- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Գիտական խորհրդի նիստ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ զարգացման՝ 2025-2030 թթ․ ռազմավարական ծրագրի 2025 թ․ գործողությունների պլանի կատարմանը, ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական աշխատանքների իրականացումից և գնահատումից ուսանողների բավարարվածության հարցման արդյունքներին, 2027 թ․ ընդունելության մասնագիտությունների ցանկին, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Սմբատ Ցուցուլյանին ԵՊՀ գիտական խորհրդում դոցենտի գիտական կոչում ստանալու համար երաշխավորելուն և միջնորդելուն, Օտար լեզուների ու Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտներ Մարատ Զուրաբյանի և Մուշեղ Սարուխանյանի համահեղինակությամբ «Բառերի բուլգակովյան աշխարհը. Ռուս-հայերեն ստուգաբանական բառարան» ուսումնաօժանդակ ձեռնարկը երաշխավորելուն վերաբերող հարցեր:
Նախ ներկայացվեց ԵՊՀ ԻՄ զարգացման՝ 2025-2030 թթ․ ռազմավարական ծրագրի 2025 թ․ գործողությունների պլանի կատարողականը: Նշվեց, որ ըստ 2025-30 թթ․ զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման պլան-ժամանակացույցի՝ 2025 թ․-ին մասնաճյուղի ծրագրի 6 նպատակների իրականացման շրջանակներում պլանավորված խնդիրների համար պետք է իրականացվեր 38 գործողություն՝ արտահայտված համապատասխան արդյունքների ցուցիչներով:
2025 թվականին 2 անգամ իրականացվել է գործողությունների պլանի իրականացման մոնիթորիգ: Ստորաբաժանումները հատուկ ձևաչափով ներկայացրել են հերթական հաշվետու ժամանակահատվածի իրենց գործունեության արդյունքները՝ յուրաքանչյուր գործողության համար նշելով դրա իրականացման վիճակի մասին (կատարված է ամբողջությամբ, ընթացքի մեջ է, կատարված է մասնակի, սկսվել է, բայց կասեցվել է, չի իրականացվել): 2026 թ․ փետրվարին ստորաբաժանումները Ռազմավարական ծրագրի իրականացման մոնիթորինգի հանձնաժողովին ներկայացրել են ձեռք բերված արդյունքների և բացթողումների մասին հաշվետվություն:
Ստորաբաժանումների ներկայացրած հաշվետվությունների և մոնրթորինգի արդյունքների հիման վրա կազմվել է մասնաճյուղի 2025 թ․ կատարողականը: 2025 թ․-ի համար պլանավորված 38 գործողություններից ամբողջությամբ իրականացվել 7-ը (18․4%), ընթացքի մեջ է 23-ը (60․5%), մասնակի կատարված է 2-ը, իսկ 6 գործողությունների համար համապատասխան գործընթացներ չեն իրականացվել:
Ընդգծվեց, որ շատ գործընթացների ընթացքի մեջ լինելու հանգամանքը պայմանավորված է ռազմավարական ծրագրի իրականացման պլանով ամրագրված շարունակական ժամկետներով:
Ներկայացվեցին ռազմավարական ծրագրի 6 նպատակների իրականացման համար ձեռք բերված արդյունքները և բացթողումները: Նշվեց, որ բոլոր նպատակների համար ամբողջությամբ կատարվածների և ընթացքի մեջ գտնվող գործընթացների կատարողականը գերազանցում է 50%-ը:
Անդրադարձ կատարվեց կրթության, գիտական գործունեության, ենթակառուցվածքների արդիականացման, մարդկային ռեսուրսների զարգացման, արտաքին գործընկերների հետ համագործակցության և հանրային ինտեգրման շրջանակներում մասնաճյուղի գրանցած հաջողություններին:
Հաջորդիվ ներկայացվեցին ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական աշխատանքների իրականացումից և գնահատումից ուսանողների բավարարվածության հարցման արդյունքները (2025-2026 ուստարվա 1-ին կիսամյակ): Մասնավորապես նշվեց, որ ելնելով ԵՊՀ ԻՄ ռազմավարական նպատակներից՝ Կրթական բարեփոխումների և որակի ապահովման բաժնի կողմից իրականացվել են հաշվետու ժամանակահատվածում կատարված հետազոտական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ հարցում և դրանց արդյունքների վերլուծություն:
Հարցման նպատակն էր բացահայտել հետազոտական աշխատանքների իրականացման ընթացքում ուսանողներին հանդիպած խնդիրները, հավաքագրել բարելավման առաջարկները, գնահատել նախորդ ուստարվա հետ համեմատության դինամիկան, ակտիվացնել ուսանողների մասնակցությունը հետազոտական աշխատանքներին և խթանել ուսանող-բուհ համագործակցությունը:
Հարցաշարում ընդգրկված հարցերի միջոցով հնարավոր է եղել պարզել ուսանողների բավարարվածությունը հետազոտական աշխատանքների բովանդակությունից և ռեսուրսներից, կատարած աշխատանքից, հետազոտական աշխատանքների կազմակերպումից և դրանց գնահատումից:
Հարցմանը մասնակցել է հետազոտական աշխատանք իրականացրած ուսանողների 71%-ը:
Վերլուծելով տրված պատասխանները՝ ԿԲՈԱ բաժինն առանձնացրել է առաջարկների մի քանի խումբ, որոնք կօգնեն բարելավել հետազոտական աշխատանքի կազմակերպումը և գնահատումը.
1․ Տեղեկատվական և ռեսուրսային ապահովում.
ապահովել հասանելիություն գիտական շտեմարաններին և արդիական աղբյուրներին,
համալրել գրադարանային ֆոնդը (հատկապես հայերեն գրականությամբ),
աջակցել տվյալների և պաշտոնական տեղեկատվության ձեռքբերմանը:
2. Մեթոդական աջակցություն.
տրամադրել հստակ ուղեցույցներ հետազոտական աշխատանքի կատարման համար,
զարգացնել տեղեկատվության որոնման և աղբյուրների գնահատման հմտությունները,
կազմակերպել խորհրդատվություններ և գործնական դասընթացներ:
3. Կազմակերպչական բարելավում.
օպտիմալացնել ուսումնական ծանրաբեռնվածությունը,
համակարգել հանձնարարությունների ժամկետները,
ապահովել աշխատանքի փուլային կազմակերպում:
4. Հետազոտության իրականացման աջակցություն.
աջակցել հարցումների կամ հետազոտության մասնակիցների ներգրավմանը:
Այնուհետև քննարկվեց ԵՊՀ ԻՄ 2027 թ. ընդունելության մասնագիտությունների ցանկը: Առաջարկվեց Բնական գիտությունների ֆակուլտետում 2027 թվականին ընդունելություն իրականացնել նաև «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ու «Բնապահպանություն և բնօգտագործում» հեռակա ուսուցման բակալավրի կրթական ծրագրերով: Գիտական խորհրդի անդամներն ընդգծեցին, որ այդ կապակցությամբ անհրաժեշտ է իրականացնել աշխատաշուկայի զարգացման միտումների և պահանջարկի վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրություն:
Մյուս հարցի շուրջ անցկացված փակ, գաղտնի քվեարկության արդյունքների համաձայն՝ որոշվեց դոցենտի գիտական կոչում ստանալու համար երաշխավորել ԵՊՀ ԻՄ տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Սմբատ Ցուցուլյանին, միջնորդել ԵՊՀ գիտական խորհրդին՝ նրան շնորհել դոցենտի գիտական կոչում և համապատասխան առաջարկով դիմել ՀՀ ԲՈԿ:
Ընթացիկ՝ վերջին հարցի կապակցությամբ նշվեց, որ ԵՊՀ ԻՄ գիտխորհրդի քննարկմանը ներկայացվելուց առաջ Օտար լեզուների ու Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտներ Մարատ Զուրաբյանի և Մուշեղ Սարուխանյանի համահեղինակությամբ «Բառերի բուլգակովյան աշխարհը. Ռուս-հայերեն ստուգաբանական բառարան» ուսումնաօժանդակ ձեռնարկի երաշխավորման հարցը սահմանված կարգով քննարկվել է մասնագիտական ամբիոններում, ֆակուլտետի և մասնաճյուղի մեթոդխորհուրդներում:
ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի նիստում սահմանված կարգով՝ բաց քվեարկությամբ, Օտար լեզուների ու Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտներ Մ. Զուրաբյանի և Մ. Սարուխանյանի համահեղինակությամբ ուսումնաօժանդակ ձեռնարկը երաշխավորվեց տպագրության: