Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Համալսարանականները Գանձաքարի միջնակարգ դպրոցում իրականացրին «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը

12024 թ. ապրիլի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության (ՊԿՇՀ) բաժնի և Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) նախաձեռնությամբ Գանձաքարի միջնակարգ դպրոցում իրականացվեց «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը, որին մասնակցեցին 10-րդ և 11-րդ դասարանների 11 աշակերտներ:

Խաղը վարեցին ՊԿՇՀ բաժնի տեսուչ Աննա Սարգսյանը, ՈՒԳԸ նախագահ Սիրանուշ Աբազյանը («ՀԼԳ» II կուրս) և 2 անդամ՝ Նոննա Մելիքբեկյանը («ՀԼԳ» II կուրս), Լիլիթ Թամրազյանը («Պատմություն» II կուրս):

Ինտելեկտուալ խաղի առաջին փուլում տրվեց ընդհանուր զարգացվածությունն ստուգող 10 հարց: Առավելագույն միավոր հավաքած 6 աշակերտները հնարավորություն ստացան երկրորդ փուլում շարունակելու խաղը:

Երկրորդ փուլում մասնակիցները 12 թեմաներից ընտրեցին երկուական թեմա և 1 րոպեի ընթացքում պատասխանեցին իրենց ընտրած թեմայի հարցերին: Տվյալ փուլի արդյունքների համաձայն՝ հաջորդ փուլ անցան Արսեն Աղաջանյանը, Արամ Արզումանյանը և Շուշան Մեհրաբյանը:

Երրորդ փուլում մասնակիցները պետք է պատասխանեին իրենց կողմից նախապես ընտրված թեմայի հարցերին: Պայքարը շատ թեժ էր:

Առավելագույն միավորներ վաստակեց և «Ամենախելացին» խաղի հաղթող ճանաչվեց Շուշան Մեհրաբյանը, ով պարգևատրվեց պատվոգրով և մասնաճյուղի կողմից նվիրաբերված գեղարվեստական գրքով (Անրի Վեռնոյի «Մայրիկ» վեպը):

Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրին Արամ Արզումանյանը և Արսեն Աղաջանյանը՝ պարգևատրվելով պատվոգրերով:

Աշակերտները շատ տպավորված և ոգևորված էին խաղով: Երրորդ փուլ անցած աշակերտները կմասնակցեն ԵՊՀ ԻՄ-ում կայանալիք եզրափակիչ փուլին:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի նմանատիպ նախաձեռնությունների հիմնական նպատակն է մոտիվացնել աշակերտներին լավ սովորել և բազմակողմանիորեն  զարգանալ, ինչպես նաև ամրապնդել դպրոց-համալսարան կապը:

2

«Մանկավարժական կրթության էկոլոգիզացիա. նոր մոտեցումներ» թեմայով դաս-քննարկում

1․ գլխավոր2024 թ. ապրիլի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների համար իրականացվեց «Մանկավարժական կրթության էկոլոգիզացիա. նոր մոտեցումներ» թեմայով առցանց դաս-քննարկումը:

Այն վարեց Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի անգլերենի և մասնագիտական հաղորդակցության ամբիոնի դոցենտ, մանկ. գիտ. թեկնածու Նատալյա Իգորևնա Սոկոլովան (Մոսկվա):

Դաս-քննարկման թեման պատահական չէր ընտրված. այսօր չափազանց արդիական է էկոլոգիայի և շրջակա միջավայրի պահպանության թեման, և հենց ապագա մանկավարժներն են, որ պետք է մարդկանց մեջ սերմանեն բնության, հայրենիքի, հարազատ տան՝ Երկրի հանդեպ սիրո զգացումը:

Իր դասախոսության ընթացքում Նատալյա Սոկոլովան փոխանցեց մանկավարժական բուհերի ուսանողների շրջանում բնապահպանական մշակույթի զարգացման ոլորտում իր ունեցած գիտելիքները, խոսեց մանկավարժական կրթության էկոլոգիզացիայի և հումանիզացիայի ոլորտում իր փորձի մասին բուհում  օտար լեզվի դասավանդման միջոցով:

2002 թվականին Ն. Սոկոլովան այս թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, հրատարակել է մի քանի դասագրքեր, ուսումնամեթոդական նյութեր, ավելի քան 30 գիտական հոդվածներ՝ կրթության էկոլոգիզացիայի թեմայով, մասնակցել է ուսումնասիրվող խնդրին նվիրված միջազգային գիտաժողովների, հանդես եկել զեկուցումներով և աշխատել է որպես թարգմանիչ աշխարհի բազմաթիվ երկրների նշանավոր բնապահպան-գիտնականների մոտ:

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց բարձրագույն կրթության հումանիստական կողմերին, մանկավարժական տեխնոլոգիաներին, որոնք կիրառվում են մանկավարժական կրթության էկոլոգիզացիայի գործընթացում:

Դասախոսության կարևոր շեշտադրումներից էր ինչպես առկա ստեղծագործական մանկավարժական տեխնոլոգիաների, այնպես էլ նորարարությունների և արհեստական ինտելեկտի կիրառումը ժամանակակից ուսանողների դասավանդման գործընթացում:

Դաս-քննարկման ընթացքում նաև ուսանողներին հանձնարարվեցին ինտերակտիվ առաջադրանքներ և հարցեր “SOCRATIVE” և “GOODLE FORM” համակարգերում:

Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է

1. glxavor2024 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին, ԵՊՀ ԻՄ աշխատակազմի անդամները և ուսանողները մարզային ու քաղաքային իշխանությունների, քաղաքացիների հետ քայլերթով շարժվեցին դեպի Իջևանում տեղադրված` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակին:

Նրանք ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին հուշարձանին, որից հետո այցելեցին Իջևանի պատմաերկրագիտական թանգարան և ականատես եղան Հայոց մեծ եղեռնի թեմայով կազմակերպված ցուցադրությանը:

___________________________________________________________

Օսմանյան կայսրությունում ապրող հայերը 1915-1923 թթ. ենթարկվեցին երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված և իրականացված աննախադեպ զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնարարքների և բռնի տեղահանության:

Մեծ եղեռնի սկիզբը պայմանականորեն համարվում է 1915 թ. ապրիլի 24-ը: Այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվեց մտավորականության սերուցքը՝ 600 հայազգի մտավորականներ, այդ թվում՝ Գրիգոր Զոհրապը, Դանիել Վարուժանը, Ռուբեն Զարդարյանը, Սիամանթոն (Ատոմ Յարճանյան), Ռուբեն Սևակը, Երուխանը (Երվանդ Սրմաքեշխանլյան), Հովհաննես Հարությունյանը և ուրիշներ, որոնց հետագայում սպանեցին աքսորի ճանապարհին: Սակայն հայ պատմագիտության մեջ որպես Հայոց ցեղասպանության տարեթվեր ընդունված է համարել 1892-1923 թթ. որպես Թուրքիայի կառավարող շրջանների՝ Համիդյան Թուրքիայի, ապա Երիտթուրքերի կառավարության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի հետևանքով զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը: Ծիծեռնակաբերդի հուշարձանի 12 քարակոթողները, ըստ ժողովրդական ստուգաբանության, խորհրդանշում են կորցրած 12 գավառները, որոնք այժմ գտնվում են ժամանակակից Թուրքիայի կազմում:

Երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է՝ հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կառներ Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թուրքացում և երազելի «Մեծ Թուրանի»-ի ստեղծում՝ Բոսֆորից մինչև Ալթայ: Այս համատեքստում Արևմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովուրդը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին. չլինեին հայերը, չէր լինի նաև Հայկական հարցը: Երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը: Ծրագրի հեղինակներն էին Թալեաթը (ներքին գործերի նախարար), էնվերը (ռազմական գործերի նախարար), Ջեմալը (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ:

Հայոց ցեղասպանությունը նախատեսված էր իրականացնել երեք փուլով, որի առաջին փուլը ապրիլի 24-ն էր, իսկ երկրորդ փուլը՝ շուրջ 60.000 հայ տղամարդկանց զորակոչը թուրքական բանակ: Բանակ զորակոչված 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ ավելի ուշ զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից: Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին: Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ: Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին: Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին:

Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներով. այն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի խորհուրդը՝ 1998, 2001 թթ., Եվրամիությունը՝ Եվրախորհրդարանի բանաձևերով, Հայոց ցեղասպանությունը դատապարտել են 1987, 1998, 2000, 2001, 2002 և 2005 թթ. ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն: Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր և որոշումներ ունեն Շվեդիայի խորհրդարանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, Չիլիի և Արգենտինայի Սենատները, Լիտվայի Ասամբլեան, Եվրապառլամենտը, Վենեսուելայի Ազգային ասամբլեան, Լեհաստանի և Նիդերլանդների, Իտալիայի (2019թ. ապրիլի 10-ին) խորհրդարանները, Կանադայի Համայնքների պալատը և այլն: Ֆրանսիայում, Ուրուգվայում, Կիպրոսում օրենքների տեսքով, իսկ Շվեյցարիայում՝ նաև այն ժխտելը դատապարտվում է քրեորեն: 2021թ. ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանությունը՝ ելույթ ունենալով և առաջին անգամ օգտագործելով «Հայոց ցեղասպանություն» եզրույթը. «Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվել են Օսմանյան դարաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ և հանձն ենք առնում կանխել նման վայրագության կրկնությունը»:

Այսօր էլ համայն հայությունը շարունակում է պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և արդար հատուցման համար՝ աշխարհում նոր եղեռնագործությունների կանխման ձգտումով և ակնկալությամբ: 

«Կայուն զարգացում» թեմայով դասախոսություն-աշխատարան

1. գլխավոր2024 թ. ապրիլի 20-ին ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի և Անգլերենի ռեսուրս կենտրոնի նախաձեռնությամբ մասնաճյուղում իրականացվեց «Կայուն զարգացում» թեմայով դասախոսություն-աշխատարան:

Այն վարեց ԱՄՆ Պետդեպարտամենտի անգլերեն լեզվի կրթական ծրագրերի գծով գիտաշխատող, եվրասիական տարածաշրջանի վերապատրաստող, Գերմանիայում, Չինաստանում, Հարավային Կորեայում, Դոմինիկյան Հանրապետությունում և Մարոկկոյում մասնագիտական փորձառություն ունեցող պրոֆեսոր Լորի Ֆարքյուհարսնը:

Նախ տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի հետ հանդիպում, որին մասնակցեցին պրոֆեսոր Լորի Ֆարքյուհարսնը, եվրոպական կրթական ծրագրերի շահառու, Միջազգային ուսումնական հաղորդակցության և զբոսաշրջության կենտրոնի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Եղիշե Դաշտոյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կարինե Պողոսյանը, Օտար լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Քրիստինե Հարությունյանը, ամբիոնի ասիստենտ, Անգլերենի ռեսուրս կենտրոնի այլընտրանքային կրթական ծրագրերի համակարգող Էմմա Թեմրազյանը:

Տնօրենի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին պրոֆեսոր Լ. Ֆարքյուհարսնի այցի նպատակին և խնդիրներին առնչվող հարցեր, ինչպես նաև խոսվեց Ե. Դաշտոյանի ղեկավարած կենտրոնի հետ համագործակցության և մասնաճյուղի ուսանողների ու դասախոսների՝ միջազգային ուսումնական կրթական ծրագրերին մասնակցության հնարավորության մասին:

Այնուհետև իրականացվեց դասախոսություն-աշխատարան՝ «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի երրորդ և չորրորդ կուրսերի ուսանողների և ամբիոնի դասախոսների մասնակցությամբ:

Կայուն զարգացման վերաբերյալ դասախոսություն-աշխատարանի ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին մի շարք գիտելիքներ և հմտություններ.

  • ինտերակտիվ դասերի հետագա զարգացման համար ժամանակակից տեխնոլոգիական մեթոդների կիրառման հմտություններ,
  • արդեն ձեռք բերված մեթոդոլոգիայի օպտիմալացման համար ուսուցման կառավարման համակարգերի վերաբերյալ գիտելիքներ,
  • ֆորմատիվ դիտարկումների և հետադարձ կապի հմտություններ,
  • ինտերակտիվ դասերի կազմակերպում և զարգացում:

Վերջում հարց-պատասխանի միջոցով ծավալվեց քննարկում, և ուսանողները բանախոս Լորի Ֆարքյուհարսնից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և առաջադրանքներ` հաջորդ հանդիպմանը ներկայացնելու համար:

Պրեշովի համալսարանի պրոֆեսորի այցը մասնաճյուղ

1․ գլխավորԷրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ս.թ. ապրիլի 17-19-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում էր Պրեշովի համալսարանի սլավոնագիտության ամբիոնի պրոֆեսոր Աննա Պետրիկովան:

Այցելությունը երկու հիմնական նպատակ ուներ. առաջին՝ փորձի փոխանակման միջոցով բարելավել մանկավարժական կարողությունները, ուսումնասիրել ժամանակակից տեխնոլոգիաները և մասնաճյուղում ռուսաց լեզվի դասավանդման տարբեր ոճերը, երկրորդ՝ փոխանցել Պրեշովի համալսարանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև կնքված համաձայնագիրը, քննարկել և խորացնել գործընկերային հարաբերությունները՝ ապահովելու ուսանողների և հետազոտողների փոխանակումը:

Նախ արտասահմանցի հյուրը ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, մ.գ.թ. Սվետլանա Մինասյանի ուղեկցությամբ հանդիպեց տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի հետ: Հանդիպման ընթացում քննարկվեցին այցի օրակարգային ու համագործակցային հարցեր. դիտարկվեցին համաձայնագրի պայմանները և համատեղ ներկայացված «Էրազմուս+» նախագծի մանարամասները:

Ապա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կարինե Պողոսյանի հետ քննարկվեցին համատեղ կրթական ծրագրերի ներդրման և ուսանողների ու դասախոսների փոխանակման հնարավորությունները, իսկ գիտական քարտուղար Մհեր Աթոյանի հետ դիտարկվեցին համագործակցության հնարավոր գիտական ուղղությունները:

Հաջորդիվ պրոֆեսոր Աննա Պետրիկովան ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողների համար իրականացրեց «Պրեշովի համալսարան. կրթություն, ավանդույթներ, հետաքրքիր փաստեր» թեմայով դաս-քննարկում:

Դասախոսության ընթացքում քննարկվեցին վերապատրաստման ծրագրերը, ուսանողներն ակտիվորեն մասնակցեցին թե՛ մանկավարժական և թե՛ լեզվական (մասնավորապես՝ սլովակերենի) ուղղությամբ քննարկմանը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելության վերջում արտասահմանցի հյուրի համար կազմակերպվել է այց-էքսկուրսիա Տավուշի մարզի պատմամշակութային հուշարձաններ, մասնավորապես՝ Գոշավանք և Հաղարծին վանական համալիրներ: