Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Փողոցների անվանումների հետխորհրդային փորձառությունը՝ Իջևանի օրինակով» թեմայով բանախոսություն

1․ գլխավոր

2024 թ. հուլիսի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Փողոցների անվանումների հետխորհրդային փորձառությունը՝ Իջևանի օրինակով» թեմայով բանախոսություն, որը վարեց Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս, «Զարթոնք Իջևանի» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը:

Բանախոսությանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ վարչական անձնակազմի անդամներ, դասախոսներ և ուսանողներ:

Նշենք, որ դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի «Մենք ենք, մեր սարերը» ծրագրի շրջանակներում:

Անդրադառնալով քաղաքային անվանումներին և մասնավորապես փողոցների անվանադրության ու անվանափոխության խնդրին՝ բանախոսը նշեց. «Քաղաքային անվանումները կարողանում են փոխադրել պատմամշակութային տեղեկույթը, ցույց տալ քաղաքի պատմական փորձառությունը, տեղային կամ տարածաշրջանային առանձնահատկությունները: Ինչպես քաղաքային տարածությունը, այնպես էլ քաղաքային անվանումները կրում են ժամանակի սոցիոմշակութային գործընթացների ազդեցությունը՝ կամուրջ հանդիսանալով անցյալի և ներկայի միջև: Քաղաքային անվանումները ներկա են քաղաքային տարածության հարաբերման յուրաքանչյուր ձևի և բովանդակության մեջ, քաղաքային կյանքի առօրեական սյուժեի, ազգային և քաղաքային միֆերի ու բանահյուսության  մաս են կազմում: Քաղաքային անվանումներն ազդեցություն են ունենում տարածքի տարբերակված ընկալումների վրա և կատարում են նաև նշանային դերակատարում՝ ծավալելով տարածական համաչափության և ներդաշնակության դիսկուրսը»:

Վ. Պողոսյանը նաև նշեց, որ Իջևանի քաղաքային անվանումների հիմնական մասը ձևավորվեց 50-60-ական թվականներին, երբ մանրամասն հատակագծման արդյունքում որոշարկվեցին հիմնական փողոցները, հրապարակներն ու պուրակները, ընդլայնվեց հանրակրթական ցանցը: Տվյալ շրջանում քաղաքում հաշվվում էին մոտ 35 անվանական փողոցներ, որոնց մեկ երրորդը նվիրված էր խորհրդային և տեղական կուսակցական-հեղափոխական գործիչներին: Անկախության առաջին ամիսների կարևորագույն՝ անվտանգային, տնտեսական, մշակութային, շրջանային թերթի էջերին հայտնվում են առաջին հայտարարությունները, որոնցում քննարկման է դրվում Իջևանի «Հովսեփյան, Օչամչիրյան, Ղարագյոզյան, Թավրիզյան, Ենոքի փողոցների և Երևանյան փողոցի առաջին նրբանցքի վերանվանակոչության հարցը»: Իջևանում փողոցների անվանափոխության խնդիրը դրվեց 1992 թվականին, երբ քաղխորհրդի գործադիր կոմիտեի որոշման համաձայն՝ Օչամչիրյան փողոցը վերանվանվեց Երիտասարդական փողոց, Երևանյան փողոցի չորրորդ նրբանցքը՝ Անտառային փողոց, Օ․ Զալաքյանի անվան փողոցը՝ Սարալանջի փողոց, Հովսեփյան փողոցը և հրապարակը՝ Ազատամարտիկների փողոց և Ազատամարտիկների հրապարակ, Մ․ Չոլախյան փողոցը՝ Նալբանդյան փողոց:

Բանախոսության երկրորդ հատվածում ներկայացվեցին Իջևանի կենտրոնի և արտադրական թաղամասի դետալացված և եռաչափ մոդելավորված պատկերները, որոնք ներկայացնում էին քաղաքի կենտրոնի և հրապարակների ձևավորման փորձառությունը, ճարտարապետական խնդիրները և լուծումները:

Բանախոսությունն ավարտվեց հարց ու պատասխանի ձևաչափով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա․ Մակարյանն անդրադարձավ «Զարթոնք Իջևանի» դրամաշնորհային ծրագրին և նշեց, որ նմանօրինակ ծրագրերի միջոցով հնարավոր է դառնում հետազոտել քաղաքային միջավայրն ու նրա հիմնախնդիրները, բարձրացնել հասարակության տեղեկացվածության մակարդակը: Վերջում տնօրենը շնորհակալություն հայտնեց ծրագիրն իրականացնող թիմին՝ կարևորելով նման ծրագրերի իրականացումն ու դրանցում ներգրավվածությունը: