2023-2024 ուստարվա II կիսամյակում իրականացվել են մի շարք ճանաչողական այցեր ԵՊՀ ԻՄ «Զբոսաշրջություն» մասնագիտության առկա և հեռակա ուսուցման ուսանողների ուսումնական պրակտիկաների շրջանակներում: Տվյալ մասնագիտության առկա ուսուցման 2-րդ կուրսում անցկացվել է «Ուսումնական պրակտիկա-2»-ը (ղեկավար՝ մ.գ.թ., ասիստենտ Հ. Ազիզյան), հեռակա ուսուցման 2-րդ կուրսում՝ «Ուսումնական պրակտիկա-1»-ը (ղեկավար՝ ասիստենտ Ա. Ուլիխանյան), հեռակա ուսուցման 3-րդ կուրսում՝ «Ուսումնական պրակտիկա-2»-ը (ղեկավար՝ դասախոս Ս. Սաֆարյան):
Գործունեությունը, ինչպես նշել է Արիստոտելը, տեսության և պրակտիկայի կենդանի միասնությունն է, հետևաբար չկա տեսություն՝ առանց պրակտիկայի, և չկա պրակտիկա՝ առանց տեսության: Նույնը կարելիէ ասել և ուսումնական գործընթացի մասին. տեսական գիտելիքներից բացի՝ ուսանողներին անհրաժեշտ են գործնական կարողություններ և հմտություններ, որոնք կարելի է ձեռք բերել պրակտիկաների միջոցով:
Պրակտիկաները մասնագիտության կրթական ծրագրով սահմանված վերջնարդյունքներով տվյալ ոլորտի մասնագետներ պատրաստելու համար անհրաժեշտ գործընթաց են: Ուսումնական պրակտիկաներն ուսանողներին հնարավորություն են տալիս ամրապնդելու, լրացնելու և խորացնելու ուսումնառության ընթացքում ձեռք բերված տեսական գիտելիքները և դրանք կիրառելու գործնականում, բարձրացնելու ուսանողների գիտակրթական բավարարվածության և մասնագիտական իրազեկվածության մակարդակը, ստեղծելու ուսումնական և աշխատանքային մոտիվացնող միջավայր:
Ելնելով «Զբոսաշրջություն» մասնագիտության առկա և հեռակա ուսուցման ուսումնական պրակտիկաների ծրագրերից՝ 2023-24 ուստարվա 2-րդ կիսամյակում կազմակերպվել է երթուղիների իրականացում հետևյալ ուղղություններով՝
- Քաղաքային տուր Իջևանում,
- Իջևան–Թուֆենկյան Հին Դիլիջան համալիր–Բեսթ Վեսթեռն հյուրանոցային համալիր–Դիլիջանի զբոսայգի («Verev rope park»)–Ալպյան ամրոց հյուրանոցառեստորանային համալիր–Հաղարծին–Իջևան,
- Իջևան–Պարզ լիճ–Գոշ գյուղ–Իջևան,
- Իջևան–Քոբայրի վանք–Օձուն վանական համալիր–«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց–Իջևան,
- Իջևան–Վարդենյանց լեռնանցք–Օրբելյանների իջևանատուն–Նորավանք վանական համալիր–Մագելանի քարանձավ–Հայրավանք–Իջևան:
Երթուղիների իրականացման նպատակն էր ուսանողներին հաղորդակից դարձնել զբոսաշրջության երեք հիմնական ուղղությունների բաղադրիչներին՝
- զբոսաշրջային ձեռնարկություններ (թանգարան-հյուրանոցներ),
- պատմական հուշարձաններ-եկեղեցիներ,
- բնական հուշարձաններ-ազգային պարկեր:
Ուսումնական պրակտիկաների ընթացքում իրականացված այցերի շրջանակներում ուսանողները գնահատեցին ՀՀ սոցիալ-մշակութային ծառայությունների և զբոսաշրջության զարգացման գործում ազգագրական, կրոնական արժեքների, ազգային արվեստի և ճարտարապետության դերն ու նշանակությունը, ինչպես նաև համեմատեցին այլ տարածաշրջանների և Տավուշի մարզի զբոսաշրջային ենթակառուցվածքները և սոցիալ-մշակութային ծառայությունների օբյեկտները: