Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Պարգևատրվեցին “Լավագույն ուսանող” հանրապետական մրցույթում հաղթած մեր ուսանողները

2013 թ. փետրվարի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության ընդլայնված նիստ, որին ներկա էին մասնաճյուղի ավելի քան 50 աշխատակիցներ և ուսանողներ:

Նիստի հրավիրման շարժառիթը նախօրեին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցած «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունն էր:

Այն կազմակերպել էր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ: Մրցույթն իրականացվել էր 2 փուլով՝ ներբուհական և միջբուհական, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով, 4 անվանակարգերով` «Ուսանողական ինքնակառավարում», «Մշակույթ» (արվեստ, գրականություն), «Սպորտ», «Գիտահետազոտական աշխատանք» (բնագիտական, հումանիտար, տեխնիկական ենթոլորտներով):

Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ վարչապետը, ԿԳ նախարարը, ՀԵՀ համակարգողը, տարբեր բուհերի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:

12 ուսանող գրավեցին 1-ին, 11-ը՝ 2-րդ, 10-ը՝ 3-րդ տեղ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող, ՈՒԳԸ-ի նախագահ Սլավիկ Ալավերդյանը և «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող, ՈՒԽ-ի նախագահ Նաիրի Ճաղարյանը «Գիտահետազոտական աշխատանք» անվանակարգում գրավեցին 1-ին և 2-րդ տեղերը:

ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Առաքելյանը նշեց, որ սա առանձնահատուկ ձեռքբերում է մասնաճյուղի համար: Նա շնորհավորեց մրցանակակիրներին և մասնաճյուղի տնօրենության անունից նրանց հանձնեց դրամական պարգևներ (50.000-ական ՀՀ դրամ):

Այնուհետև ՈՒԽ-ի և ՈՒԳԸ-ի նախագահները ներկայացրին իրենց կառույցների կազմում տեղի ունեցած փոփոխությունները: Փոխվել են բոլոր ֆակուլտետների ՈՒԽ-ի նախագահները: Հումանիտար գիտությունների ֆակուլտետում Հերմինե Օթարյանին փոխարինել է Էրիկ Ավետիսյանը, Տնտեսագիտության ֆակուլտետում` Իսրայել Մովսեսյանին` Լուիզա Ալեքսանյանը, Բնական գիտությունների ֆակուլտետում`  Պարույր Ամիրխանյանին` Արթուր Մարդանյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետում` Վարդան Եգանյանին` Հերիքնազ Ոսկանյանը:

Փոխվել են նաև Հումանիտար գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների ՈՒԳԸ-ի նախագահները: Հումանիտար գիտությունների ֆակուլտետում Միկիչ Փարսադանյանին փոխարինել է Մերի Սահակյանը, Տնտեսագիտության ֆակուլտետում` Սասուն Սահակյանին` Հասմիկ Ալիխանյանը:

Ներկաները շնորհավորեցին ֆակուլտետների նորընտիր ՈՒԽ-ի և ՈՒԳԸ-ի նախագահներին և մաղթեցին բեղուն գործունեություն: