2026 թ. հունիսի 22-26-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ներկայացուցիչները Համբուրգի կիրառական գիտությունների համալսարանում (HAW Hamburg) մասնակցեցին DIGITECH Erasmus+ CBHE նախագծի աշխատանքային հանդիպմանը: Օրակարգը ներառում էր ինտենսիվ քննարկումներ, փորձի փոխանակում և գործնական այցեր՝ ուղղված կրթական ծրագրերի արդիականացմանն ու թվային տեխնոլոգիաների ինտեգրմանը:

Աշխատանքային շաբաթվա ընթացքում գործընկեր համալսարանները քննարկեցին ինժեներական կրթության կարողունակահեն մոտեցումները, կրթական ծրագրերի կարիքների գնահատման արդյունքները, ուսումնառության արդյունքների հիման վրա մոդուլների նախագծման և նկարագրման գործընթացները, ինչպես նաև համալսարաններում նոր կրթական ծրագրերի ներդրման հաջորդ քայլերը:

Ծրագրի կարևոր բաղադրիչներից էին նաև թեմատիկ սեմինարները՝ նվիրված արհեստական բանականության ազդեցությանը աշխատաշուկայի վրա, կիբերանվտանգությանը, նախագծահեն ուսուցման մեթոդաբանությանը և Համբուրգի կիրառական գիտությունների համալսարանի լավագույն կրթական փորձին: 

Աշխատանքային այցի ընթացքում մասնակիցները շրջայց կատարեցին համալսարանի մի շարք լաբորատորիաներում, ծանոթացան ջրածնային շարժիչային համակարգերի, բիզնես նորարարությունների, կառավարման համակարգերի և ավտոմատացման ինժեներիայի լաբորատորիաների գործունեությանը՝ ուսումնասիրելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը կրթության և հետազոտության մեջ:

Այս հանդիպումը կարևոր հնարավորություն էր միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման, համատեղ աշխատանքների համակարգման և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ժամանակակից, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթական ծրագրերի զարգացման համար:

DIGITECH «Տեխնոլոգիական գործընթացների և արտադրության թվայնացման մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ Erasmus+ ծրագրի Բարձրագույն կրթության կարողությունների զարգացման (Capacity Building in Higher Education – CBHE) ուղղության շրջանակում:

Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետների, մոտեցումների և ներկայացված տեղեկատվության համար պատասխանատու են ծրագիրն իրականացնողները, և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշումը:

#DIGITECH#Automation#AIandML#Barchelor#Robotics

Տարածել նյութը
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: