2026 թ. ապրիլի 7-ին Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում բացվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին:
Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարությունը, բուհի աշխատակիցներ և ուսանողներ, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատվավոր հյուրեր, արվեստագետներ, ուսուցիչներ, աշակերտներ և քաղաքացիներ:
Բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Մ․ Օթարյանը, Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ, ՀՆՄ անդամ Հ. Ասատրյանը: Նրանք նշեցին, որ ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է նշելու գեղեցիկ սեռի ներկայացուցիչների տոնը, արվեստի լեզվով մեծարելու մեր մայրերին, ընդգծեցին նման նախաձեռնությունների կարևորությունը ոչ միայն համալսարանականների, այլև քաղաքացիների, արվեստասեր հասարակության կյանքում:
Ցուցահանդեսում ներկայացված էին բազմաժանր աշխատանքներ՝ գեղանկարչական գործեր, բնապատկերներ, նատյուրմորտներ, ապակենկարներ, խեցեգործական իրեր, բատիկա, կարպետ, գոբելեն, գրաֆիկական աշխատանքներ և այլն:
Աշխատանքները, որ իրականացված էին գլխավորապես դեկորատիվ և դասական արվեստի սկզբունքներով, ուշագրավ լուծումներով, այցելուներին գեղագիտական մեծ հաճույք պարգևեցին:
Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդեսը կտևի երկու շաբաթ: Մուտքն ազատ է: