Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղը՝ Մայր բուհի հիմնադրման 105-ամյակին նվիրված «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ում

1. գլխավոր

Արդեն երկրորդ տարին է, ինչ Մայր բուհը մայիսի 16-ին՝ համալսարանի հիմնադրման օրը, կազմակերպում է «ԲանՈՒԳործ» էքսպո՝ մեկ հարկի տակ համախմբելով դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, համալսարանական ստորաբաժանումների ներկայացուցիչներին և գործատուներին:

Այս տարի՝ առաջին անգամ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ներկայացուցչական խմբով և առանձին տաղավարով մասնակցեց միջոցառմանը:

«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ը մասնաճյուղի համար շատ լավ հնարավորություն և հարթակ էր մարզից դուրս ներկայացնելու ԵՊՀ ԻՄ կրթագիտական հնարավորություններն ու ներուժը: Հյուրերին տրամադրվում էր տեղեկատվություն մասնաճյուղի առավելությունների, բակալավրական և մագիստրոսական ծրագրերի առանձնահատկությունների, ուսանողական կյանքի և այլ հարցերի շուրջ:

Էքսպոյի մեծաքանակ հյուրերի առանձնահատուկ ուշադրությանն ու հետաքրքրությանն արժանացան Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների, ուսանողների և շրջանավարտների աշխատանքները:

ԵՊՀ ԻՄ տաղավարում ցուցադրված էին ֆակուլտետի ներկայացուցիչների բազմաժանր ստեղծագործություններ՝ գոբելեն, մանրանկարչություն, ապակենկարչություն, բատիկ, կարպետներ, քանդակներ (այդ թվում՝ ֆակուլտետի դասախոս Տիգրան Բագամյանի հեղինակած՝ 2020 թ. պատերազմում անմահացած ԵՊՀ ուսանող, հրետանավոր Խաչիկ Պողոսյանի կիսանդրին) և այլն:

Էքսպոյի շրջանակներում մեր ուսանողները մասնակցություն ունեցան և հաղթանակներ գրանցեցին երգի և նկարչական («Իմ ԵՊՀ») մրցույթներում: ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողներ Կամո Հովակիմյանը և Լիլիթ Սարգսյանը դարձան նկարչության մրցույթի հաղթողներ, իսկ «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Թորոսյանն առաջին տեղը գրավեց երգի մրցույթում:

Միջոցառումը ԵՊՀ ԻՄ ուսանողներին ու շրջանավարտներին նաև հնարավորություն տվեց ծանոթանալու ԵՊՀ գործընկեր կազմակերպությունների կողմից ներկայացվող աշխատանքի առաջարկներին, փորձնակության, աշխատանքի ընդունման հնարավորություններին և աշխատաշուկայի հիմնական միտումներին:

«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի մանրամասները՝ այստեղ: