ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Երևանի «Գլաձոր» համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի իրականացման շրջանակներում 2024 թ. հոկտեմբերի 25-26-ին ԵՊՀ ԻՄ-ում կազմակերպվեց երկօրյա հրավիրյալ դասախոսություն-վարպետության դաս «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողների համար` նվիրված նեղ ոլորտային (իրավաբանական և բժշկական) մասնագիտական անգլերենի գիտելիքների, կարողությունների ու հմտությունների զարգացմանը:
ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ իրականացվեցին «Language and Power Dynamics in Legal and Medical Discourses» խորագրով երկօրյա վարպետության դաս-աշխատարաններ, որոնք վարեց Երևանի «Գլաձոր» համալսարանի լեզուների ամբիոնի վարիչ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ Լիլիթ Սահակյանը: Վարպետության դասերի նպատակն էր աջակցել ԵՊՀ ԻՄ «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության ավագ կուրսերի ուսանողներին խորացնելու իրենց գիտելիքները և հմտությունները նեղ ոլորտային դիսկուրսում (խոսույթում), մասնավորապես` կարողանալ ճանաչել և վերլուծել իրավական և բժշկական անգլերեն գրավոր և բանավոր հաղորդակցությանը հատուկ լեզվական և լեզվամշակութային առանձնահատկությունները և դրանց միջոցով մասնագիտական ուժի և իշխանության ներգործության դրսևորումները:
Առաջին օրվա դասախոսության թեման էր «Անգլերեն իրավական խոսույթի ճշգրտությունը և անորոշությունը (կտակների և պայմանագրերի նյութի հիման վրա)» (“Precision and Vagueness in Legal English Discourse (with special reference to last will and testaments and contracts)”): Դասախոսության ընթացքում ներկայացվեց, թե ինչպես է նեղ ոլորտային եզրույթների, համամասնական բառամթերքից լեզվական միավորների ճշգրիտ ընտրությամբ, շարահյուսական կառույցների և ոճաբանական հնարների միջոցով դիտավորյալ անորոշություն ստեղծվում, միևնույն ժամանակ խոսույթի հստակություն ապահովվում: Բացատրվեց, թե ինչպես կարելի է լեզվաոճական միջոցների ճշգրիտ կիրառմամբ նպաստել իրավական տեքստերի հստակությանը և կողմերի շահերի պաշտպանությանը, դիտավորյալ անորոշության ռազմավարական դրսևորումներով նվազեցնել հակասությունները:
Երկրորդ օրը Լ. Սահակյանը դասախոսություն վարեց «Մասնագիտական հեղինակության և մշակութային զգայունության հավասարակշռումը անգլերեն բժշկական խոսույթում» (“Balancing Professional Authority with Cultural Sensitivity in Medical English Discourse”) թեմայով: Մասնավորապես քննարկվեցին անգլերեն բժշկական խոսույթում մասնագիտական հեղինակության հաստատման լեզվական միջոցները, խոսքի միջոցով մշակութային զգայունության պահպանման մեթոդները, հստակ, հարգալից և կարեկցող հաղորդակցության միջոցով վստահության ստեղծման մոտեցումները: Հատուկ անդրադարձ կատարվեց բժշկական անգլերենի լեզվական նրբություններին, որոնք նպաստում են բժշկական փաստաթղթերի ընկալմանը, ճշգրիտ թարգմանությանը, իսկ բանավոր թարգմանության ժամանակ բժիշկ-բուժառու հաղորդակցությունը ճշգրիտ ընկալելուն, ինչպես նաև, մշակութային առանձնահատկությունները հաշվի առնելով, որակյալ ու ճշգրիտ բանավոր թարգմանություն ապահովելուն:
Հուշագրի շրջանակներում իրականացված վարպետության դասն օգնեց ուսանողներին բժշկական կոնկրետ ոլորտների բառապաշարի ուսումնասիրության միջոցով զարգացնելու հմտություններ, որոնք կնպաստեն բժշկական անգլերեն գրավոր և բանավոր հաղորդակցությունը վերլուծելուն և թարգմանելուն: