոփոխման կենտրոնում» XX միջազգային համաժողովի արդյունքները:

Համաժողովին, ինչպես նաև լավագույն գիտական ​​հոդվածների մրցույթին ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, մ.գ.թ. Սվետլանա Մինասյանի գիտական ղեկավարությամբ մասնակցել և երկրորդ ու երրորդ կարգի դիպլոմների են արժանացել «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհիներ Ասպրամ Հովհաննիսյանը, Հասմիկ և Հայկուհի Քոքոբելյանները, Ռոզա Ադամյանը: 

Ս.թ. դեկտեմբերի 25-ին ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ նրանց դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ն. Գրիգորյանը, Օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր Ս. Մինասյանը, նույն ամբիոնի դասախոս Ե. Շուվաևան, «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողները:

Զեկուցումներով մեր ուսանողները հանդես են եկել «Միգրացիոն գործընթացները և միջմշակութային հաղորդակցությունները գլոբալ մարտահրավերների պայմաններում» սեկցիայի շրջանակներում, որի ղեկավարներն էին Ելենա Բորիսի Բեդրինան և Թամարա Վլադիմիրի Կուպրինան:

Ասպրամ Հովհաննիսյանը ներկայացրել է «Արհեստական ​​բանականությունը միջմշակութային հաղորդակցության մեջ» թեմայով զեկուցում և արժանացել երկրորդ կարգի դիպլոմի: Ռոզա Ադամյանը հանդես է եկել «Միջմշակութային հաղորդակցությունը որպես հաղորդակցության առանձնահատուկ տեսակ» թեմայով զեկուցմամբ, Հայկուհի և Հասմիկ Քոքոբելյանները ներկայացրել են «Միջմշակութային հաղորդակցությունը դիդակտիկ խաղերի համակարգում» թեմայով զեկուցում. երեք զեկուցողներն էլ ստացել են երրորդ կարգի դիպլոմ:

Սեկցիայի աշխատանքների ընթացքում քննարկվել են ժամանակակից միգրացիոն գործընթացներին, գլոբալ կրթական միջավայրում միջմշակութային հաղորդակցությանը, միգրանտների հարմարվողականությանը, թվային տեխնոլոգիաների կիրառմանը և ուսանողների միջմշակութային իրազեկության ձևավորման գործում կրթության դերին վերաբերող արդիական հարցեր:

ԵՊՀ ԻՄ ուսանողների զեկուցումներն արժանացել են փորձագիտական ​​ժյուրիի բարձր գնահատականին:

Միջազգային համաժողովին մասնակցությունը նպաստեց ուսանողների գիտական ​​և մասնագիտական ​​կարողությունների ընդլայնմանը, հետազոտական ​​գործունեության զարգացմանը և միջազգային ակադեմիական համագործակցության ամրապնդմանը:

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: