Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Միջազգային աշնանային դպրոց՝ նվիրված ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին

ԵՊՀ ԻՄ (34)Սիրելի՛ ուսանողներ, Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա), ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև համագործակցության շրջանակներում «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» հեռավար լաբորատորիան 2024 թ. սեպտեմբերի 19-23-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների համար կկազմակերպի միջազգային աշնանային դպրոց, որը բաղկացած կլինի դասախոսություններից և դաշտային գիտահետազոտական աշխատանքներից:

Դասախոսությունները կանցկացվեն ԵՊՀ ԻՄ-ում, իսկ դաշտային գիտահետազոտական աշխատանքները՝ Տավուշի նշանավոր հուշարձաններում: Աշնանային դպրոցի աշխատանքները կհամակարգեն Զալցբուրգի համալսարանի քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, հայագիտության բաժնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը և ՀՀ ԳԱԱ ՀԱԻ «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» հեռավար լաբորատորիայի համաղեկավար Հայկուհի Մուրադյանը: Դպրոցին կմասնակցեն ուսանողներ նաև Ավստրիայից:

Աշնանային դպրոցի նպատակն է ուսանողներին ծանոթացնել Տավուշի պատմության որոշ դրվագներին, հոգևոր կառույցների գործունեությանը, արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով պատմական իրադարձությունների հետազոտության մեթոդիկային, ինչպես նաև կազմակերպել քայլարշավ՝ իրականացնելով դաշտային գիտահետազոտական աշխատանքներ:

Դպրոցի աշխատանքներին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք՝

  • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտակարգերի բակալավրիատի վերջին կամ մագիստրատուրայի առաջին և երկրորդ կուրսի ուսանող են,
  • տիրապետում են անգլերենին (նվազագույնը՝ A2 մակարդակ),
  • ակտիվ են և հետաքրքրված Տավուշի պատմամշակութային ժառանգությամբ,
  • վստահ են, որ կարող են ոտքով հաղթահարել քայլարշավը:

Վերոնշյալ պայմաններին համապատասխանող դիմորդները պետք է մինչև օգոստոսի 25-ը լրացնեն առցանց հայտադիմումը՝ պարտադիր ներկայացնելով «Աշնանային դպրոցին մասնակցելու շարժառիթը» (1-2 էջի սահմանում):

Մասնակցությունն անվճար է: Աշնանային դպրոցի ավարտին ուսանողներին կտրամադրվեն վկայագրեր: