Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայագետների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2013թ. հոկտեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպված «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» խորագրով եռօրյա միջազգային 2-րդ համաժողովին մասնակցած մի խումբ անվանի հայագետներ` Բուրաստան Զուլումյանը (Մոսկվա), Աշոտ Ավետիսյանը (Մոսկվա), Դոնի Ռոստովի հայկական համայնքի ղեկավար Սերգեյ Սայադովը, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը և ուրիշներ:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, մասնաճյուղի վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ:

Հայագետները հյուրընկալվեցին մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի կոմպոզիցիոն աշխատանքների պատկերասրահում, ուր նրանք ծանոթացան ֆակուլտետի շրջանավարտների բազմաժանր (գոբելեն, գեղանկար, վիտրաժային նկարչություն, փայտի գեղարվեստական մշակում, բոլորաքանդակ, բատիկա և այլն) ստեղծագործություններին:

Հյուրերն անչափ տպավորված էին շրջանավարտների կոմպոզիցիոն աշխատանքներով և իրենց ստացած ջերմ տպավորությունները գրառեցին պատկերասրահի տպավորությունների գրքում: