Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ստեղծագործում են մեր ուսանողները

Ս.թ. դեկտեմբերի 19-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ երկու գրքերի շնորհանդես: Ներկա էին ՀԳՄ նախագահ Լ.Անանյանը, ԵՊՀ ռեկտոր Ա.Սիմոնյանը, պրոռեկտոր Ռ.Մարկոսյանը, Մշակույթի կենտրոնի ղեկավար Կ.Դավթյանը, Գրական ստուդիայի ղեկավար Ս.Մխիթարյանը, դասախոսներ, ուսանողներ:

2011 թ. Երևանի պետական համալսարանը և Արցախի պետական համալսարանը կազմակերպել էին ստեղծագործությունների մրցույթ՝ նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին:

Առաջին գրքում, որը կրում է «Քայլեր և արձագանք» վերնագիրը, ամփոփված են այդ մրցույթի լավագույն ստեղծագործությունները:

Երկրորդ գիրքը, որը «Գրական համալսարան» շարքի հերթական գիրքն է, կոչվում է «Ստեղծագործում են ուսանողները» և նվիրված է հայ գրատպության 500-ամյակին: Այստեղ ընդգրկված են տարբեր տարիներին ստեղծագործած ուսանողների, այդ թվում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 4 ուսանողների՝ Սլավիկ Ալավերդյան, Լիլիթ Քալանթարյան (ԿՄ/Ֆ 4-րդ կուրս), Գոհար Ամիրխանյան, Լիանա Ափինյան (Սերվիս 3-րդ կուրս) աշխատանքները:

ԵՊՀ մշակույթի կենտրոնը կազմակերպել էր տոնական միջոցառում, որի ընթացքում հնչեցին գրքերում տեղ գտած ստեղծագործությունների արտասանություններ, երգեր, բեմադրվեցին փոքրիկ ներկայացումներ: