Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԱՄՆ-ի Այովայի համալսարանի ուսանողները՝ ԵՊՀ ԻՄ-ում ընթացող ամառային դպրոցում

1. գլխավոր 2023թ. հուլիսի 1-ից օգոստոսի 1-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում «Project Ijevan Valley EdTech Summer School-2023» նախագծի շրջանակներում ԱՄՆ-ի Այովայի համալսարանի ուսանողների համար իրականացվում է «Բազմամշակութային աշխարհում ռուսաց լեզվի և մշակույթի ուսանողների կրթության արդյունավետության բարձրացում Հայաստանում» խորագրով ամառային դպրոցը (պրակտիկան): Դպրոցն իրականացվում է ծրագրի ղեկավար և համակարգող, ԵՊՀ ԻՄ-ի օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր Սվետլանա Մինասյանի, ծրագրում ներգրավված մասնաճյուղի դասախոսների և ԱՄՆ-ի Այովայի համալսարանի Համաշխարհային լեզուների, գրականության և մշակույթների ռուսական ծրագրի տնօրեն, ծրագրի՝ ամերիկյան կողմից համակարգող Իրինա Կոստինայի մասնակցությամբ:
Ծրագրի հիմնական նպատակն է բացահայտել և զարգացնել ուսանողների ստեղծագործական կարողությունները ռուսաց լեզվի և գրականության, մշակույթի, նախագծային և գիտահետազոտական գործունեության մեջ: Ծրագիրը նախատեսված է ռուսերենի իմացության A-2, B-1 մակարդակների համար:
Ամառային դպրոցը հիանալի հնարավորություն է բարելավելու ռուսերենի գործնական կիրառումը, ծանոթանալու ռուսական, հայկական մշակույթներին, պատմությանը և ներկայացնելու ամերիկյան մշակույթը, գրականությունը և պատմությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներին:
Իրականացվող դասընթացներն իդեալական են հումանիտար ուղղվածությամբ ուսանողների և ասպիրանտների համար, որոնց վերապատրաստման ծրագիրը հիմնականում ներառում է ռուսերենի, Ռուսաստանի մշակույթի և պատմության իմացության ընդլայնումը:
Այս ինտենսիվ դասընթացը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր նախկինում սովորել են ռուսերեն և ունեն քերականության, հնչյունաբանության և ռուսաց լեզվի բառապաշարի վերաբերյալ հիմնական գիտելիքներ: Ծրագրի շրջանակներում անցկացվող դասընթացները կօգնեն մասնակիցներին խորացնել ռուսերենի գործնական հմտությունները, ընդլայնել իրենց բառապաշարը, զարգացնել ընթերցանության կարողությունները և խոսակցական լեզուն: Դասընթացների շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվում ռուսերեն խոսքի լսողական ընկալման ուսուցմանը (լսելու և խոսելու), քննարկումներին, ելույթներին: Ամբողջական ծրագրի ուսումնական մասի տևողությունը 3 շաբաթ (120 ժամ) է:
Ուսուցման ծրագիրը ներառում է՝
• A-2, B-1 մակարդակների ռուսերենի՝ որպես օտար լեզվի գործնական համալիր դասեր՝ հիմնված պատմվածքի վրա, ուսուցման նորարարական համակարգային ծրագրերի կիրառում, որպես անցած դասընթացի արդյունք՝ ստեղծագործական աշխատանքների ներկայացում,
• թեմատիկ պարապմունքներ (ծանոթություն Ռուսաստանի, Հայաստանի պատմությանը, ավանդույթներին և մշակույթին՝ համեմատելով ամերիկյան մշակույթի հետ),
• այցելություններ Հայաստանի տեսարժան վայրեր (քայլարշավ և ավտոբուսային շրջագայություններ):
Խիստ հագեցած է նաև ծրագրի մշակութային մասը: Շաբաթ և կիրակի օրերին դպրոցի մասնակիցներն իրականացրել են շրջագայություններ Տավուշի մարզի զբոսաշրջային վայրեր և պատմական հուշարձաններ, վանական համալիրներ: Ուսանողներն Հայաստանում գտնվելու իրենց վերջին օրերը կանցկացնեն մայրաքաղաքում. հանդիպումներ կունենան ԵՊՀ-ում, կծանոթանան Երևանի տեսարժան վայրերին, կայցելեն Սևան, Գառնի, Գեղարդ և Տաթև:
«Project Ijevan Valley EdTech Summer School-2023» նախագծի շրջանակներում իրականացվող ամառային դպրոցի դասընթացների ավարտին ամերիկացի ուսանողները կստանան վկայականներ: