2026 թ. հունիսի 26-ին ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի մի խումբ աշխատակիցներ փորձի փոխանակման և մասնագիտական գրականության նվիրատվության նպատակով այցելեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:

ԵՊՀ ԻՄ-ում շրջայցից, գրադարանի սպասարկման և ընթերցասրահի աշխատանքային պայմաններին ծանոթանալուց հետո գրադարանային գործի մասնագետների հետ իրականացվեց կլոր սեղան-քննարկում, որին մասնակցեց ԵՊՀ ԻՄ տնօրենի խորհրդական Անուշավան Մակարյանը: Քննարկման ընթացքում արծարծվեցին մասնագիտական և գեղարվեստական գրականության սպասարկման, կորած և արդիականությունը կորցրած գրականության դուրսգման, միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններից օգտվելու խթանման հարցեր:

ԵՊՀ ԻՄ գրադարանի վարիչ Վ․ Պողոսյանը, ներկայացնելով բուհի գրադարանի հնարավորություններն ու աշխատանքային պայմանները, շնորհակալություն հայտնեց Մայր բուհի գրադարանին՝ մշտապես ԵՊՀ ԻՄ գրադարանի կողքին լինելու, մեծաքանակ գրականությամբ ապահովելու, ծրագրային և մեթոդական աջակցություն ցուցաբերելու համար: Վերջինս առանձնակի կարևորեց մեծաքանակ մասնագիտական և ուսումնամեթոդական գրականության, ինչպես նաև գրադարանային ծրագրային ապահովման և մեթոդական ուղեցույցների տրամադրումը, ինչն էապես նպաստել է մասնաճյուղի գրադարանի արդյունավետության բարձրացմանը:

Իր խոսքում ԵՊՀ ԻՄ տնօրենի խորհրդական Ա․ Մակարյանը նշեց գրադարանի ձևավորման և կայացման ընթացքում առկա խոչընդոտների հաղթահարման գործում ԵՊՀ ղեկավարության և գրադարանի ակտիվ աջակցության մասին: Ա․ Մակարյանը հույս հայտնեց, որ նման այցերը կդառնան կանոնավոր՝ թույլ տալով ավելի արագ արձագանքել գրադարանային ոլորտի նոր մարտահրավերներին և փոխանակել լավագույն փորձը:

Այցերն առավել արդյունավետ դարձնելու համար առաջարկվեցին մի քանի լրացուցիչ ուղղություններ.

  • Վարպետության դասեր ուսանողների համար. գրադարանային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մատենագիտական հղումների ձևակերպման և հետազոտական աշխատանքների համար տեղեկատվության որոնման հմտությունների զարգացման դասընթացներ:

  • Մասնագիտական սեմինար-հանդիպումներ գրադարանավարների համար՝ նվիրված գրադարանային նոր ծրագրերին, թվայնացման գործընթացներին և ժամանակակից գրադարանային կառավարման մոտեցումներին:

  • Համատեղ թվային հարթակի ստեղծում՝ էլեկտրոնային ռեսուրսների և հազվագյուտ հրատարակությունների միասնական կատալոգի համար, ինչը թույլ կտա մեծացնել մատչելիությունը ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների համար:

Մայր բուհի գրադարանի աշխատակիցների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ ավելի հագեցած և տպավորիչ  դարձնելու նպատակով կազմակերպվեց Իջևանի քաղաքային այգում և գետափնյա փողոցում շրջայց, որից հետո հյուրերն այցելեցին Մակարվանք:

Այս այցելությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Մայր բուհի և մասնաճյուղի միջև կապերն ամուր են, և նորարարական մոտեցումների ու փոխըմբռնման հիման վրա շարունակվում է գրադարանային համակարգի զարգացումը:

Տարածել նյութը
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: