Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները երիտասարդ գրականագետների հանրապետական գիտաժողովում

2013թ. մայիսի 23-25-ը Տավուշի մարզի  Զիկատար բնապահպանական-ուսումնական կենտրոնում անցկացվեց երիտասարդ գրականագետների հանրապետական գիտաժողով, որը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Հայաստանի գրողների միության համատեղ ջանքերով:

Գիտաժողովին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսներից ՀԳՄ անդամ, բան. գիտ. թեկն. Ա.Հասանյանը, Վ.Աղաբաբյանը և Հ.Վանյանը:

Ներկա էին Հայաստանի գրողների միության նախագահ Լ.Անանյանը, Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա.Իսահակյանը, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Զ.Ավետիսյանը, Վ.Դևրիկյանը, Վ.Ղազարյանը, Հր. Սարիբեկյանը, Տավուշի մարզպետ Ա.Ղուլարյանը, փոխմարզպետ Լ.Սարգսյանը, Կողբի գյուղապետ Ա.Աբովյանը, գրող Ս.Բեգլարյանը, գրող և նկարիչ Զ.Պետրոսյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ և այլք:

Գիտաժողովը բացեցին Լ.Անանյանը, Ա.Իսահակյանը և Ա.Ղուլարյանը` ողջունելով նման լուրջ գիտական միջոցառման անցկացումը սահմանային մարզում` Տավուշ աշխարհի չքնաղ բնության գրկում:

Հետաքրքիր ու բազմաբնույթ զեկուցումներով գիտաժողովի առաջին օրը հանդես եկան`

  1. Անի Եղիազարյանը («Թումանյանը Խաքանիի քառյակների թարգմանիչ»),
  2. Հասմիկ Վանյանը («Ավետիք Իսահակյանի լեգենդների ու զրույցների խոհափիլիսոփայությունը»),
  3. Անի Առաքելյանը («Երկու վեպ, երկու հայացք /Չարենց և Շահնուր/»),
  4. Նարեկ Սուքիասյանը («Եղիշե Չարենց-Գարսիա Լորկա գրական առնչություններ»),
  5. Լիլիթ Թունյանը («Գեղարվեստական ժամանակի ու տարածության դրսևորման ձևերը Համաստեղի արձակում»):

Երկրորդ օրվա I նիստին զեկուցումներ կարդացին`

  1. Տաթև Հարությունյանը («Նագիհ Մահֆուզի «Հայելիներ» վեպի առանձնահատկությունները»),
  2. Կարինե Հարությունյանը («Մտքի երկրորդ կողմը Հ.Էդոյանի «Քայլեր և ստվերներ» ժողովածուում»),
  3. Անի Գալստյանը («Ճշգրիտ երևակայություն. Էդգար Պոյի «Տրամաբանական» նովելը»),
  4. Լաուրա Գևորգյանը («Հայրենիքի ընկալման նորօրյա երանգները իրանահայ ժամանակակից պոեզիայում»):

II նիստին զեկուցումներ կարդացին`

  1. Ալիսա Հասանյանը(«Սամվել Բեգլարյան. ստեղծագործական ակնարկ»),
  2. Ուլյանա Կոստանյանը («Գյուղաշխարհի անդառնալի փլուզման դրաման Մաթևոսյանի արձակում»),
  3. Լուսինե Ասլանյանը («Հոգևոր և մարմնական սիրո արտացոլումը «Բանաստեղծը և կինը» վիպակում»),
  4. Հովհաննես Բեյլերյանը («Պահքի շրջանի առակների մեկնությունը»),
  5. Մարինե Մկրտչյանը («Զորի Բալայանի «Օջախ»-ի գաղափարական հիմքը և աղերսները արցախյան շարժմանը»),
  6. Վահան Աղաբաբյանը («Ս.Խանզադյանի «Կորած արահետներ» պատմվածաշարը»):Յուրաքանչյուր զեկուցումից հետո ծավալվեց ակտիվ բանավեճ-քննարկում:

Ներկայացված բովանդակալից զեկուցումների կապակցությամբ իրենց տպավորություններն արտահայտեցին ուսուցիչներն ու դպրոցների տնօրենները, մասնավորապես` Բերդավանի դպրոցի տնօրեն Արևիկ Ասատրյանը:

Երիտասարդ գրականագետների հանրապետական գիտաժողովի մասնակիցների զեկուցումները Հայաստանի գրողների միության նախագահ Լ.Անանյանի կողմից երաշխավորվեցին առանձին գրքով տպագրության: