2026 թ. մայիսի 16-30-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, հաստատված ժամանակացույցի համաձայն, նախատեսված է իրականացնել 2025-2026 ուսումնական տարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ 11 մասնագիտության կրթական ծրագրերով:
Մայիսի 16-ին կայացան «Զբոսաշրջություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ռուսերեն և գրականություն» կրթական ծրագրերի շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:
Մայիսի 23-ին տեղի կունենան «Հայոց լեզու և գրականություն», «Հոգեբանություն», «Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «Դիզայն», «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրերի շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:
Մայիսի 30-ին կկայանան «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Պատմություն», «Անգլերեն և գրականություն», «Ֆրանսերեն և գրականություն» կրթական ծրագրերի շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:
«Զբոսաշրջություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի զբոսաշրջության և սերվիսի ամբիոնի ավագ դասախոս, տեխ. գիտ. թեկնածու Սմբատ Դավթյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 12 շրջանավարտներից 3-ը ստացավ «գերազանց», 9-ը՝ «լավ»:
Ավարտական աշխատանքների իրականացման հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է դուրս գալ Տավուշի մարզի սահմաններից և ուսումնասիրել համապետական խնդիրներ, իսկ մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման համար առաջարկել է ուսումնական ծրագրում ներառել նոր առարկա՝ «Տուրիստական քարտեզագրություն և աշխարհագրական տեղեկատվական համակարգեր»:
«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնի դոցենտ, մ․գ․թ․ Գրետա Հակոբյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 14 շրջանավարտներից 11-ը ստացավ «գերազանց», 3-ը՝ «լավ»:
Հանձնաժողովի նախագահը հետագա բարելավման ուղղությամբ նպատակահարմար է համարել, որ պահպանվեր հետազոտության նպատակ-խնդիրներ-եզրակացություններ տրամաբանական կապը, եզրակացությունները լինեին կառուցողական և արտացոլեին հետազոտության հիմնական արդյունքները, որոշ աշխատանքներում օգտագործվեին վերջին տարիների հրապարակումներ: Նրա կարծիքով՝ թեև ընտրված թեմաները հիմնականում արդիական էին, այդուհանդերձ ցանկալի կլիներ ավելի մեծ ուշադրություն դարձնել տեխնոլոգիական զարգացումների արդի միտումներին: Նաև առաջարկվել է առավել շեշտադրել չափորոշչահեն մոտեցումները, խորապես ուսումնասիրել առարկայական ծրագրերը և գործնական նյութերը մշակել ըստ հանրակրթական ռեսուրսների:
«Ռուսերեն և գրականություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մ․գ․դ․, դոցենտ Նաիրա Դալյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 12 շրջանավարտներից 7-ը ստացավ «գերազանց», 4-ը՝ «լավ», 1-ը՝ «բավարար»:
Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է շարունակել հետազոտական աշխատանքները՝ առաջնորդվելով ժամանակակից մեթոդիկայի և պրակտիկայի հիմունքներով, օգտագործել նորագույն գիտական գրականություն, ավելի շատ ուշադրություն դարձնել տեխնիկական թերություններին: Շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման համար նա առաջարկել է օգտագործել ստացած գիտելիքները ապագա աշխատանքի շրջանակներում՝ որպես մանկավարժ:
Բակալավրի որակավորում ստանալու առթիվ ԵՊՀ ԻՄ տնօրենության և անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք ամփոփիչ ատեստավորում անցած մեր շրջանավարտներին՝ նրանց ցանկանալով նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք, իսկ մյուսներին մաղթում ենք հաջող և արդյունավետ պաշտպանություններ: