- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- «Ես և իմ մասնագիտությունը» թեմայով բաց դաս-սեմինար
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Բաց դասի ընթացքում ուսանողներին ներկայացվեցին մասնագիտական ուղին ընտրելու սկզբունքները, մասնագիտական կայացման ճանապարհին հանդիպող դժվարությունները և դրանք հաղթահարելուն ուղղված քայլերը: Խոսվեց բարձրագույն ուսման ժամանակ և դրան հաջորդող հիասթափությունների մասին, որոնք առաջանում են ավարտական կուրսում սովորող ուսանողների շրջանում: Մասնավորապես ընդգծվեց, որ նմանատիպ հիասթափություններն առաջանում են ապագայի հանդեպ եղած անորոշության զգացումից, ինչն էլ իր հերթին բխում է մասնագիտական բարձրագույն կրթություն ստանալիս հեռահար ճշգրիտ նպատակների տարտամությունից: Ըստ այդմ՝ խորհուրդ տրվեց ուսանողներին հստակ սահմանել այն նպատակը, որին պետք է հասցնի ընտրված ճանապարհը:
Ս. Հովհաննիսյանն անդրադարձավ նաև այն հուսադրող մոլորություններին, թե հնարավոր է անմիջապես բուհական կրթությունից հետո հասնել մասնագիտական կայացման, լավ եկամուտի և հեղինակավոր մասնագիտական աշխատանքի: Այս առիթով ուսանողներին ներկայացվեց, թե ինչ է մասնագիտության պահանջվածությունը, թե ինչպես կարելի է մասնագետների հսկայական բանակի մեջ սեփական տեղն ու դերը գտնել, թե ինչքան կարևոր են բազմազան ու հիմնավոր գիտելիքների կուտակումը և ինքնակրթությունը:
Բանասիրության տեսանկյունից ժամանակակից աշխատաշուկային անդրադառնալով՝ Ս. Հովհաննիսյանը խոսեց կադրային լճացման խնդրի, դրա առաջացման պատճառների և մասնագիտական բացառիկ արտադրանք տալու ներուժի զարգացման մասին: Անդրադարձ կատարվեց գիտական ժամանակակից ուղղվածությունների նշանակությանը դասական գիտության համատեքստում, մասնագետի համապատասխանեցմանը ժամանակի գիտակրթական ձևաչափերին, մասնագետի և սեփական մասնագիտության ներդաշնակությանը: Վերջին դրույթների հիման վրա բացատրվեց նախաավարտական դեպրեսիաների պատճառը: Ս. Հովհաննիսյանը խոսեց նաև սկսնակ մասնագետի բարձր նկրտումների մասին, այդ նկրտումների և տարատեսակ խոչընդոտների առերեսման պատճառով առաջացող նահանջների մասին:
Կարևորվեցին մասնագիտական կեցվածքը, յուրաքանչյուր պարտադիր փուլի անցումից առաջացող բնական, բայց անհարկի մեծամտության հաղթահարումը և բարդ իրականության հետ առճակատումից արժանապատիվ կերպով դուրս գալու համար անհրաժեշտ որակների մշակումը: Ուսանողներին ներկայացվեց այն տարածված խնդիրը, երբ որպես բարձրագույն կրթություն մատուցվող մասնագիտությունը ընտանիքի, հարազատների կողմից անհատից որոշակի սպասումների կամ նույնիսկ պարտադրանքի ազդեցությամբ է ձեռք բերվում, և դա հետագայում խնդիր է առաջացնում կա՛մ ունենալ համարձակություն և շրջադարձ կատարել, կա՛մ պարզապես դուրս մնալ մասնագիտական կայացման ընթացքից: Հատուկ անդրադարձ եղավ անհատական, անձնային անհրաժեշտ որակներին և գործընկերային փոխհարաբերություններին:
Ս. Հովհաննիսյանը մի շարք անձնական օրինակներով ներշնչեց ուսանողներին, որ ցանկացած դժվարություն կոչված է նպատակասլաց և համառ մասնագետին ավելի լավը դարձնելու, ուստի բոլոր բարդ իրադրությունների մեջ անհրաժեշտ է հիշել գլխավոր նպատակը և սահմանել նոր նպատակներ՝ յուրացնելով նոր գիտելիքներ և հմտություններ: