Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Համալսարանականների այցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

1. գլխավոր

Օրերս ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան հրավերով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի դասախոսները և նույն կրթական ծրագրի ուսանողները՝ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի գլխավորությամբ, այցելեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

Հանդիպումն անցավ հյուրընկալ և ջերմ մթնոլորտում: ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Օլիվիե Դըկոտինյին ողջունեց հյուրերին, ներկայացրեց Հայաստանում ֆրանսերենի տարածման և զարգացման հեռանկարային ծրագրերը: Անմիջական հաղորդակցությունն ուսանողներին առավել ոգևորեց:

Խոսեցին հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության մասին՝ որպես վառ օրինակ հիշատակելով Միսաք Մանուշյանին, անդրադառնալով ս.թ. փետրվարի 21-ին Ֆրանսիայի Անմահների պանթեոնում տեղի ունեցած ֆրանսիական Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների ամփոփման արարողությանը:

Դեսպանատուն այցի ընթացքում քննարկվեցին նաև մասնագիտական վերապատրաստումների հնարավորություններին, ուսանողների ակտիվ ներգրավվածությանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Պարոն Օլիվիե Դըկոտինյին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին նվիրեց ժամանակակից ֆրանսիական գրական երկեր:

Հանդիպումն ավարտվեց ջերմ տպավորություններով, կրթական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ծրագրերի խորացման և ընդլայնման պատրաստակամությամբ և ակնկալիքով: