Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բադմինթոնի բաց առաջնություն՝ նվիրված ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին

1. գլխավոր

2024 թ. մարտի 7-ին մասնաճյուղում կայացավ ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին նվիրված բադմինթոնի՝ աղջիկների և կանանց բաց առաջնություն, որին մասնակցում էին Դիլիջանի կանանց՝ բադմինթոնի սիրողական խումբը, Իջևանի մարզադպրոցի բադմինթոնիստները և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները:

Առաջնության կազմակերպման նպատակն էր մարզի բնակիչներին խթանել վարելու առողջ ապրելակերպ, բարձրացնել նրանց ֆիզիկական պատրաստվածության մակարդակը, մասսայականացնել սպորտը մարզում:

Բացման և ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի դասախոս Վարդիթեր Պողոսյանը՝ կանանց տոնի առթիվ շնորհավորելով և բարեմաղթանքներ հղելով իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին, անդրադառնալով բաց առաջնության կազմակերպման նպատակին և կարևորությանը, մասնակիցներին և ներկաներին մաղթելով հաջողություն և դիտարժան խաղ: 

Մրցապայքարը գեղեցիկ էր և հետաքրքիր:

Իրենց վարպետությամբ աչքի ընկան Իջևանի մարզադպրոցի սաները, որոնց գրեթե չէր զիջում Դիլիջանի կանանց՝ բադմինթոնի սիրողական խումբը:

Հանդիպեցին Անիտա Արզումանյան–Օֆելյա Խեչյան և Իննա Ալավերդյան–Սիրանուշ Կիրակոսյան զույգերը: Հաղթողները խաղացին առաջին տեղի համար, պարտվողները՝ երրորդ:

Մրցանակային տեղեր գրավեցին Իջևանի մարզադպրոցի բադմինթոնիստները:

Առաջնության հաղթող ճանաչվեց Սիրանուշ Կիրակոսյանը:

Երկրորդ տեղը գրավեց Անիտա Արզումանյանը, երրորդ տեղը՝ Իննա Ալավերդյանը:

Հաղթողները ԵՊՀ ԻՄ տնօրենության կողմից պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և հուշանվերներով:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Սերգեյ Ազարյանի գրքի շնորհանդեսը

1. գլխավոր

2024 թ. մարտի 6-ին ԵՊՀ ԻՄ գրադարանում տեղի ունեցավ Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Սերգեյ Ազարյանի “Дорога их жизни” եռահատորյակի շնորհանդեսը:

Սերգեյ Ազարյանը, լինելով գիտնական-մանկավարժ, ընթերցողի սեղանին է դրել “Дорога их жизни” եռահատոր վեպը, որի հիմքում ընկած են գլխավոր հերոսներ Միհրանի (Միրո) և Ստարիկի (Սերգեյ) կյանքն ու հետախուզական գործունեությունը: Վեպի գործողությունները հիմնված են Եվրոպայի, Հարավային Ամերիկայի, ԱՄՆ-ի և ԽՍՀՄ երկրներում տեղի ունեցող փաստական իրողությունների վրա, և դրանում բացահայտված են տարբեր հատուկ ծառայությունների աշխատանքի և գործողությունների հետաքրքիր դրվագներ:

Գրքի շնորհադեսին բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը՝ մասնավորապես նշելով․ «Այսօր ընթերցողի սեղանին է դրված գրող, գիտնական, մանկավարժ Սերգեյ Ազարյանի եռահատոր վեպը, որտեղ հեղինակն անդրադարձել է 20-րդ դարի կարևորագույն իրադարձություններից մեկի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետախուզության և հակահետախուզության գործողություններին՝ հիմքում դնելով իր հոր՝ հետախույզ Ամիրխան Ազարյանի կյանքի և մասնագիտական ծառայության վիպականացված դրվագները»:

Սերգեյ Ազարյանի գրական ստեղծագործության առանձնահատկություններին անդրադարձավ բանասեր, լրագրող Վարդան Բաղդասարյանը՝ նշելով. «Տարիներ առաջ Արարատի մարզի Ոսկետափի միջնակարգ դպրոցում հանդիպեցի նոր տնօրենին: Հետագայում պարզվեց, որ այդ օրը ծանոթացել եմ գիտնական Սերգեյ Ազարյանի հետ, իսկ այսօր հպարտ եմ, որ ընկերն եմ գրող Սերգեյ Ազարյանի, որի գրական հայացքների աջակիցն եմ: Երբ գրքի առաջին հատորն արդեն պատրաստ էր, Ազարյանին առաջարկեցի այն հրատարակել Սանկտ Պետերբուրգում, որտեղից շուտով եկավ դրական պատասխանը, և առաջին հատորը տպագրվեց ավելի քան 5000 օրինակով: Գիրքը հեռու է գրական ձևախեղումներից, այստեղ մեծ է հեղինակի երևութական աշխարհն ու հերոսակերտման ընթացքը: Կարծում եմ՝ գիրքը միջոց է Հայրենական մեծ պատերազմը ըմռնելու և մեր՝ հայերիս դերակատարումը հաղթանակի գործում արժևորելու համար»:

Հաջորդիվ ելույթ ունեցավ գրող, հրապարակախոս Հովհաննես Ներզեթյանը՝ իր խոսքում նշելով, որ յուրաքանչյուր ստեղծագործող և ստեղծագործություն ծնվում են բարուց և սիրուց, եթե Սերգեյ Ազարյանը ծնողական մեծարանքի և սիրո պակաս ունենար, բնականաբար չէր կարող ընթերցողին հասանելի դարձել իր հետախույզ հոր վիպականացված կերպարը:

ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Ս․ Ազարյանին և ներկա գտնվող հյուրերին՝ մասնաճյուղում գրական շունչը մշտապես կենդանի պահելու համար: Նա մասնավորապես նշեց․ «Գիրքն ընթերցվում է բավականին հեշտ, և ընթերցողին հատկապես գրավում են առանձին դետալային մանրամասները: Գրքի հեղինակը մաթեմատիկոս է, և դա հատկապես զգացվում է որոշ իրադարձությունների, տեղանունների, դեպքերի վայրերի և ժամանակի պահերի հստակ ներկայացումներից: Շնորհակալ եմ հեղինակին՝ ոչ միայն որպես մասնաճյուղի դասախոսի, այլև գրողի, ով իր գաղափարներն ու պատկերացումները փոխանցում է ուսանողներին, իսկ մենք՝ որպես ավանդապահ, գրքասեր հասարակության ներկայացուցիչներ, պատրաստ ենք հաջորդիվ ևս քննարկման դնել և արժևորել Սերգեյ Ազարյանի ապագա գործերն ու ստեղծագործությունները»:

Այնուհետև հանդես եկավ գրքի հեղինակը, ով շնորհակալություն հայտնեց շնորհանդեսի ներկաներին, բանախոսներին և կազմակերպիչներին: Սերգեյ Ազարյանն ընդհանուր գծերով անդրադարձավ իր երկի ստեղծման դրդապատճառին, հիմնական գաղափարին ու կերպարներին՝ ընդգծելով․ «Միայն հորս կյանքի մայրամուտին եմ իմացել իր հետախույզ լինելու մասին: Հայրս ֆանտաստիկ գիտելիքների և մտքի տեր անձնավորություն էր, տիրապետում էր յոթ լեզուների, հետախուզական ծառայություն էր իրականացրել աշխարհի 96 երկրում: Այս եռահատորյակով վիպականացրել եմ իր օրագրի գործողություններն ու հերոսներին, քայլել նրանց ճանապարհով, կիսել նրանց ճակատագրի սայթաքումներն ու վերելքները: Կարծում եմ՝ գիրքը հետաքրքիր է, հեշտ ընթեռնելի և ամենակարևորը՝ ուսուցողական: Կերպարները նվիրված են իրենց հայրենիքին, իրենց կոչմանն ու պատվին»:

Շնորհանդեսի վերջում ունկնդիրները հարցեր և շնորհակալական խոսքեր ուղղեցին հեղինակին:

ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ՄԱՐՏԻ 8

ԵՊՀ ԻՄ (23)

Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք բոլոր կանանց և աղջիկներին՝ մաղթելով նրանց անսահման սեր և երջանկություն, կանացի անխոնջ գեղեցկություն և հմայք, գարնանային գունեղ տրամադրություն, ամենայն բարիք:

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ցանկանում ենք, որ լինեք միշտ սիրված և գնահատված, պարուրված ջերմ հոգատարությամբ և ձեր մեջ ամփոփած լույսն ու ջերմությունը, սերն ու բարությունը քնքշորեն սփռեք ձեր շուրջը, գարնան շնչով ու գեղեցկությամբ համակեք աշխարհն ու մարդկանց…

 

Տոնի նախապատմությունը

Ամբողջ աշխարհում մարտի 8-ը նշվում է որպես Կանանց միջազգային օր:

Այդ օրվա հետ կապված առաջին պատմական իրադարձությունը 1857 թ. մարտի 8-ն էր, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով:

Տոնի պատմությունն ավանդաբար կապվում է Կլարա Ցետկինի անվան հետ, ով ստեղծել էր կանանցից կազմած հեղափոխական ջոկատ: Որոշվում է ընտրել մի օր, որը կհամարվեր կանանց պրոլետարիատի ծննդյան օրը:

Կես դար անց նյույորքյան սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները, հիշելով 1857 թ. տեքստիլագործների բողոքի երթը, 1908 թ. մարտի 8-ին կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909 թ. Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին հռչակեց Կանանց ազգային օր:

1910 թ. Կոպենհագենում կին սոցիալիստների միջազգային երկրորդ խորհրդաժողովում Կլարա Ցետկինն առաջարկեց կանանց տոնը դարձնել ամենամյա, սակայն հստակ օր չմատնանշվեց:

Կանանց միջազգային օրն առաջինը նշվեց 1911 թ. մարտի 19-ին չորս երկրում՝ Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում, Շվեյցարիայում:

1914 թ. մարտի 8-ին տոնը նշվեց վեց երկրում՝ Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում և Շվեյցարիայում, քանի որ այդ օրը կիրակի էր և ոչ աշխատանքային:

1965 թվականից Խորհրդային Միությունում օրը համարվեց ոչ աշխատանքային: 1975-ին խորհրդային գաղափարախոսներին հաջողվեց հասնել նրան, որ ՄԱԿ-ը 1975-ը ճանաչեց Կանանց միջազգային տարի, որից հետո նույն կառույցը 1977 թ. մարտի 8-ն արդեն հայտարարեց Կանանց միջազգային օր:

Հայաստանում փորձեցին մարտի 8-ը հանել տոնացույցից, և որպես այլընտրանք ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության և գեղեցկության օր, սակայն մարտի 8-ն այնքան խոր արմատներ էր գցել և դարձել հայերի սիրված տոներից, որ արդեն ձևավորված ավանդույթին հակառակ գնալն անիմաստ էր, և մարտի 8-ը վերականգնվեց: Ավելին՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը ոչ պաշտոնապես մեզանում համարվում է կանանց միամսյակ:

ԵՊՀ օլիմպիադա 2024

ԵՊՀ ԻՄ (21)

2024 թ. ապրիլի 6-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանն Իջևանի մասնաճյուղում անցկացնելու է դպրոցական օլիմպիադայի I փուլը:

Օլիմպիադան կանցկացվի հանրակրթական (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ինֆորմատիկա) և լրացուցիչ կրթական առարկաներից (հայոց եկեղեցու պատմություն, տրամաբանություն, սոցիոլոգիա, պետություն և իրավունքի հիմունքներ, էկոլոգիա և կայուն զարգացման հիմունքներ, տնտեսագիտություն):

Լրացուցիչ կրթական առարկաներից օլիմպիադան կանցկացվի մեկ փուլով ԵՊՀ-ում ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ին:

 «Ինֆորմատիկա» առարկայից օլիմպիադան կանցկացվի մեկ փուլով՝ ապրիլի 6-ին՝ ժամը 11:00-ին:

Օլիմպիադան նախատեսված է միայն 12-րդ դասարանի աշակերտների համար: Յուրաքանչյուր աշակերտ օլիմպիադային կարող է մասնակցել միայն 1 առարկայից:

Օլիմպիադայի մասնակիցները ապրիլի 6-ին՝ ժամը 10:30-ին, պետք է ներկայանան Իջևանի՝ Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց (Իջևանյան փող․, շենք 8, Տավուշի մարզպետարանի հարևանությամբ):

Դպրոցների տնօրեններին խնդրում ենք, որ մինչև մարտի 15-ը հաստատեն իրենց աշակերտների մասնակցությունը ըստ առարկաների՝ նշելով աշակերտի անունը, հայրանունը, ազգանունը, դասարանը և այն ուղարկել հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք․ Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ (հեռ․՝ 096987654, 096557556):

Մասնակիցների հայտերը կարելի է ուղարկել նաև էլ․փոստով՝ vahan.aghababyan@ysu.am հասցեին:

I փուլի հաղթողները կմասնակցեն օլիմպիադայի II փուլին, որը տեղի կունենա ապրիլի 20-ին՝ ժամը 11:00 -ին, Երևանի պետական համալսարանում:

 

Ի գիտություն

ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ օլիմպիադայում հանրակրթական առարկաներից հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած աշակերտներին Համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ:

Օլիմպիադայում լրացուցիչ կրթական առարկաներից հաղթած աշակերտներին կտրվեն կրթաթոշակներ:

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Վահան Աղաբաբյանին (09698765–Vivacell, 096557556–Beeline):

Համալսարանականների այցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

1. գլխավոր

Օրերս ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան հրավերով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի դասախոսները և նույն կրթական ծրագրի ուսանողները՝ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի գլխավորությամբ, այցելեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

Հանդիպումն անցավ հյուրընկալ և ջերմ մթնոլորտում: ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Օլիվիե Դըկոտինյին ողջունեց հյուրերին, ներկայացրեց Հայաստանում ֆրանսերենի տարածման և զարգացման հեռանկարային ծրագրերը: Անմիջական հաղորդակցությունն ուսանողներին առավել ոգևորեց:

Խոսեցին հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության մասին՝ որպես վառ օրինակ հիշատակելով Միսաք Մանուշյանին, անդրադառնալով ս.թ. փետրվարի 21-ին Ֆրանսիայի Անմահների պանթեոնում տեղի ունեցած ֆրանսիական Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների ամփոփման արարողությանը:

Դեսպանատուն այցի ընթացքում քննարկվեցին նաև մասնագիտական վերապատրաստումների հնարավորություններին, ուսանողների ակտիվ ներգրավվածությանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Պարոն Օլիվիե Դըկոտինյին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին նվիրեց ժամանակակից ֆրանսիական գրական երկեր:

Հանդիպումն ավարտվեց ջերմ տպավորություններով, կրթական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ծրագրերի խորացման և ընդլայնման պատրաստակամությամբ և ակնկալիքով: