ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ս.թ. հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ տնօրենության նիստ՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ:

Նիստում քննարկվեցին ուսման վարձավճարների փոխհատուցման շրջափոխման (ռոտացիայի) արդյունքներին, «e-learning» և «Registrar» համակարգերում ծագած խնդիրներին, այս կիսամյակի 1-ին ընթացիկ ստուգումների և քննությունների նախապատրաստման, պրակտիկաների կազմակերպման, ավարտական աշխատանքների թեմաների հաստատման ընթացքին, հեռակա ուսուցման բակալավրի և մագիստրատուրայի՝ այս կիսամյակի ուսումնական պարապմունքների նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր, ամփոփվեցին վճարովի համակարգում սովորող ուսանողների վարձավճարների զեղչերի արդյունքները:

Ուսման վարձավճարների փոխհատուցման շրջափոխման (ռոտացիայի) արդյունքների մասին զեկուցեց փոխտնօրեն Մ. Օթարյանը: Մասնավորապես նշվեց, որ ԵՊՀ ԻՄ ֆակուլտետների մանդատային հանձնաժողովները մասնաճյուղի մանդատային հանձնաժողովի քննարկմանը և հաստատմանն են ներկայացրել 2024-25 ուստարում ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցման վերաբերյալ արձանագրությունները և մրցույթով անցած ուսանողների վերաբերյալ ցուցակները: Մանդատային հանձնաժողովները նախորդող ուսումնական տարվա երկու կիսամյակի քննաշրջանների համար նախատեսված ժամանակահատվածում հանձնած քննությունների գնահատականների միջին ցուցանիշների հիման վրա կազմել են ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցման հավակնորդ ուսանողների ցուցակները: Շրջափոխման արդյունքների համաձայն՝ 2024-2025 ուստարում ուսման վճարի լրիվ փոխհատուցման իրավունք է ստանում 133 ուսանող, որոնցից 87-ը՝ գերազանց առաջադիմությամբ (4 ուսանող՝ 20.00 ՄՈԳ-ով): Անվճարից վճարովի ուսուցման համակարգ է անցել 25 ուսանող, որոնցից 3-ը ներկայացվել է ուսման վարձի 100% փոխհատուցման, 1 ուսանող անցել է պարտադիր զինվորական ծառայության,  1 ուսանող ազատվել է համալսարանից՝ համաձայն իր  դիմումի:

«e-learning» և «Registrar» համակարգերում ծագած խնդիրների վերաբերյալ զեկուցեցին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Դավթյանը և Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի վարիչ Տ. Խաչատրյանը: Զեկուցողները ներկայացրին 2024-2025 ուստարվանից այդ համակարգերում առաջացած տեխնիկական ու ծրագրային խնդիրները, դրանց արդեն տրված կամ նախատեսված լուծումները: Հատուկ անդրադարձ կատարվեց ԵՊՀ ռեկտորի, ԵՊՀ ԻՄ ուսումնամեթոդական վարչության և փոխտնօրենի կողմից համապատասխան ստորաբաժանումներին ուղարկված շրջաբերականներին, որոնք վերաբերում էին սահմանված ժամկետներում բակալավրի առկա ուսուցման 1-ին կիսամյակում դասավանդվող դասընթացների ժամանակացույցները, հարցաշարերը և հիմնական ուսումնական նյութերը դասախոսների կողմից «e-learning» համակարգում տեղադրելուն: Տնօրենի կողմից Ուսումնամեթոդական վարչությանը հանձնարարվեց հետևողական լինել, որ որոշ դասընթացների դեպքում արձանագրված օրինակելի պլանից շեղումներն ու թերացումներն անմիջապես շտկվեն:

2024-2025 ուստարվա 1-ին կիսամյակի 1-ին ընթացիկ ստուգումների և քննությունների նախապատրաստման ընթացքի մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները և Ուսումնամեթոդական վարչության պետը՝ մասնավորապես նշելով, որ իրականացվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ:

2024-2025 ուստարվա I կիսամյակի 1-ին ընթացիկ ստուգումները և քննությունները, ըստ ժամանակացույցի, իրականացվելու են ս.թ. հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում: Ֆակուլտետների դեկանները ամբիոնների դասախոսների հետ քննարկելուց հետո Ուսումնամեթոդական վարչություն են ներկայացրել ընթացիկ ստուգումների և քննությունների կազմակերպման ժամանակացույցները, դրանք տեղադրվել են պաշտոնական կայքէջում, և դրանց մասին իրազեկվել են դասախոսները և ուսանողները: Ուսումնամեթոդական վարչության կողմից ֆակուլտետներին տրամադրվել են քննությունների համար նախատեսված տետրերը: Նշված և այլ նախապատրաստական աշխատանքներից հետո մասնաճյուղը պատրաստ է այս կիսամյակի 1-ին ընթացիկ ստուգումների և քննությունների իրականացմանը:

ԵՊՀ ԻՄ-ում 2024-25 ուստարվա 1-ին կիսամյակում պրակտիկաների կազմակերպման ընթացքի մասին զեկուցեց Պրակտիկաների կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի վարիչ Լ. Բեգինյանը: Ներկայացվեց, որ այս կիսամյակում, ըստ բակալավրի և մագիստ­րատուրայի աշխատանքային ուսումնական պլանների, նախատեսված է 14 պրակ­տիկա (9-ը՝ առկա ուսուցման համակարգում, 5-ը՝ հեռակա): Առկա ուսուցման համակարգի 9 պրակտիկաներից 4-ը ման­կավարժական է, 3-ը՝ մասնագիտական, 2-ը՝ ուսումնական: Հեռակա ուսուցման համակարգի 5 պրակտիկաներից 2-ը մանկավարժական է, 3-ը՝ մասնագիտական: Մինչև այժմ կազմակերպվել են առկա ուսուցման պրակտիկաները:

Ավարտական աշխատանքների թեմաների հաստատման ընթացքի վերաբերյալ զեկուցեցին ֆակուլտետների դեկանները: Նրանք նշեցին, որ 2024-25 ուստարվա առկա ուսուցման ավարտական աշխատանքների թեմաներն արդեն հաստատվել են ֆակուլտետների գիտական խորհուրդների՝ ս.թ. հոկտեմբերին կայացած նիստերում, իսկ հեռակայինը կհաստատվեն նոյեմբերին կայանալիք նիստերում: Հաստատվելուց առաջ դրանք քննարկվել են մասնագիտական ամբիոններում, կատարվել են անհրաժեշտ շտկումներ, ստուգվել է թեմաների համապատասխանությունը կրթական ծրագրերի վերջնարդյունքներին, մի քանի տարվա կտրվածքով դրանց կրկնությունների բացառումը: Այս հարցի կապակցությամբ տնօրենն ընդգծեց նախնական անոտացիաների պատրաստման, ինչպես նաև աշխատանքների կատարման ընթացքի մասին ամբիոններում առկա մատյանները ղեկավարների և ուսանողների կողմից պատշաճ լրացման կարևորությունը:

Հեռակա ուսուցման բակալավրի և մագիստրատուրայի՝ 2024-25 ուստարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեցին դեկանները և ՈՒՄՎ պետը: Զեկուցողները նշեցին, որ այս կիսամյակի հեռակա ուսուցման բակալավրի ուսումնական պարապմունքները կմեկնարկեն ս.թ. նոյեմբերի 5-ից, իսկ մագիստրատուրայինը՝ նոյեմբերի 12-ից: Կատարվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես՝ կազմվել են II-V կուրսերի դասացուցակները (քանի որ ընդունելության քննություններն ընթացքի մեջ են, առաջին կուրսեր դեռ չեն ձևավորվել), դրանք հիմնականում արդեն տեղադրվել կամ ուղարկվել են պաշտոնական կայքում տեղադրման, իրականացվել է լսարանային ֆոնդի բաշխում և այլն:

Վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողների վարձավճարների զեղչերի (ԵՊՀ ԻՄ մանդատային հանձնաժողովին ներկայացված դիմումների հիման վրա) արդյունքներն ամփոփեց փոխտնօրեն Մ. Օթարյանը: Մասնավորապես նշվեց, որ 2024-25 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում է ստացել առկա ուսուցման համակարգի 17 ուսանող: Նրանցից 6-ն ունի մինչև 1 տարեկան երեխա (50% զեղչ), 4-ը միակողմանի ծնողազուրկ է (50% զեղչ), 3-ը մարտական գործողությունների մասնակցի երեխա-ուսանող է (20%), 2-ը մարտական գործողությունների մասնակից է (30%), 1 ուսանող ԵՊՀ ԻՄ աշխատակցի երեխա-ուսանող է (80%), 1 ուսանող ունի առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնող (30%):

ԵՊՀ ԻՄ մանդատային հանձնաժողովին ներկայացված դիմումներից բացի՝ ուսանողների վարձավճարների զեղչում է իրականացվում անմիջապես տնօրենին ուղղված դիմումների հիման վրա, որոնց արդյունքները կամփոփվեն տնօրենության առաջիկա նիստում: 

Լուսանկարներ
Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: