Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ 2022-2023 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը

1. գլխավոր (2) 2023թ. հուլիսի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ 2022-2023 ուստարվա 224 շրջանավարտների (առկա ուսուցման 129 և հեռակա ուսուցման 95) ավարտական հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները, ուսանողներ, շրջանավարտներ, ծնողներ, արտաքին շահակիցներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Միջոցառումը բացվեց ՀՀ օրհներգով, Երևանի պետական համալսարանի հիմնով: Ապա 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած մեր հայորդիների հիշատակին:

Հանդիսավոր միջոցառումը, որն ուղեկցվում էր Կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտների աշխատանքների ցուցահանդեսով և տոնական երաժշտությամբ, բաղկացած էր 2 մասից:

Միջոցառման առաջին մասում տեղի ունեցավ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքերով հանդես եկան ԵՊՀ-ի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, մասնաճյուղի այս տարվա գերազանց առաջադիմությամբ շրջանավարտ Տաթևիկ Վասիլյանը, Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության նախկին նախագահներ, այս տարվա շրջանավարտներ Գառնիկ Խաչատրյանը և Մեդորա Ասիլյանը, ԵՊՀ ԻՄ-ում իրականացվող ամառային դպրոցի մասնակիցներ ԱՄՆ-ի Այովայի համալսարանի պրոֆեսոր Իրինա Կոստինան և նույն համալսարանի ուսանող Ջեյկոբ Վիլյամ Սիֆկեն:

1․2գլխավոր

 Իր շնորհավորական խոսքում Մայր բուհի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ համալսարանական լինելը այս 4 կամ 6 տարվա կյանքը չէ, դա հավերժ կոչում է, որը տանում են ամբողջ կյանքի ընթացքում:

«Սիրելի՛ համալսարանականներ, ես ուզում եմ ասել, որ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը ուրույն դեր ունի ոչ միայն Տավուշի մարզում, այլև ամբողջ հանրապետությունում: Մասնաճյուղը՝ որպես ռեգիոնալ բուհ, առաջամարտիկ է շատ, եթե չասեմ՝ համարյա բոլոր հարցերում. դրա մասին են վկայում մեր ընդունելության ցուցիչները, դիմորդների քանակը: Եթե համեմատելու լինենք այլ բուհերի հետ, կտեսնենք, որ Իջևանի մասնաճյուղը մի քանի քայլ առաջ է այլ բուհերից: Դա վկայում է այն մասին, որ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում կրթության որակին և գնալով ավելի ենք խորացնելու այդ ուշադրությունը: Մեզ համար կարևոր է որակյալ և համալսարանին վայել շրջանավարտ ունենալը՝ գիտելիքներով հարուստ, որովհետև այդ գիտելիքները հետագայում ծառայելու են Հայաստանի Հանրապետությանը: Սիրելի՛ շրջանավարտներ, ես ուզում եմ ևս մեկ անգամ ԵՊՀ-ի ղեկավարության անունից շնորհավորել բոլորիդ և բարի երթ մաղթել այս նոր՝ մարտահրավերներով լեցուն կյանքում, որպեսզի ձեր տեղը գտնեք և երբեք չմոռանաք, որ դուք համլսարանական եք և որտեղ էլ լինեք, պետք է ձեր ծառայությունը բերեք այն պետությանը՝ Հայաստանի Հանրապետությանը, որը տվել է ձեզ այդ հնարավորությունը: Շնորհակալություն», – նշեց պարոն ռեկտորը:

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը շնորհավորեց ԵՊՀ ԻՄ-ի այս տարվա 224 շրջանավարտներին, ովքեր համալրեցին ԵՊՀ-ի 150 հազար շրջանավարտների «բանակը», հղեց իր բարեմաղթանքները՝ ցանկանալով, որ նրանք կյանքում գտնեն իրենց տեղը՝ իրենց նպատակներին ու երազանքներին համապատասխան, մաղթեց նրանց բարի երթ:

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն իր շնորհավորական խոսքում համոզմունք հայտնեց, որ բուհում ձեռք բերած իրենց գիտելիքները և մարդկային որակները շրջանավարտները հետագայում կծառայեցնեն մեր ժողովրդի, երկրի զարգացմանը:

Բարձր առաջադիմությամբ շրջանավարտներին ԵՊՀ-ի ռեկտորը, Տավուշի մարզպետը և ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատարը հանձնեցին գերազանցության դիպլոմները, ապա ֆակուլտետների դեկանները, ըստ մասնագիտությունների, առկա և հեռակա ուսուցման մյուս շրջանավարտներին հանձնեցին իրենց դիպլոմները:

Միջոցառման երկրորդ մասը՝ շրջանավարտների ավարտական երեկույթը, շարունակվեց գեղատեսիլ բնության գրկում՝ Ենոքավանի «Yell Extreme Park»-ում, որտեղ ապահովվեց մասնակիցների բարձր տրամադրությունը. եղան ֆոտոնկարահանումներ, երաժշտություն և հյուրասիրություն: