2013թ. ապրիլի 12-ին ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Մարիետա Ճաղարյանը կարդաց գիտական զեկուցում` B-ծառերի մի ծրագրային իրականացման թեմայով:
Ներկա էին Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ. գիտ. թեկն., դոցենտ Արտակ Ցուցուլյանը, ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. թեկն., դոցենտ Մանվել Զաքարյանը, դասախոսներ, ուսանողներ:
Զեկուցման թեման արդիական է և հետաքրքիր: Ծառի աճը ղեկավարող հայտանիշի առկայությունը դինամիկ կառույցներում տարրի արագ փնտրում իրականացնելու կարևորագույն խնդիրներից մեկն է:
Զեկուցման մեջ սահմանվեց տվյալների պահպանման n-րդ կարգի B-ծառ, ներկայացվեց նրա կառուցվածքը, հատկությունները, առավելությունները այլ ծառային կառույցների նկատմամբ, նոր տարրի ավելացման և փնտրման գործողությունների իրականացման սխեմաները և տրվեցին այդ գործողությունների ժամանակային գնահատականները:
Ներկայացվեց n-րդ կարգի B-ծառերի մի ծրագրային իրականացման ալգորիթմը, որը կատարում է տվյալների հաջորդականության ներմուծում, ծառի կառուցում և արդյունքների (աճման կարգով դասավորված հաջորդականության) արտածում: