Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը Գիտելիքի օրվա կապակցությամբ

 ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը Գիտելիքի օրվա կապակցությամբ
Սիրելի ուսանողներ, դպրոցականներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, 
Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի մեկը հիշարժան է և անմոռանալի: Հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում  այսօր տրվում է նոր ուսումնական տարվա մեկնարկն ու հազարավոր դպրոցականներ և ուսանողներ հուզմունքով ու սրտի թրթիռով մտնում են հարազատ կրթօջախ: Առանձնակի խանդավառությամբ դպրոց են մտնում մեր առաջին դասարանցիները:  Նրանք  գիտելիք ստանալու իրենց առաջին քայլերն են անելու, ճանաչելու են զարմանահրաշ մի նոր աշխարհ: Դպրոցում ստանալու են բազմաթիվ գիտելիքներ, տարիների ընթացքում խորացնելու են դրանք, որն էլ ապագայում դառնալու է հասուն կյանք մտնելու իրենց այցեքարտն ու ուղենիշը:
 
Ժամանակակից աշխարհը նոր պահանջներ է ներկայացնում մասնագիտական կրթությանը: Այժմ բավարար չէ լինել պարզապես մասնագետ. կրթական  ոլորտում իրականացվող բոլոր գործընթացները միտված են մրցունակ և որակյալ մասնագետների պատրաստմանը:
 
Որակյալ կրթությունը, բարձրակարգ մասնագետ լինելը ժամանակի հրամայականն է: Ակնկալում ենք, որ նոր ուսումնական տարին մեր ուսանողների համար կլինի, մասնագիտական հմտությունների խորացման, կրթության և գիտելիքի արժևորման տարի:
 
Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է կրթության ոլորտի բոլոր պատասխանատուների համար: Մանկավարժների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար սկսվում է աշխատանքային պատասխանատու   շրջան, որի ընթացքում նրանց ջանքերն ուղղվելու են մեկ գերագույն նպատակի՝ կրթել գիտելիքներով հարուստ, մրցունակ, առողջ և արժանապատիվ սերունդ:
Վստահ եմ այս ամենի համար ունենք և՛ բավարար ներուժ, և՛ անկոտրում կամք:
 
Շնորհավորելով բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:        
 
 Լավագույն ցանկություններով՝   ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ