«:Բուն» գիտամշակութային հիմնադրամն իր նոր՝ «Սովետական ժառանգություն» վիդեոշարքին մասնակցելու և զեկուցումներ ներկայացնելու համար հրավիրում է հետազոտողների, հասարակական, հումանիտար և այլ ոլորտների մասնագետների։
Ինչպիսի՞ն է Խորհրդային Միության ժառանգության ազդեությունը Հայաստանի ներկայիս զարգացման վրա։ Այս հարցը կարծես նոր է դառնում հայաստանյան հետազոտողների գիտական հետաքրքրությունների առարկան, թեև ԱՄՆ-ում և Եվրոպայի շատ երկրներում սովետագիտությունը երկարամյա հետազոտական ավանդույթներ ունեցող գիտակարգ է: Հայաստանում, հետազոտությունների սահմանափակության և մի շարք այլ պատճառներով, ԽՍՀՄ տարիների վերաբերյալ ընդհանուր տրամադրությունները խիստ ծայրահեղ են և էմոցիոնալ՝ պարուրված կամ ԽՍՀՄ շրջանի իդեալականացմամբ և դրա հանդեպ կարոտախտով, կամ դեմոնիզացված են, մինչև անգամ ռուսատյաց:
Հետաքրքրված լինելով Խորհրդային Միության ժառանգության վերաբերյալ բազմակողմանի և ուսումնասիրությունների վրա հենված դիտարկումներով՝ «:Բուն» գիտամշակութային հիմնադրամը՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ նախաձեռնում է վիդեոշարք՝ նվիրված Խորհրդային ժառանգության ընկալմանը: Այս նախաձեռնությամբ ցանկանում ենք հրաժարվել նշված ծայրահեղականացումներից, փորձելու ներկայացնել հետազոտություններով հիմնավորված իրատեսական մեկնաբանություններ:
«Սովետական ժառանգություն» վիդեոշարքը կհեռարձակվի www.Boon.am կայքում: Զեկուցողներին կտրվի հոնորար՝ 90000 դրամ (հարկերը ներառյալ)։
Ընտրության ժամանակ նախապատվությունը կտրվի այն զեկույցներին, որոնք
- ամուր փաստարկված են և հիմնավորված են փաստաթղթերի, բանավոր պատմությունների, արխիվային նյութերի, հուշագրությունների կամ այլ հիմնավոր աղբյուրների վրա
- անդրադառնում են խորհրդային շրջանի իներցիային և Հայաստանի ներկայիս գործընթացների վրա դրանց ազդեցությանը
- հաշվի են առնում ԽՍՀՄ տարբեր փուլերի առանձնահատկությունները
Խնդրում ենք հաշվի առնել նաև, որ
- կարևորում ենք զեկուցման լեզվի պարզությունը և հասկանալիությունը, օրինակներով հագեցվածությունը և լայն լսարանի համար հետաքրքիր ներկայացումը
- խրախուսում ենք Հայաստանի դեպքերը ԽՍՀՄ և/կամ սոցիալիստական ճամբարի այլ երկրների հետ համեմատելը
- զեկուցման ակնկալվող ծավալը՝ 20-30 րոպե
Ինչպես դիմել
Դիմումները կարող եք ներկայացնել tvboon3@gmail.com էլեկտրոնային հասցեով մինչև 2017թ. հոկտեմբերի 25-ը: Դիմումի փաթեթը պետք է ներառի զեկուցողի ինքնակենսագրականը (CV) և զեկուցման համառոտագիրը (շուրջ 400 բառ), որը կպարունակի զեկուցման վերնագիրը, զեկուցման հիմնական գաղափար(ներ)ը, դրանք հիմնավորող հիմնական փաստարկները և ուսումնասիրության/վերլուծության մեթոդաբանությունը:
Կարևոր ամսաթվեր
Դիմումի ներկայացման վերջնաժամկետ՝ 25 հոկտեմբերի, 2017թ.:
Ընտրված զեկույցների հայտարարում՝ 30 հոկտեմբերի, 2017թ.:
Նկարահանումների սկիզբ՝ 19 նոյեմբերի, 2017թ.:
Աղբյուրը՝ https://armacad.info