2025 թ. փետրվարի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ավարտական կուրսի մագիստրոսական թեզերի պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Շիրակի «Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Սպարտակ Սողոյանը:
Թեզերն իրականացվել էին համաձայն  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հեռակա ուսուցման մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգի:
Պաշտպանությանը մասնակցել է 19 ուսանող, որոնցից 9-ը ստացել է «գերազանց», 10-ը՝ «լավ»:
Ըստ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի՝ պաշտպանությունը կազմակերպված էր բարձր մակարդակով, ապահովված էին բոլոր պայմանները գործընթացը պատշաճ իրականացնելու համար: 
Աշխատանքների մեծ մասն աչքի էր ընկնում յուրօրինակ լուծումների, նորարարական և հետազոտական տարրերի առկայությամբ, վերհանված խնդիրների համակողմանի ուսումնասիրությամբ և վերլուծությամբ: 
Պաշտպանության ընթացքում շրջանավարտները բավականին վստահ ներկայացնում էին սեփական տեսակետները:
Մագիստրոսական թեզերի իրականացման և շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովը կատարել է դիտարկումներ և առաջարկություններ: Մասնավորապես նշվել է, որ շահեկան կլինի, եթե աշխատանքներում ավելի շատ կարևորվեն միջառարկայական կապերը, այդ ուղղությամբ ներկայացվեն գիտական վերլուծություններ և օրինակներ:
Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ պետք է խրախուսել ազատ, անբռնազբոս, հակիրճ, դատողական և գնահատող խոսքը, զարգացած հաղորդակցման մշակույթը:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտությամբ մագիստրատուրայի 2025 թ. շրջանավարտներին՝ ցանկանալով, որ իրենց ձեռք բերած կարողունակությունները լիարժեք ծառայեցնեն մեր երկրի զարգացմանը և առաջընթացին:
 

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: