- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Գիտական խորհրդի նիստ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Նիստում հաստատվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆինանսական գործունեության մշտադիտարկման և գնահատման իրականացման կարգը:
Քննարկվեցին ԵՊՀ ԻՄ 2024-2025 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ տնօրենի հաշվետվության, ԵՊՀ ԻՄ 2025 թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի, ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր Սվետլանա Մինասյանի հեղինակած «Педагогический гайдлайн» ուսումնական ձեռնարկը հրատարակման երաշխավորելու վերաբերյալ հարցեր:
Գիտխորհրդի նիստում տնօրեն Մ. Օթարյանը, ըստ յոթ ուղղությունների, ներկայացրեց ԵՊՀ ԻՄ 2024-2025 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվություն (1․ Դիմորդների մասնագիտական կողմնորոշում և ընդունելություն, 2․ Կրթական ծրագրեր, 3․ Ուսանողների հաջողությունները, 4․ Դասախոսական կազմ և գիտական գործունեություն, 5․ Համագործակցություններ, 6․ Ենթակառուցվածքներ, պայմաններ, ռեսուրսներ, 7․ Որակի ներքին ապահովում և կրթական բարեփոխումներ):
Մասնավորապես նշվեց, որ հաշվետու ժամանակաշրջանում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն առաջնորդվել է ԵՊՀ ԻՄ զարգացման՝ 2025-30 թթ․ գործողությունների պլանով և Մայր բուհի հատուկ աջակցությամբ ու իր ստորաբաժանումների միջոցով 2025 թ․ հետևողականորեն և նպատակային իրականացրել է գործընթացներ՝ ուղղված համալսարանի և իր կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանը, ենթակառուցվածքների տեխնիկական վերազինմանը, ուսումնական և աշխատանքային բարելավված միջավայրի ստեղծմանն ու ապահովմանը, կրթական ծրագրերի արդյունավետ իրականացմանը, գիտահետազոտական գործունեության ակտիվացմանը, կադրային համակարգի զարգացմանը:
Մասնաճյուղն իր աշխատանքի արդյունքները գնահատելու և հանրությանը ներկայացնելու համար յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին հրապարակում է իր Գործունեության արդյունքային ցուցանիշների (ԳԱՑ 2020-2025) լրակազմը, որոնց և բոլոր ստորաբաժանումների՝ 2025 թ․ գործունեության հաշվետվությունների հիման վրա կազմվել է տվյալ հաշվետվությունը:
ԵՊՀ ԻՄ-ը տարածաշրջանում պահանջված բարձրագույն ուսումնական հաստատություն է և վերջին հինգ տարիներին ունի դիմորդների կայուն հոսք, ինչը պայմանավորված է նաև դպրոցներում մասնաճյուղի կողմից իրականացվող մասնագիտական կողմնորոշման լայնածավալ և բազմաբովանդակ աշխատանքներով: Ձեռքբերումների մասին խոսում են թվերը և դիմորդների հոսքը:
Մասնաճյուղի դիմորդները հիմնականում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտներն են, որոնց թիվը, 2024 թ․ ընդունելության արդյունքների համաձայն, կազմել է ընդհանուր դիմորդների 97.6%-ը, նախորդ ուստարում՝ 96․3%-ը), ինչն, ակնհայտ է, պայմանավորված է մասնաճյուղի՝ մարզում տեղակայմամբ, նաև մարզի հասարակության շրջանում նրա ունեցած բարձր հեղինակությամբ և վարկանիշով:
Ըստ 2025-2026 ուստարվա բակալավրի առկա ուսուցման ընդունելության արդյունքների՝ մասնաճյուղն ունեցել է առաջին հայտով 265 դիմորդ, լրացուցիչ (թափուր) փուլով՝ 7 դիմորդ, ըստ հեռակա ուսուցման ընդունելության արդյունքների՝ 107 դիմորդ: Ընդունելության մրցույթի արդյունքների համաձաիյն՝ անվճար ուսուցման համակարգ ընդունվել է 45 դիմորդ (զբաղեցվել են պլանանային բոլոր տեղերը), առաջին հայտով վճարովի ուսուցման համակարգ ընդունվել է 147 դիմորդ. ընդունելության քննությունները հաղթահարել է դիմորդների 72.4%-ը, որը մարզային բուհի համար վատ ցուցանիշ չէ:
Ըստ 2025-26 ուստարվա բակալավրի հեռակա ուսուցման ընդունելության մրցույթի արդյունքների՝ ընդունվել է 29 դիմորդ (ընդհանուր դիմորդների 27․1%-ը, որն ավելի բարձր է, քան նախորդ տարվա ցուցանիշը՝ 22.5%):
Մագիստրոսական 2 կրթական ծրագրերով 2025-2026 ուստարում մասնաճյուղ է դիմել 42 դիմորդ, որոնցից 38-ն ընդունվել է (դիմորդների 90․4%-ը):
Մասնաճյուղն իր 4 ֆակուլտետներում 2024-25 ուստարում կրթություն է իրականացրել բակալավրի 12 առկա, 6 հեռակա և մագիստրոսական 2 հեռակա կրթական ծրագրերով՝ թողարկելով մարզի աշխատաշուկայում պահանջված մասնագիտությամբ շրջանավարտներ, ընդ որում՝ մասնաճյուղը մշտապես իրականացնում է աշխատաշուկայում պահանջվող մասնագիտությունների ուսումնասիրություն, կրթական ծրագրերի մոնիթորինգ և պարբերաբար վերանայում իր կրթական ծրագրերի ցանկը:
Մասնաճյուղի ռազմավարության հիմնաքարն իր ուսանողների համար բարձրորակ և մատչելի կրթության ապահովումն է: 2024-25 ուստարում մասնաճյուղում սովորել է 1096 ուսանող (01․04․2025 թ․ դրությամբ), այդ թվում առկա ուսուցմամբ՝ 619, որը կազմում է ուսանողական համակազմի 56․5%-ը, հեռակա ուսուցմամբ բակալավրիատում՝ 443 (40․4%-ը), մագիստրատուրայում՝ 34: 2025-26 ուստարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ մասնաճյուղում սովորում է 1092 ուսանող, այդ թվում առկա ուսուցմամբ՝ 641, որը կազմում է ուսանողական համակազմի 58․7%-ը (այս ցուցանիշը բարձր է նախորդ տարվա ցուցանիշից), հեռակա ուսուցմամբ բակալավրիատում՝ 389 (35.62%-ը), մագիստրատուրայում՝ 62:
2025 թ․ մասնաճյուղի բակալավրիատի 243 շրջանավարտներից 44-ը (18%) մասնաճյուղն ավարտել է գերազանցության դիպլոմով, որը նույնպես նախորդ տարիների համեմատ (23%, 16%, 18%, 18%) բարձր ցուցանիշ է: 2025 թ. մասնաճյուղը մագիստրատուրայում ունեցել է 28 շրջանավարտ (2 կրթական ծրագրերից), որոնցից 12-ը (43%) ավարտել է գերազանց առաջադիմությամբ: Այս թվերը վկայում են ուսման մեջ ուսանողների ձեռքբերումների, ակտիվության և նպատակադրվածության մասին:
Մասնաճյուղի գիտական և ուսումնական գործընթացի անխափան շարժիչ ուժը նրա պրոֆեսորադասախոսական կազմն է: 2025 թ․ ԵՊՀ ԻՄ-ում դասավանդում են 159 դասախոսներ, այդ թվում՝ 13 պրոֆեսոր, 57 դոցենտ, 39 ասիստենտ և 50 դասախոս: Մասնաճյուղն իր ուսումնակրթական գործընթացն իրականացնելու համար ներգրավել է հիմնական և համատեղությամբ աշխատող գիտությունների 6 դոկտորներ՝ պրոֆեսորի գիտական կոչումով, պրոֆեսորի գիտական կոչումով 5 գիտությունների թեկնածուներ, ընդհանուր առմամբ՝ գիտությունների 79 թեկնածուներ:
Մասնաճյուղը կարևորում է տեղական և միջազգային մակարդակներում գործընկերներ բուհերի և ոլորտային կազմակերպությունների հետ համագործակցությունը և շարունակում է ընդլայնել իր միջազգային գործընկերային ցանցը:
Հաշվետու ժամանակահատվածում մասնաճյուղը ստորագրել է 3 միջազգային և 2 հանրապետական համագործակցության կարևոր նշանակության հուշագրեր (Ղազախստանի Գումիլյովի անվան եվրասիական ազգային համալսարանի, Բուլղարիայի Շումենի Կոնստանտին Պրեսլավսկու անվան համալսարանի, Ռուսաստանի առաջին նախագահ Բ. Ն. Ելցինի անվան Ուրալի դաշնային համալսարանի, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հետ):
Կնքվել են նաև տարածաշրջանային նշանակության մի շարք պայմանագրեր:
Հաշվետու տարվա կարևոր ձեքբերումներից է մասնաճյուղի համագործակցությունը «Տավուշ» հեռուստաընկերության հետ: 2025 թ․ սկզբին ԵՊՀ ԻՄ նախաձեռնությամբ և «Տավուշ» ՀԸ հետ համագործակցությամբ մեկնարկել է «Տավուշյան հորիզոններ» հաղորդաշարը, որի նպատակն է ներկայացնել ԵՊՀ ԻՄ պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական ներուժը և բարձրացնել տարածաշրջանային, գիտական, տեխնիկական և սոցիալ-մշակութային թեմաների հանրայնացման մակարդակը: Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են 5 հաղորդում-հանդիպումներ մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ:
2025 թվականը մասնաճյուղի պատմության մեջ ամենալայնածավալ և հավակնոտ ծրագրերի իրականացման, ենթակառուցվածքների արդիականացման, վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքների տարի է: Եվ կարելի է փաստել, որ Մայր բուհի 100 մլն․ դրամ ֆինանսական և հոգեբանական աջակցության արդյունքում մասնաճյուղը լուծում է երկար ժամանակ չհաղթահարվող խնդիրները և հասել է հանգուցալուծման: Այդ խնդիրների շարքում երկար ժամանակ առաջնահերթ է եղել մասնաշենքերից մեկի տանիքի վերանորոգման խնդիրը. 2025 թ․-ին այդ խնդիրը հիմնովին լուծվել է:
Գրեթե ավարտման փուլում են մասնաճյուղի կենտրոնական մասնաշենքի բակի ձևափոխման և հիմնանորոգման աշխատանքները:
Մասնաճյուղում ներդրվել է անվտանգության համակարգ՝ ամբողջ տարածքը վերահսկելու համար, Ուսանողական 3 հասցեում տեղադրվել է տեսաձայնագրման համակարգ, տեղադրվել է հակահրդեհային նոր համակարգ, անցկացվել է հակահրդեհային ցանցի ջրագիծ, ձեռք են բերվել հակահրդեհային սարքեր:
Հաշվետու ժամանակահատվածում ԵՊՀ ԻՄ հաջորդ կարևորագույն ձեռքբերումը Կիրառական արվեստի ֆակուլտետում բացված աշխատարանն է: Մասնաճյուղի տնօրենության և ԵՊՀ աջակցությամբ հաշվետու ժամանակահատվածում հնարավոր եղավ ստեղծել «ԵՊՀ արվեստանոց» աշխատարանը, որը շրջանավարտներին և ուսանողներին հնարավորություն է տալիս ստեղծված հարմարավետ արվեստանոցներում զբաղվել արվեստի տարբեր ճյուղերով, աշխատել մանրանկարչության, խեցեգործության և տեքստիլ ոլորտներում՝ ստեղծելով բազմաթիվ արժեքավոր նմուշներ:
Կիրառական արվեստի ֆակուլտետում ուսանողների ու դասախոսների ուսումնական և մասնագիտական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու և ապահովելու համար թարմացվել է արվեստանոցների գույքը, ձեռք են բերվել անհրաժեշտ քանակի նոր նկարակալներ, դասընթացների իրականացման համար անհրաժեշտ նյութեր և պարագաներ, անհրաժեշտ գրականություն:
Բնական գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների համակարգչային սրահները համալրվել են 20 համակարգիչներով: ԵՊՀ-ն նվիրել է 5 խելացի գրատախտակ, որոնցից 1-ական տեղադրվել են Հումանիտար գիտությունների և Տնտեսագիտության, 3-ը՝ Բնական գիտությունների ֆակուլտետների լսարաններում, ինչի շնորհիվ զգալիորեն բարձրացել է դասընթացների կազմակերպման և վարման արդյունավետությունը: Էրազմուս միջազգային ծրագրի շրջանակում Բնական գիտությունների ֆակուլտետի լաբորատորիաների տեխնիկական վերազինման համար պատվիրվել է շուրջ 10 մլն․ դրամի ուսումնական գույք և սարքավորումներ, այդ թվում՝ 3 խելացի գրատախտակ:
Մասնաճյուղի համար հաջորդ կարևոր ձեռքբերումը 2025 թ․ հոկտեմբերին բուհում պաշտոնապես բացված ԵՊՀ ԻՄ հոգեբանական, ուսումնախորհրդատվական կենտրոնն է, որը վճարովի և անվճար ծառայություններ է մատուցում ինչպես ուսանողներին, այնպես էլ համայնքի բնակիչներին և գործընկեր կառույցներին: 2025 թ․ հոկտեմբերից դեկտեմբեր կարճ ժամանակահատվածում կենտրոնն իրականացրել է ուսուցողական, խորհրդատվական, մեթոդական և մեդիա ակտիվ գործունեություն՝ մարզում ձևավորելով հոգեբանական աջակցության և մասնագիտական զարգացման կարևոր հարթակ:
Մասնաճյուղի ղեկավարության հատուկ ուշադրության կենտրոնում է գրադարանն իր գրքային ֆոնդով և էլեկտրոնային գրադարանով: 2025 թ․ դեկտեմբերի 9-ի դրությամբ հասանելի են գրադարանում առկա գրականության 91 տոկոսը կամ 19920 միավոր գիրք, դասագիրք և «KOHA» համակարգում ամսագիր, «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ի 1257 միավոր գիրք և ամսագիր: Հաշվետու ժամանակահատվածում համակարգ է մուտքագրվել շուրջ 2853 միավոր գրականություն: Առանձնահատուկ պետք է նշել ԵՊՀ գրադարանի աջակցության մասին․ նրա աշխատակիցների աջակցությամբ իրականացվել է ԵՊՀ առցանց քարտարանում բացակայող նոր 876 անուն գրքի և գիտական ամսագրի մուտքագրում: Ընդհանուր առմամբ ԵՊՀ գրադարանը մասնաճյուղի համար մուտքագրել է 3890 անուն նոր գիրք: Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել է օտարալեզու գրականության համալրման գործընթացը նվիրատվությունների և գնումների միջոցով:
ԵՊՀ ԻՄ-ը մշտապես բարելավում է իր կրթական գործառույթները՝ ակտիվացնելով մասնաճյուղում որակի ներքին ապահովման գործընթացները, բարեփոխելով կրթության որակն ու մակարդակը, աջակցելով իր դասախոսական կազմի մասնագիտական որակների բարձրացմանը և ուսանողների կրթական կարիքների բավարարմանը: Մասնաճյուղում որակի ներքին ապահովման գործընթացները համակարգում և իրականացնում է Կրթական բարեփոխումների և որակի ապահովման (ԿԲՈԱ) բաժինը:
Իբրև ամփոփում՝ տնօրենը ուրախությամբ փաստեց, որ մասնաճյուղն արդյունավետ կատարում է իր առջև դրած խնդիրները, և համոզմունք արտահայտեց, որ ունենալով Մայր բուհի նման աջակից և հենարան՝ մասնաճյուղը կդառնա ուսումնագիտական հզոր կենտրոն՝ իր շուրջը հավաքելով մարզի ստեղծագործ ու խելացի երիտասարդությանը:
Մասնաճյուղի՝ 2024-2025 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ տնօրենի հաշվետվությունն ընդունվեց ի գիտություն:
ԵՊՀ ԻՄ 2025 թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականը ներկայացնելիս մասնավորապես նշվեց, որ բյուջեի հոդվածների ցուցանիշները կազմվել են 2024 թ. նախահաշվի կատարողականի ցուցանիշների, ինչպես նաև կանխատեսումների և պլանավորման վրա:
Հաշվետու ֆինանսական տարվա մուտքերը (եկամուտները) կազմում են 464.525,0 հզ. ՀՀ դրամ, իսկ ելքերը (ծախսերը) կազմում են 472.788,0 հզ. ՀՀ դրամ:
Մուտքերի 52%-ը (242.168,0 հզ. ՀՀ դրամ) վճարովի ուսուցման ծառայություններից է, 23.3%-ը (108.193,0 հզ. ՀՀ դրամ) պետական ֆինանսավորումից է:
Ելքերի 78.9%-ը (373.200,0 հզ. ՀՀ դրամ) «Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ և դրան հավասարեցված վճարումներ»-ն են: Ելքերի 2.3%-ը (11.209,0 հզ. ՀՀ դրամ) ուղղվել է ուսանողների կրթաթոշակներին:
2025 թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի վերաբերյալ զեկուցողի հաղորդումն ընդունվեց ի գիտություն:
Գիտխորհրդի նիստում սահմանված կարգով՝ բաց քվեարկությամբ, ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր Սվետլանա Մինասյանի հեղինակած «Педагогический гайдлайн» ուսումնական ձեռնարկը երաշխավորվեց հրատարակման:
Նիստի վերջում ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ. Օթարյանն իրենց կատարած աշխատանքի համար համալսարանականներին շնորհակալություն հայտնեց ու շնորհավորեց Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ՝ մաղթելով, որ գալիք 2026 թվականը լինի խաղաղության, բարօրության, մեծ ձեռքբերումների և հաջողությունների տարի: