Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տարեգրություն

ԵՊՀԻՄ

 Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան տարածաշրջանում կրթական և մշակութային խնդիրների լուծման գործում մեծ տեղ ու դեր ունի Երևանի պետական համալսարանի միակ` Իջևանի մասնաճյուղը: ԵՊՀ-ի ուսումնական ծրագրերով, հիմնականում մայր բուհից գործուղված  պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուժերով և Բոլոնիայի գործընթացով ուսումնառություն իրականացնող մասնաճյուղը պատասխանատվության բարձր զգացումով և պատշաճ մակարդակով է իրականացնում իր կրթական-դաստիարակչական առաքելությունը, մարզի բնակչության համար այնքան երազած, կարևոր ու այնքան անհրաժեշտ կրթօջախի հիմնախնդիրները:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հիմնադրվել է 1994թ.` Իջևանի տարածաշրջանային քոլեջի բազայի վրա:

Ելնելով բարձրագույն կրթության զարգացման հեռանկարներից և ՀՀ հյուսիսարևելյան շրջանների կադրային պահանջներից, հաշվի առնելով ժողպատգամավորների Իջևանի շրջանային խորհրդի խնդրանքը (նախագահ Ջ.Գ.Անանյան)` ՀՀ բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի կոլեգիան 1991թ. հոկտեմբերի 10-ին որոշում է Իջևանում ստեղծել տարածաշրջանային բազմաճյուղ քոլեջ:

Տնօրեն է հաստատվում ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Սուրենի Կարայանը: Ճշտվում են կրթօջախի կարգավիճակն ու կառուցվածքը:

1991թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ ԲԿԳ պետական կոմիտեի կոլեգիան որոշում է կայացնում հաստատության գործունեությունը ծավալել հետևյալ ֆակուլտետներով`

  • Բնական գիտությունների ֆակուլտետ,
  • Տնտեսագիտության ֆակուլտետ,
  • Հումանիտար գիտությունների և կիրառական արվեստի ֆակուլտետ:

Հաստատության կանոնադրությամբ, որը ՀՀ ԲԿԳ կոմիտեն հաստատեց 1991-ի նոյեմբերի 11-ին, սահմանված էր, որ Իջևանի տարածաշրջանային քոլեջը «բարձրագույն ուսումնական և գիտական պետական հաստատություն է, որը ՀՀ հյուսիսարևելյան շրջանի մայր ԲՈՒՀ-ն է և իրականացնում է կրթության շարունակականության և ուսուցման ձևերի այլընտրական սկզբունքները գլխավորապես բարձրագույն կրթության քառաստիճան համակարգի երկրորդ աստիճանին համապատասխան»: Նորաստեղծ կրթօջախը ներառում էր հիմնականում պետբյուջետային հիմունքներով գործող բաժիններ, սակայն ժամանակի ոգուն համապատասխան արտոնված էր նաև տնտհաշվարկի և ինքնաֆինանսավորման սկզբունքներով իրագործելու օժանդակ գործունեություն` կրթության ու գիտության ասպարեզներում:

Ըստ ժամանակավոր կանոնադրության` քոլեջը կոչված էր ՀՀ հյուսիսարևելյան շրջաններում բարձրացնել գիտամշակութային, քաղաքական և տնտեսական մակարդակը` այնտեղ ստեղծելով արդիական կայուն և բարձրակարգ գիտամշակութային մթնոլորտ, մտավորականության տեղական դպրոց, կասեցնել սահմանամերձ շրջաններից երիտասարդության արտահոսքը, պատրաստել խոր գիտելիքներով և բազմակողմանի ունակություններով օժտված, ազգային և համամարդկային մշակույթի ավանդներին նվիրված մասնագետներ, նպաստել առավել աչքի ընկնող ուսանողների ուսման շարունակմանը` բարձրագույն կրթության համակարգի հետագա աստիճաններում:

1991թ. դեկտեմբերի 9-ին արձակվում են ուսումնական գործին վերաբերող անդրանիկ հրամանները: Նույն օրն էլ տնօրեն Հ.Կարայանի ողջույնի խոսքով տեղի է ունենում կրթօջախի առաջին զանգի հանդիսավոր արարողությունը:

Ուսումնական գործընթացը կազմակերպելու համար Իջևանի տարածաշրջանային քոլեջի պրոֆեսորադասախոսական հիմնական կազմը  հրավիրվում է մայրաքաղաքից: Նրանց թվում էին ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիգոր Ավագյանը, գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Վալերի Տեր-Անտոնյանը, Ռոլանդ Ավագյանը, Մարտին Աբրահամյանը, Իշխան Խաչատրյանը, Վիդոկ Մուսոյանը, Յուրի Մովսիսյանը, Արտաշես Պապոյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Միքայել Հովսեփյանը, Վլադիմիր Աբրահամյանը, նաև գիտությունների տասնյակ թեկնածուներ:

ՀՀ կառավարության՝ 1992թ. հունվարի 11-ի որոշմամբ նոր կրթօջախը պիտի ունենար բուհական համակարգին բնորոշ կառուցվածք, և տնօրենի հրամանով ձևավորվում է չորս ֆակուլտետ`

  • Բնական գիտությունների ֆակուլտետ,
  • Տնտեսագիտության ֆակուլտետ,
  • Հումանիտար գիտությունների ֆակուլտետ,
  • Կիրառական արվեստի ֆակուլտետ:

Գիտական խորհրդի որոշմամբ ֆակուլտետների կազմում ձևավորվեցին մասնագիտական ամբիոններ: Ամբիոնների քանակը և անվանումները ժամանակի ընթացքում փոփոխվել են որևէ այլ մասնագիտության կադրերի պատրաստումը սկսելու կամ դադարեցնելու հիմնավորումով:

Քոլեջի կանոնադրությանը համապատասխան` գործում էր ուսումնառության երկաստիճան համակարգ: Այսինքն` «լավ» և «գերազանց» գնահատականներ ստացած ուսանողները 3-րդ կուրսից կարող էին շարունակել մասնագիտական կրթությունը բուհական ծրագրերով և ստանալ բակալավրի դիպլոմ: Ցածր առաջադիմությամբ սովորող ուսանողները, 3-րդ կուրսում ստանալով ամփոփիչ մասնագիտական կրթություն և ավարտելով եռամյա դասընթացները, ստանում էին դիպլոմ` կրտսեր մասնագետի որակավորմամբ:

Երևանի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Ռ.Մարտիրոսյանի համաձայնությամբ տնօրեն Հ.Կարայանը 1994 թվականի ապրիլի 14-ին գրությամբ դիմում է ՀՀ ԲԿ նախարար Վարդգես Գնունուն.

«Ելնելով հանրապետությունում ստեղծված ծանր սոցիալտնտեսական իրավիճակից, որն իր ազդեցությունն է թողնում կրթօջախի գործունեության վրա, Իջևանի տարածաշրջանային քոլեջի կոլեկտիվը խնդրում է ԲԿ նախարարության կոլեգիայում քննարկել քոլեջի հիման վրա Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ձևավորման նպատակահարմարության հարցը»:

Միաժամանակ հանրապետության հյուսիսարևելյան տարածաշրջանը բարձրագույն կրթությամբ մասնագետներով ապահովելու և երիտասարդության արտահոսքը կանխելու մտահոգությամբ հանդես են գալիս նաև Երևանի պետական համալսարանի ռեկտորատը և Իջևանի շրջխորհրդի գործադիր կոմիտեն: Դրանց հիման վրա ՀՀ ԲԿ նախարարության կոլեգիան 1994-ի ապրիլի   29-ին որոշում է.

 «Նպատակահարմար համարել Իջևանի տարածաշրջանային քոլեջը վերակազմավորել որպես Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ»:

Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 1994թ. սեպտեմբերի 19-ի թիվ 440 որոշմամբ Իջևանի տարածաշրջանային քոլեջը վերակազմավորվում է որպես Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ:

Կրթօջախում կատարվում են կառուցվածքային նոր փոփոխություններ, հաստատությունն ավարտում են եռամյա կրթությամբ առաջին շրջանավարտները:

Ֆակուլտետների թիվը մնաց անփոփոխ, բայց որոշակի փոփոխությունների ենթարկվեցին ամբիոնները, վարիչները և դասախոսական կազմը: Այդ փոփոխությունները տնօրենի՝ 1995թ. հունվարի 1-ի հրամանով վերահաստատվել էին  մասնաճյուղի ղեկավար և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հաստիքային ցուցակով.

  • Կարայան Համլետ`  տնօրեն, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,
  • Մակարյան Անուշավան` ուսումնական հարցերի գծով փոխտնօրեն,
  • Անանյան Գարուշ` տնտեսական հարցերի գծով փոխտնօրեն,
  • Թումանյան Վարդան` գիտական քարտուղար, փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,
  • Ավագյան Ռոլանդ` Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,
  • Աղուզումցյան Ռուբեն` Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, հոգ. գիտ. թեկնածու, դոցենտ,
  • Առաքելյան Սամվել` Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. թեկնածու,
  • Կարապետյան Պողոս` Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան:

1995թ. ամռանը մասնաճյուղը տալիս է բակալավրական կրթությամբ  իր առաջին շրջանավարտները` թվով  59  մասնագետ:

1996թ. ապրիլից մինչև 2000թ. հոկտեմբեր ամիսը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ղեկավարում է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Շավարշ Սեդրակի Մարգարյանը:

Պատրաստվող կադրերի որակը բարձրացնելու, ինչպես նաև ֆակուլտետների ու ամբիոնների աշխատանքներն արդյունավետ դարձնելու նպատակով մասնաճյուղի գիտական խորհրդի՝ 1996թ. մայիսի 18-ի որոշմամբ  մի քանի  ամբիոններ  լուծարվում են և անվանափոխվում.  մասնաճյուղում ձևավորվում են 13 ամբիոններ:

1996-97 ուստարում՝ մինչև դեկանների ընտրության նոր մրցույթի անցկացումը, նշանակվում են ֆակուլտետների դեկանների նոր պաշտոնակատարներ.

  • Մկրտչյան Օնիկ` ուսումնական հարցերի գծով փոխտնօրեն, Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, տեխն. գիտ. թեկնածու, դոցենտ,
  • Առաքելյան Սամվել` Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. թեկնածու,
  • Խուդավերդյան Նելլի` Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տեխն. գիտ. թեկնածու,
  • Սարգսյան Սպարտակ` Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան, ՀՀ նկարիչների միության անդամ:

Մասնաճյուղում գործում էին հետևյալ ամբիոնները`

  • Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի,
  • Ընդհանուր ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության,
  • Տնտեսագիտության տեսության և ընդհանուր տնտեսագիտության,
  • Ֆինանսների, հաշվապահական հաշվառման և վիճակագրության,
  • Բանասիրության և հայոց լեզվի,
  • Պատմության և հասարակագիտության,
  • Հոգեբանության և մանկավարժության,
  • Օտար և ռուսաց լեզուների,
  • Իրավագիտության,
  • Դեկորատիվ-կիրառական արվեստի,
  • Արվեստի պատմության և ազգագրության,
  • Ֆիզիկական կուլտուրայի և քաղպաշտպանության:

2000-2018 թթ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ղեկավարել է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Արշավիրի Առաքելյանը:

ՀՀ կառավարության՝ 2014թ. նոյեմբերի 27-ի որոշմամբ՝ «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվել է հիմնադրամի, ըստ այդմ՝ մասնաճյուղը վերանվանվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ:

2018թ. հունիսից մինչև 2019թ. օգոստոսը մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարն էր ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտակ Վոլոդյայի Ցուցուլյանը:

2019թ. սեպտեմբերից ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատարն է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անուշավան Հայկարամի Մակարյանը:

Վերջին տարիները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համար հատկանշվում են որպես կրթական բարեփոխումների շրջան: Շարունակվում են հետևողական աշխատանքները ուսումնագիտական գործընթացի կայունացման և զարգացման ուղղությամբ: Կատարելագործվում են ուսումնական ծրագրերն ու պլանները` որպես ուսուցման նորացման կարևոր պայման և երաշխիք:

Իր 27-ամյա գործունեության ընթացքում ԵՊՀ ԻՄ-ը տվել է ավելի քան 7000 (7154) շրջանավարտ, որոնց մեծամասնությունը հաջողությամբ աշխատում է   հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, պետական և հանրային կառույցներում, բանկային համակարգում և այլն: Ավելի քան մեկ տասնյակ շրջանավարտներ պաշտպանել են թեկնածուական ատենախոսություն, աշխատում են մասնաճյուղում:

Իր ռազմավարական նպատակների իրականացման շրջանակներում մասնաճյուղը միտված է տալու բարձրորակ կրթություն, աջակցելու տարածաշրջանի գիտական, մտավոր, կրթական, տնտեսական և մշակութային առաջընթացին,   ստեղծելու տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից ուսումնական և աշխատանքային միջավայր, տրամադրելու բարձրորակ և արդյունավետ օժանդակ ծառայություններ:

ԵՊՀ ԻՄ-ի գործունեության հիմնական խնդիրը համալսարանական կրթության բովանդակության և ուսման բարձր որակի ապահովումն  է: Բուհում հետևողական աշխատանքներ են տարվում ուսումնագիտական գործընթացի, մասնավորապես` ուսումնական ծրագրերի ու պլանների կատարելագործման ուղղությամբ: Մասնաճյուղն իրականացում է ԵՊՀ ծրագրերին համապատասխան` առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրական կրթություն:

ԵՊՀ ԻՄ-ի գործունեության գերակա նպատակներից է հայագիտության, հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և բնական գիտությունների ու մշակույթի զարգացումը տարածաշրջանում: Դրանից ելնելով` բուհում գործում է 4 ֆակուլտետ` Բնական գիտությունների, Հումանիտար գիտությունների, Տնտեսագիտության, Կիրառական արվեստի և 10 ամբիոն:

Բնական գիտությունների ֆակուլտետն ունի 2 ամբիոն (Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության) և իրականացնում է 2 կրթական ծրագիր («Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Քարտեզագրություն և կադաստրային գործ»):

Ֆակուլտետում գործում է Բնագիտության և համակարգչային տեխնիկայի ուսումնական լաբորատորիան:

 Հումանիտար գիտությունների ֆակուլտետն ունի 4 ամբիոն (Հայոց պատմության և հասարակագիտության,  Հայոց լեզվի և գրականության, Մանկավարժության և հոգեբանության, Օտար լեզուների), 2 սեկցիա (Ռուսաց լեզվի և գրականության, Ֆրանսերեն լեզվի և գրականության) և իրականացնում է 7 կրթական ծրագիր («Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հոգեբանություն», «Ռուսաց լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն  լեզու և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա»):

Տնտեսագիտության ֆակուլտետն ունի 2 ամբիոն (Ընդհանուր տնտեսագիտության, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության) և իրականացնում է 2 կրթական ծրագիր («Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «Զբոսաշրջություն»):

Կիրառական արվեստի ֆակուլտետն ունի 2 ամբիոն (Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի, Գծանկարի, գունանկարի և քանդակի) և իրականացնում է 2 կրթական ծրագիր («Դեկորատիվ-կիրառական արվեստ», «Դիզայն»):

Ֆակուլտետում գործում է 7 արվեստանոց՝ Գծանկարի և գունանկարի, Տեքստիլի, Դիզայնի, Հագուստի մոդելավորման, Խեցեգործության, Քանդակի, Փայտի գեղարվեստական մշակման:

2006 թվականից մասնաճյուղում գործում է Հեռակա ուսուցման բաժինը, ուր իրականացվում է 5-ամյա բակալավրական կրթություն՝ 10 կրթական ծրագրերով («Հայոց լեզու և գրականություն», «Պատմություն», «Հոգեբանություն», «Տարրական մանվարժություն և մեթոդիկա», «Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «Սերվիս», «Զբոսաշրջություն», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Բնապահպանություն և բնօգտագործում», «Քարտեզագրություն և կադաստրային գործ»):

Ներկայումս մասնաճյուղի 4 ֆակուլտետներում առկա ուսուցմամբ 10 մասնագիտությունների գծով ուսանում է 587 ուսանող, հեռակա ուսուցման համակարգում 9 մասնագիտությունների գծով սովորում է 588 ուսանող (24-ը՝ մագիստրոսի կրթական ծրագրով, 564-ը՝ բակալավրի):

ԵՊՀ ԻՄ-ում ուսանողների հետաքրքիր առօրյան  (ուսումնագիտական, գիտակրթական, մշակութային, ժամանցային տարբեր միջոցառումներ և նախաձեռնություններ) ապահովում, նրանց իրավական գիտակցությանը նպաստում են ուսանողական ինքնակառավարման մարմինները` Ուսանողական խորհուրդը (ՈՒԽ), Ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ):

Մասնաճյուղն ունի ժամանակակից համակարգիչներով հագեցած 4 համակարգչային լսարան, 15981 միավոր գրքով, 1321 գիտական հանդեսներով ու ամսագրերով և 2204 անուն էլեկտրոնային գրականությամբ գրադարան, որի մասն է կազմում նաև ժամանակակից տեխնիկական միջոցներով ապահովված հարմարավետ ընթերցասրահը:

2018թ. հուլիսին ԵՊՀ ԻՄ-ում բացվել է Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնը, որը 2020թ. նոյեմբերին վերակազմավորվել է որպես Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Իջևանի մասնաճյուղ: Վերջինիս հիմնական նպատակը կրթության, գիտության, մշակույթի, պատմական և ազգագրական գործունեության, երիտասարդական քաղաքականության ոլորտներում հայ-ռուսական համագործակցության զարգացումը և խորացումն է:

2020թ. հունվարից մասնաճյուղում գործում է «Տավուշ» հետազոտական կենտրոնը, որի ստեղծման նպատակներն են ԵՊՀ ԻՄ-ում գիտահետազոտական, գիտակրթական և գիտամեթոդական գործունեության զարգացումը, բնագիտական, սոցիալ-տնտեսական, հումանիտար և մշակույթի ոլորտներում հետազոտական ծրագրերի մշակումը, կազմակերպումը և իրականացումը, հետազոտական աշխատանքների արդյունքների առևտրայնացումը, նորարարական մշակումների իրականացումը, հետազոտական պայմանագրերի և դրամաշնորհների ներգրավումը, ներհամալսարանական դրամաշնորհների հայտարարումը և մրցույթների կազմակերպումը և այլն։

2020թ. փետրվարից մասնաճյուղում գործում է «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ը, որի նպատակն է մարզի` մասնավորապես Իջևան քաղաքի և հարակից գյուղերի բնակիչների համար կազմակերպել կրթական, մշակութային և տեղեկատվական միջոցառումներ, տարբեր թեմաների շուրջ ուսումնական կարճատև ծրագրեր և անգլերենի անվճար դասընթացներ, որոնց շնորհիվ կզարգանան մասնակիցների սոցիալական և տեխնիկական հմտությունները, ինչպես նաև տեղի բնակչությունը կծանոթանա ամերիկյան արժեքներին, պատմությանը և մշակույթին:

2021թ. հուլիսից ԵՊՀ ԻՄ-ում պաշտոնապես բացվել է Տավուշի մարզի Գիտելիքի նորարարական հաբը, որի նպատակը EU4Youth Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացումն է՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի խթանումը։ Այն միտված է երիտասարդների նոր գիտելիքիների ձեռք բերմանը, գաղափարների գեներացմանը, դասընթացների ու միջոցառումների կազմակերպմանը։

 

Հեռ.՝ (+347 263) 32202

Էլ.հասցե՝ ysu_ib@ysu.am, ijevan@ysu.am

Կայք՝ ijevan.ysu.am