2025 թ. հուլիսի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի նիստ՝ Մ. Մ. Օթարյանի նախագահությամբ:

Նիստում հաստատվեցին 2025-2026 ուստարում ԵՊՀ ԻՄ ֆինանսական միջոցների հաշվին տրամադրվող անվանական կրթաթոշակների քանակն ու չափը, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերը, Կրթական բարեփոխումների և որակի ապահովման, Ֆինանսական ռեսուրսների կառավարման բաժինների կանոնակարգերը:

Քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ 2025 թ. հարցման արդյունքներին, ԵՊՀ ԻՄ սովորողների պրակտիկայի կազմակերպման գործընթացին, ԵՊՀ ԻՄ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, հ․գ․թ․ Ռ․ Աղուզումցյանի խմբագրությամբ «Մասնագիտական կողմնորոշում» ուղեցույցը հրատարակման երաշխավորելուն վերաբերող հարցեր:
ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ 2025 թ. հարցման արդյունքների մասին զեկուցեց մասնաճյուղի տնօրենի խորհրդական, ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդին կից որակի կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Մակարյանը: Մասնավորապես նշվեց, որ ԵՊՀ ԻՄ ուսանողակենտրոն գործունեությունն ու թափանցիկ կառավարումը հնարավորություն են տալիս և՛ ներքին, և՛ արտաքին շահակիցներին մշտապես իրազեկված և տեղեկացված լինել բոլոր գործընթացներից, նաև դառանալ դրանց արդյունավետության գնահատման անմիջական մասնակիցներ և իրենց առաջարկներով աջակցել դրանց բարելավմանն ու զարգացմանը: 

ԵՊՀ ԻՄ կրթական բարեփոխումների և որակի ապահովման բաժինը յուրաքանչյուր ուսումնական տարվա ընթացքում տարբեր մեխանիզմներով և ուսումնասիրություններով վերհանում է շահակիցների կարիքները և խնդիրները, հավաքագրում է նրանց առաջարկները, վերլուծում և տրամադրում համապատասխան ստորաբաժանումներին՝ լուծումներ առաջարկելու համար:
Հերթական ամենամյա ուսումնասիրությունն առցանց հարցման միջոցով իրականացվել է մասնաճյուղի՝ 2024-25 ուստարվա շրջանավարտների (բակալավրիատի և մագիստրատուրայի) շրջանում: Հարցման նպատակն էր պարզել շրջանավարտների բավարարվածությունը մասնաճյուղում ուսումնական գործընթացի կազմակերպումից և իրականացումից, պրակտիկաների կազմակերպումից, մատուցվող ծառայություններից և ռեսուրսներից, համալսարանական միջավայրից, գնահատման գործող համակարգից, գնահատման օբյեկտիվությունից և այլն: 

Թե՛ բակալավրիատում, թե՛ մագիստրատուրայում գրանցվել են առցանց հարցումների տեսանկյունից մասնակցության բարձր ցուցանիշներ:
Հարցման արդյունքները մշակվել և ընդհանրացվել են ըստ ֆակուլտետների, ըստ կրթական ծրագրերի և գիտխորհրդի անդամներին են ներկայացվել միջին գնահատականներով կամ տոկոսներով:
Արդյունքների համաձայն՝ բակալավրիատում հարցման մասնակից ուսանողների 47.4%-ը պատրաստվում է շարունակել ուսումը: Հատկապես մեծ է ցանկությունը «Անգլերեն լեզու և գրականություն», «Հայոց լեզու և գրականություն», «Պատմություն», «Զբոսաշրջություն», «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրերի շրջանավարտների դեպքում: Հարցման մասնակիցներից 36․8%-ն արդեն աշխատում է, որից 12%-ը՝ մասնագիտությամբ, իսկ ևս 24․8%-ն արդեն կողմնորոշված է աշխատանքի հարցում: Մագիստրատուրայում աշխատանքային զբաղվածության հարցի վերաբերյալ 2024 թ․ արդյունքները վկայում են, որ մեծ թվով շրջանավարտներ աշխատում են, սակայն միայն մի մասն է աշխատում մասնագիտությամբ: 2025 թվականին նկատվում է աշխատաշուկայում մասնագիտական զբաղվածության զգալի աճ՝ համեմատած 2024-ի հետ:

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից կոռուպցիոն ռիսկերի նվազման և կոռուպցիոն երևույթների դրսևորման բացառման համար իրականացվող աշխատանքներն արդարացված են: Այսպես՝ «Ուսումնառության ընթացքում հարկադրվա՞ծ եք եղել վճարել մասնավոր պարապմունքների համար գնահատական (ստուգարք) ստանալու նպատակով» հարցին 2024 և 2025 թվականներին բոլոր հարցվածները (100%) նշել են, որ մասնավոր պարապմունքների համար՝ գնահատական (ստուգարք) ստանալու նպատակով, հարկադրված վճարելու դեպքեր չեն եղել:
Բակալավրիատում հարցման մասնակից շրջանավարտների 94.4%-ը նշել է, որ խորհուրդ կտա իր մերձավորներին կրթություն ստանալ ԵՊՀ ԻՄ-ում, իսկ մագիստրատուրայում՝ շրջանավարտների 95%-ը:
Շրջանավարտների կողմից մասնաճյուղի համար նշված ուժեղ կողմերից են կրթության բարձր որակը, պրոֆեսիոնալ դասախոսական կազմը՝ օժտված հիանալի մարդկային որակներով, ղեկավարության սրտացավությունը, ուսանողակենտրոն մոտեցումը, վարձավճարների մատչելիությունը և այլն:

ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ 2025 թ. հարցման արդյունքների մասին Ա. Մակարյանի հաղորդումն ընդունվեց ի գիտություն:
Հաջորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ սովորողների պրակտիկայի կազմակերպման գործընթացի վերաբերյալ զեկուցեց Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության (ՊԿՇՀ) բաժնի վարիչ Լ. Բեգինյանը: Ներկայացվեց, որ 2024-2025 ուստարում, ըստ բակալավրի և մագիստրատուրայի աշխատանքային ուսումնական պլանների, Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության (ՊԿՇՀ) բաժնի կողմից կազմակերպվել է 49 պրակտիկա (ինը ուսումնական - 5՝ առկա ուսուցում, 4 հեռակա ուսուցում, տասներկու մանկավարժական - 8՝ առկա ուսուցում, 4՝ հեռակա ուսուցում, քսանութ մասնագիտական - 18՝ առկա ուսուցում, 10՝ հեռակա ուսուցում):

Պրակտիկաները կազմակերպվել են ըստ ժամանակացույցի և մասնագիտական ամբիոնների կողմից ՊԿՇՀ բաժին ներկայացված ծրագրերի:
Ուսումնական պրակտիկան կազմակերպվել է «Պատմություն», «Զբոսաշրջություն», «Դեկորատիվ-կիրառական արվեստ» և «Դիզայն» կրթական ծրագրերով: Գործընթացին մասնակցել է 122 ուսանող: Ուսումնական պրակտիկայի ընթացքում, կրթական ծրագրի կարիքներից ելնելով, ուսանողները որոշ տեսակի աշխատանքների կատարմամբ (հանձնարարված թեմաների ուսումնասիրություն, տեղեկատվության հավաքագրում, համակարգում, վերլուծում, ստեղծագործական աշխատանքների կատարում) զարգացրել են իրենց կարողությունները՝ ուղղված իրենց հետագա մասնագիտական գործունեությանը: Դրանք կազմակերպվել են մասնաճյուղում և մասնաճյուղից դուրս՝ ընդգրկելով տարբեր բնաշխարհագրական տարածքներ և օբյեկտներ: Ուսումնական պրակտիկաների ստուգարքների ամփոփմամբ ակադեմիական պարտք է կուտակել հեռակա ուսուցման «Պատմություն» կրթական ծրագրի 5 ուսանող:

Մանկավարժական (նաև մասնագիտական) պրակտիկաների ավարտին ՊԿՇՀ բաժնի կողմից կատարվել է արտաքին շահակիցների հարցում՝ նպատակ ունենալով պարզել արտաքին շահակիցների կարծիքը պրակտիկա անցած ուսանողների մասնագիտական և անձնային որակների վերաբերյալ:

Իրականացվել է նաև մասնագիտական պրակտիկայի վերաբերյալ ուսանողական հարցում e-learning.ysu.am համակարգի միջոցով՝ նպատակ ունենալով ստանալ հետադարձ կապ պրակտիկայի ամբողջ ընթացքի վերաբերյալ (սկսած նախապատրաստությունից մինչև ամփոփիչ գնահատում):
Ընդգծվեց, որ այդ գնահատականները կարևոր հիմք են ապագա կազմակերպչական և մեթոդական բարելավումների համար:
Նշվեց, որ ՊԿՇՀ բաժինը արտաքին շահակիցների և ուսանողական հարցման արդյունքների վերլուծությունը կտրամադրի մասնագիտական ամբիոններին՝ քննարկումներ կատարելու և համապատասխան որոշումներ կայացնելու համար:
ԵՊՀ ԻՄ սովորողների պրակտիկայի կազմակերպման գործընթացի մասին Լ. Բեգինյանի հաղորդումն ընդունվեց ի գիտություն:

Վերջին՝ ընթացիկ հարցի առնչությամբ նշվեց, որ ԵՊՀ ԻՄ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, հ․գ․թ․ Ռ․ Աղուզումցյանի խմբագրությամբ «Մասնագիտական կողմնորոշում» ուղեցույցը պատրաստվել է «Հոգեբանություն» կրթական ծրագրի այժմյան երրորդ կուրսի ուսանողների կողմից՝ որպես գիտահետազոտական ինքնուրույն աշխատանք և փորձարարական հոգեբանություն առարկայի հանձնարարական: Այն ուղղված է հոգեբանության և մանկավարժության մասնագիտությունների ուսանողներին, կարող է օգտակար լինել նաև միջնակարգ կրթության կազմակերպիչների համար: Ուղեցույցն անցել է սահմանված բոլոր ընթացակարգերով և հրատարակման երաշխավորվելու նպատակով ներկայացվել է ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի քննարկմանը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը, ղեկավարվելով ԵՊՀ ԻՄ կանոնադրության 23-րդ կետի 17-րդ ենթակետով և Գիտական խորհրդի աշխատակարգի 4-րդ կետի 17-րդ ենթակետով, որոշեց ԵՊՀ ԻՄ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, հ․գ․թ․ Ռ․ Աղուզումցյանի խմբագրությամբ «Մասնագիտական կողմնորոշում» ուղեցույցը երաշխավորել հրատարակման:
 

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: