2026 թ. հոկտեմբերի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բակում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ հիմնադիր տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզ.մաթ. գիտությունների դոկտոր, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր Համլետ Սուրենի Կարայանի հուշարձանի (կիսանդրու) հանդիսավոր բացումը:

Հիշատակի և մեծարման միջոցառմանը մասնակցում էին բուհի ղեկավարության, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ՝ ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը, ԵՊՀ ֆինանսական վերլուծությունների վարչության պետ Տիգրան Գալստյանը, ԵՊՀ ԻՄ տնօրեն Մհեր Օթարյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Համլետ Կարայանի ընտանիքի անդամները և հարազատները, մասնաճյուղի աշխատակազմի անդամները, ուսանողներ, համալսարանականներ, պատվավոր հյուրեր, քաղաքացիներ:

Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության օրհներգով և Երևանի պետական համալսարանի հիմներգով, ապա ներկայացվեցին 32 տարի առաջ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրման պատմությունը, այդ գործում անփոխարինելի դեր ու ներդրում ունեցած մեծ նվիրյալի՝ Համլետ Կարայանի հարուստ ու բովանդակալից կյանքի և գործունեության գլխավոր դրվագները:

Այս օրը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի պատմության մեջ ընդգծվեց որպես նշանակալի օր, քանզի տեղի ունեցավ Հ. Կարայանի հուշարձանի հանդիսավոր բացումը՝ իբրև հարգանքի յուրօրինակ տուրք կրթօջախի հիմնադիր տնօրենին: Հուշարձանի հեղինակն է քանդակագործ, ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի ասիստենտ Տիգրան Բագամյանը:

Միջոցառման ընթացքում մեծարման, հիշատակի և երախտագիտության խոսքերով հանդես եկան ԵՊՀ ԻՄ տնօրեն Մհեր Օթարյանը, ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Համլետ Կարայանի որդին՝ Խաժակ Կարայանը, ԵՊՀ ռեկտորի և ԵՊՀ ԻՄ տնօրենի խորհրդական Անուշավան Մակարյանը և ուրիշներ:

Ելույթ ունեցողների շուրթերով մարմին առավ, գծագրվեց ԵՊՀ ԻՄ հիմնադիր տնօրենի, բացառիկ ընդունակություններով օժտված անհատականության, մեծ ուսուցչի, մտավորականի, գիտական ուղղության հիմնադրի, հազվագյուտ մարդու և հայրենասերի կերպարը:

Անդրադարձ կատարվեց նրա ծանրակշիռ վաստակին և հատկապես ՀՀ հյուսիսարևելյան տարածաշրջանում համալսարան հիմնելու նրա մտահղացմանն ու գործադրած մեծ ջանքերին: Այս համատեքստում ընդգծվեց, որ սահմանամերձ մարզում հիմնադրվելիք համալսարանը նախ և առաջ պիտի լուծեր ռազմավարական խնդիր, ապա իրականացներ իր կրթադաստիարակչական ու գիտամշակութային վեհ առաքելությունը: 

ԵՊՀ ԻՄ տնօրենը, Համլետ Կարայանի տիկինը և թոռը՝ կրտսեր Համլետ Կարայանը, հանդիսավորությամբ բացեցին արձանը: 

Միջոցառման մյուս հատվածում տեղի ունեցավ 2026-2027 ուսումնական տարվա առաջին կիսամյակում անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների (ցուցակը կարող եք տեսնել այստեղ) հավաստագրերի հանձնման արարողությունը: ԵՊՀ ԻՄ-ում գործող «Համլետ Կարայան» անվանական կրթաթոշակը հանձնեց Խաժակ Կարայանը:

Միջոցառումը եզրափակվեց ազգային պարերով:

Տարածել նյութը
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: