2024 թ. հունիսի 26-ին ճանաչողական այցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հյուրընկալվել էին Տավուշի՝ Պ․ Տէվէճեանի անվան տարածաշրջանային քոլեջի այս տարվա շրջանավարտները՝ ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի վարիչ Լ. Բեգինյանի և քոլեջի կուրսղեկ Ռ․ Զուրաբյանի ուղեկցությամբ:
Քոլեջի շրջանավարտները, ելնելով իրենց հետաքրքրություններից, նախ շրջայց կատարեցին Հումանիտար գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետներում, ծանոթացան մասնաճյուղում իրականացվող կրթական ծրագրերին, բուհում կրթությունը շարունակելու հնարավորություններին, «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ի գործունեությանը:
Այնուհետև հանդիպում-քննարկում իրականացվեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա․ Դավթյանի հետ, ով միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած (միայն «Լավ» և (կամ) «Գերազանց» գնահատականներ ունեցող) շրջանավարտներին ներկայացրեց հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում նախընտրած մասնագիտությամբ ուսումը շարունակելու ընթացակարգը:
Հավակնորդ շրջանավարտները պարոն Դավթյանից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, որոնք գլխավորապես վերաբերում էին ընդունելության անհրաժեշտ փաստաթղթերին, դրանց ներկայացման ժամկետներին, մրցույթի կազմակերպմանը, առարկայական տարբերություններին, ժամանակացույցին և ուսման վարձաչափերին: