2026 թ. ապրիլի 22-ին ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետում կայացավ Երկրի օրվան նվիրված միջոցառում՝ «Անգլերեն և գրականություն», «Ռուսերեն և գրականություն» կրթական ծրագրերի ուսանողների և Ուսխորհրդի անդամների մասնակցությամբ:

Միջոցառումը կազմակերպվել էր Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, ԱՄՆ-ում գործող “Armenian Volunteer Network” (AMVN) / «Հայ կամավորական ցանց» կազմակերպության հայերեն ծրագրերի համակարգող Էմմա Թեմրազյանի նախաձեռնությամբ:

Նախ ներկայացվեցին «Երկրի օրվա» խորհուրդը, երկրի և նրա ռեսուրսների օպտիմալ օգտագործման հեռանկարները: Ուսանողները ոչ միայն անդրադարձան երկիր մոլորակի խնդիրներին, այլև առաջարկներ ներկայացրին երկիրը պահպանելու և շրջակա միջավայրը բարելավելու համար: 

Նշվեց, որ ապրիլի 22-ին աշխարհը տոնում է Երկրի միջազգային օրը: Այն հռչակվել է Բոլիվիայի նախաձեռնությամբ 2009 թ. ապրիլի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում: Բանաձևի համահեղինակ են ՄԱԿ-ի 50-ից ավելի անդամ-պետություններ: Օրվա շրջանակներում բազմաբնույթ բնապահպանական միջոցառումներ, ակցիաներ ու երթեր են անցկացվում աշխարհի բազմաթիվ երկրներում: 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Երկրի միջազգային օրվա կապակցությամբ իր ուղերձում նշել է, որ մարդկությունը Մայր Երկրի հանդեպ իրեն պահում է անչափահաս հանցագործի պես. «Բնությունը մեզ տալիս է այն սնունդը, որը մենք ուտում ենք, օդը, որը շնչում ենք, և ջուրը, որը մենք խմում ենք: Միևնույն ժամանակ, մենք քաոս ենք բերում բնություն. մենք թունավորում ենք մեր մոլորակը բոլոր տեսակի աղտոտիչներով, անխոհեմաբար ոչնչացնում ենք էկոհամակարգերն ու կենսատեսակները, ապակայունացնում կլիման ջերմոցային գազերի արտանետումներով: Սա վնասում է և՛ բնությանը, և՛ մարդկությանը: Համատեղ աշխատելով՝ մենք պետք է վերականգնենք ներդաշնակությունը բնության հետ, ընդունենք կայուն արտադրության և սպառման մոդելները և պաշտպանվենք վտանգներից՝ ստեղծելով աշխատատեղեր, նվազեցնելով աղքատությունը և խթանելով կայուն զարգացումը»: Ըստ այդմ՝ ընդգծվեց այն գաղափարը, որ երկրները պետք է մշակեն նոր ազգային կլիմայական ծրագրեր, որոնց նպատակն է սահմանափակել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը մինչեւ 1,5 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Այդ ծրագրերը կարող են օգտագործվել որպես ազգային անցումային պլաններ և ազգային ներդրումային ծրագրեր՝ հիմք ծառայելով կայուն զարգացման համար՝ ի շահ ապագա սերունդների:

Միջոցառման ամփոփման շրջանակում Է․ Թեմրազյանը նշեց, որ 2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում այլևս չեն վաճառվի պոլիէթիլենային տոպրակներ և պարկեր, մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասք, ինչպես նաև փրփրապլաստից տարաներ և ձողիկներ, որը նախատեսվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում կատարված լրացումներով: Միջոցառման կազմակերպիչը նաև շնորհակալություն հայտնեց «Հայ կամավորական ցանց» կազմակերպության կամավորներին և բոլոր մասնակիցներին՝ ակտիվ ներգրավվածության և քաղաքացիական դիրքորոշման համար: Նա հույս հայտնեց, որ նման նախաձեռնությունները ոչ միայն կունենան տեղեկատվական բնույթ, այլև կլինեն ոգեշնչող՝ ավելի հոգատար և պատասխանատու վերաբերմունք ցուցաբերելու մեր շրջակա միջավայրի նկատմամբ:

Տարածել նյութը
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: