2015թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ներկայացվեցին ԵԱՀԿ աջակցությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքներն ու առաջարկությունները:
Ուսումնասիրության նպատակն էր բացահայտել ուսանողների տեղեկացվածության աստիճանը ու վերաբերմունքը Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումների վերաբերյալ:
Հետազոտությունը իրականացվել է 1723 ուսանողների շրջանում՝ Երևանի և մարզերի 37 պետական (այդ թվում` ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի), մասնավոր և միջկառավարական բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնակցությամբ:
Անհատական հարցազրույցները իրականացվել էին 2014թ. հոկտեմբերից 2015թ. ապրիլի ժամանակահատվածում:
Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է, որ Բոլոնյայի բարեփոխումները Հայաստանում իրականացվում են բավարար մակարդակի վրա:
Ուսանողների 57% կարծում է, որ կրթական համակարգում իրականացվել են խորը և էական փոփոխություններ: Սակայն, ուսանողների մեծ մասը չի կարող հստակ բացատրել, թե ինչ են իրենցից ներկայացնում Բոլոնիայի բարեփոխումները և կապում են դրանք նոր գնահատման համակարգի, բարձրագույն կրթության որակի ապահովման կամ ուսանողակենտրոն ուսուցման հետ:
«Կրթության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է և սերտ կապված է երկրում անվտանգության հետ»,- նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների ծրագրերի պատասխանատու Ռադկա Ռուբիլինան: «Կրթական համակարգի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է լինի մատչելի և հասկանալի: Նման կրթական համակարգն է առաջադեմ հասարակության և կայուն տնտեսության երաշխիքը»:
Զեկույցը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացրել էր Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան, որը համահավաք մարմին է և ներկայացնում է ուսանողների շահերը 17 տեղական միությունների միջոցով:
Ուսումնասիրությունը տրամադրում է վիճակագրական տվյալներ պետությունում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ ուսանողների ընկալումների մասին և առաջարկում փոփոխություններ ներկա իրավիճակը բարելավելու համար:
Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի նախագահ Արմեն Ալեքսանյանը հավելեց. «Մեր օրերում գիտելիքն ու կրթությունը ամենակարևոր ռեսուրսներն են, որոնց միջոցով էլ հենց կերտվում է վաղվա ապագան, ինչքան որակյալ լինի այդ ռեսուրսը, այդքան ավելի շատ են երաշխիքները, որ վաղը կունենանք ամուր հիմքերով պետություն: Ուսանողությունը՝ որպես հասարակության ամենակտիվ խավ, պետք է մասնակցի իր կրթության որակի գնահատմանը և ներկայացնի իր տեսակետը գալիք սերունդների համար առավել որակյալ կրթություն ապահովելու համար»:
Մարզերի ուսանողները ավելի գոհ են բարեփոխումների արդյունավետությունից՝ ի տարբերություն մայրաքաղաքի ուսանողությանը, ինչը կարող է պայմանավորված լինել որակյալ կրթություն ստանալու պահանջների տարբերությամբ:
Հետաքրքրական է, որ Բոլոնիայի համակարգի ազդեցության վերաբերյալ դրական ընկալումը նվազում է ուսման տարիներին զուգահեռ:
Ուսանողների թիվը, ում կարծիքով Բոլոնիայի համակարգը մակերեսային է, առանց էական փոփոխությունների, ավելի մեծ է բարձր կուրսի ուսանողների շրջանում՝ թե՛ բակալավրի, և թե՛ մագիստրոսի կրթական ծրագրերում` ի տարբերություն ցածր կուրսերի ուսանողների:
Զեկույցի հայերեն տարբերակը կարող եք գտնել այստեղ:
Աղբյուրը` www.osce.org